Լրահոս

30.04.2013 14:59


Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է

Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է

Հարցազրույց՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Հայաստան այցելած Եվրոպայի  Հայկական Միությունների Ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի հետ

 -Պարոն Գրիգորյան, Ձեր հերթական նախաձեռնության շնորհիվ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով այս տարի նույնպես կազմակերպեցիք Սլովակիայից պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան և նրանց հետ Դուք էլ հանդիպումներ ունեցաք և Հայաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ, առանձին հանդիպումներ եղան մտավորականության հետ... մի խոսքով,  ինչպիսին է Ձեր տպավորությունը այս այցելությունից և ընդհանրապես Հայաստանի ներկա վիճակից:
 -Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա Հայաստանի այսօրվա վիճակն ակնհայտորեն շատ ավելի վատ է քան նույնիսկ մեկ տարի առաջ էր: Բոլորի մոտ, և ժողովուրդի և նույնիսկ իշխանությունների հսկայական մասի մոտ զգացվում է ապատիա և բացառիկ անվստահություն վաղվա օրվա նկատմամբ: Համատարած փախուստային տրամադրություններ են. իրենց ապագան մարդիկ տեսնում են այլ երկրներ տեղափոխվելու միջոցով: Ընդ որում այս տրամադրությունները պատել է բոլոր խավերին, նույնիսկ ամենահարուստները տներ են գնում և անձնագրեր ձեռք բերում օտար երկրներում:
 -Իսկ  ի ՞նչ  եք  կարծում,  ինչ  է  սպասվում  երկրին   համանման  իրավիճի  շարունկման պարագայում...
 -Ես այնպիսի տպավորություն ունեի, որ համբերության բաժակը լիուլի լցվել է, բայց ոչ թե ջրով այլ վառոդով: Իրականության պայթյունավտանգությունը գնալով մեծանում է, քանի որ իշխանություններն այդ վառոդի տակառի պաշարը փորձում են ավելացնել, այսինքն լարվածությունն առավել մեծացնում են: Այսպես կոչված նախագահական ընտրություններից հետո լարվածությունը գագաթին հասավ ապրիլի 9-ին, որի արդյունքում տարբեր հնարամտությունների միջոցով հնարավոր եղավ խուսափել պայթյունից, սակայն արդյունքում լարվածությունն առավել է մեծացել: Իմ կարծիքով պայթյունից խուսափում ենք ընդամենը մեր ժողովրդի իմաստության շնորհիվ և համբերության հաշվին: Ինակտի ունեմ այն ,որ մարդիկ գիտակցում են թշնամիներով շրջապատված լինելու փաստն ու հանուն դրա դիմանում և սպասում` հոսալով, որ իշխանությունները կլինեն գիտակից ու կանեն որոշակի քայլեր:
 -Իսկ ինչ քայլեր ենք սպասում, որ իշխանությունը չի կատարում:
 -Առաջին հերթին կառավարության կաշառակեր նախարարների ոչ միայն աշխատանքից ազատում, այլև խստագույն պատժում: Թույլ նախարարներին անհրաժեշտ էր մեկ օր առաջ ուղարկել հանգստի:
 -Պարոն Գրիգորյան, բայց չէ որ կառավարության կազմը դեռ հայտնի չի:
 -Այո, բայց եթե խաբեբայությունների և կաշառակերության գլխին ղեկավար նշանակված վարչապետը, որը մեղադրվում է բազմաթիվ կոռուպցիաների կազմակերպման հարցում և շարունակում է ղեկավարել այս կոռումպացված կառավարությունը և կամ վերանշանակվում է բոլոր ժամանակների ամենաթույլ արտգործնախարարը, ոչ մի հույս չկա, որ ապագա կառավարության մեջ ականատես կլինենք կորդինալ փոփոխությունների:
 -Իսկ  ինչ  խնդիրներում  եք տեսնում վարչապետի կամ արտգործնախարարի թերանալը:
 -Վարչապետի բազմաթիվ կոռուպցիայի փաստերից նշենք ամենահայտնին. Նաիրիտի վերականգման համար վերցված վարկերը վարչապետի «հսկողության» ներքո անհայտացել են, գործարանը ոչ միայն չի վերաթողարկվել, այլև աշխատողների հսկայական մաս ազատվել է աշխատանքից, իսկ մնացյալն աշխատավարձ չեն ստանում: Մամուլում բազմիցս նշվել են Նաիրիտի վարկերն իրենց սեփական գրպանը լցրած ղեկավարների, այդ թվում վարչապետի, նրա եղբոր և այլոց անունները: Արդյունքում ստացվեց «ձայն բարբառո հանապատի»: Կամ վարչապետին պետք էր անմիջախպես պատասխանատվության ենթարկել այն նույն խստությամբ, ինչպես վերաբերվում են Վարդան Օսկանյանի հետ, /որը բացառիկ ազնիվ անձնավորություն է և ղեկավարում է անբիծ ու մաքուր աշխատող Սիվիլիթաս հիմնադրամը/, կամ պետք է պատժել` դատի տալով, այն տեղեկատվական աղբյուրենրի հեղինակներին, որոնք «ցեխ են շպրտում» վարչապետի վրա: Համայն հայ հասարակությունը Հայաստանում և արտերկրում շունչը պահած սպասում է այս խնդրի հանգուցալուծմանը և վարչապետի բացառիկ լռությունը ստիպում է մեզ բոլորիս մտածելու, որ իր կատարած հանցագործության չափերին ինքը քաջ ծանոթ է:
Ինչ վերաբերվում է նախարար էդուարդ Նալբանդյանի աշխատանքներին, արդեն ձանձրացել եմ այն փնովելուց և միայն մի հարց եմ ուզում բարձրաձայնել: Սլովակիայի իշխանությունները կատարել են աննախադեպ քայլ և Հայոց ցեղասպանության բանաձևին տվել են օրենքի ուժ, այն իրականացնելով հստակ շախմատային քայլերի շնորհիվ: Ադրբեջանը «արջի ծառայություն» մատուցելով Թուրքիային բարձրաձայնում է կատարվածի մասին և կաշառելով Բաքվում Սլովակիայի դեսպանին նրանից կորզում է հիմար պատասխաններ: Այդ պատասխանների համար մենք Սլովակիայում քրեական գործ ենք հարուցել ծախու դեսպանի նկատմամբ: Թուրքիան, բացառիկ խոհեմությամբ լռության է մատնել  Սլովակիայում գործող Քրեական Օրենսգրքի 424ա բանաձևը, ըստ որի 5 տարի ազատազրկում է սահմանված ցեղասպանությունը /տվյալ դեպքում միակ ընդունված ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը/ ժխտող ցանկացած անձի նկատմամբ: Այո, Թուրքիան այս հարցի շուրջ խոհեմություն է ցուցաբերում` խորը լռության մատնելով այն: Ուզում եմ հասկանալ, ինչ սկզբունքներով է ուղղորդվում ՀՀ ԱԳՆ-ը` կատարելով իր նախարարի հրամանը, հանցագործ լռության մատնելով Սլովակիայում գործող օրենքը, այն էլ այն դեպքում, երբ Ֆրանսիայում համանման օրենքի տապալումը սարսափելի աղմուկ բարձրացրեց: Ինչ դատողության սահմաններում այսպիսի հանցագործություն կատարող ԱԳ նախարարը շարունակում է մնալ իր պաշտոնին: Գուցե ի արդարացումն իր կատարած քայլի Էդուարդ Նալբանդյանը նույնպես հերքի Սլովակիայում գործող ՔՕ-ի 424ա բանաձևը և միանալով ադրբեջանցիների բղավոցներին ինքն էլ փորձի հաստատել, որ այդ բանձևը վերաբերվում է բոլոր ցեղասպանություններին, բայց ոչ Հայոց ցեղասպանությանը: Այդ դեպքում ադրբեջանցիների կողմից կատարված բացառիկ հիմար քայլը կդադարի եզակի լինել: Դե, հարգելի պարոն նախարար էդուարդ Նալբանդյան, կամ փորձեք հերքել վերն ասվածը կամ շարունակեք լռություն պահպանել` սատարելով թուրքական տակտիկան:
 -Ի՞նչ եք սպասում մոտակա ամիսների ընթացքում, ինչ կկատարվի Հայաստանում:
 -Հստակ և համոզված կարող եմ ասել. կամ տեղի կունենա հզոր քաղաքական պայթյուն և վիճակը կդառնա անկառավարելի ու անկանխատեսելի և կամ ժողովուրդը կգտնի երկրից հեռանալու օրինական և անօրինական ճանապարհներ` Հայաստանի բնակչությունը նվազեցնելով մինչև մեկ միլիոնի նիշը:
 -
Իսկ դրական լուծման ուղիներ գոյություն չունեն:
 -Իհարկե կան, իշխանությունների կողմից խոհեմության դրսևորում և ՀՀԿ-ի քաղաքական դաշտից հեռացում կամ մոնոպոլիայից հրաժարում, վարչապետի  հրատապ փոփոխություն և բոլոր հայտնի կաշառակերների դատապարտում, նոր Հայաստան կառուցելու ապագայով ժողովրդի վստահության վերականգնում: Իմ խորին համոզմամբ այլ ճանապարհ գոյություն չունի: Ես սա վստահորեն հայտարարում եմ` ելնելով եվրոպական երկրների ժողովրդավարացման փորձի արդյունքների վերլուծությունից:
Հարցազրույցը  վարեց Մանե  Անդրեասյանը

Այս խորագրի վերջին նյութերը