Մեկնաբանություն

30.04.2013 12:10


Ինչ չհաջողվեց իշխանությանը և ինչ հաջողվեց ոչիշխանական ուժերին

Ինչ չհաջողվեց իշխանությանը և ինչ հաջողվեց ոչիշխանական ուժերին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական փուլը մոտենում է ավարտին։ Արդեն կարելի է որոշ բաներ ամփոփել։

Թեև մինչև ապրլի 9–ը իշխանություններին հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով շոուներ կազմակերպել և հանրային ուշադրությունը գալիք ընտրություններից շեղել, այդուհանդերձ մնացած երեք շաբաթն էլ բավարար եղավ հանրային տրամադրությունները փոխելու և իշխանության ծրագրերը խափանելու համար։

Անգամ ՀՀԿ–ում են ընդունում, որ չստացվեց այն, ինչ մտածել էին։

Ի՞նչ էր ուզում իշխանությունը

Իշխանություններն ամեն ինչ անում էին, որ

–Երևանի ընտրություններն ապաքաղաքականացվեն,

–Երևանի քաղաքապետի ֆունկցիան հասարակության մեջ ընկալվի որպես աղբ հավաքող, ասֆալտ փռող և խաղահրապարակ կառուցող, այսինքն՝ զուտ տեխնիկական կատարող,

–Տարոն Մարգարյանին տարանջատեն ՀՀԿ–ից ու նույնիսկ Սերժ Սարգսյանից՝ քաղաքապետին ներկայացնելով որպես բյուրեղյա մաքրության տեր բարի տղա,

–ընտրողները չկարևորեն մայիսի 5–ի ընտրությունները և մնան տանը, կամ էլ սպասեն ընտրակաշառքի,

–Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը դոմինանտային ընկալվի ընդդիմադիր դաշտում և օգտագործվի ոչիշխանական ուժերի դեմ։

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ վստահաբար կարելի է պնդել, որ այս բոլոր կետերում իշխանությունը տապալվեց և չհասավ իր նպատակին։ Եվ դա՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և ՀԱԿ–ի տեղերում իրականացվող ինտենսիվ աշխատանքի, բնակչության հետ հանդիպումների ու քարոզչության շնորհիվ։

Ի՞նչ կարողացան անել ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը

Ոչիշխանական ուժերին հաջողվեց կոտրել ՀՀԿ–ական քարոզչամեքենայի բոլոր կոդերը և փոխել քաղաքական մթնոլորտը։ Ուշագրավն այն է, որ այդ հարցում ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին օգնեցին նաև Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները՝ սխալը սխալի հետևից գործելով, բռնություններ կիրառելով և արհեստական թեզեր շրջանառության մեջ դնելով։

Հակաիշխանական ուժերին կամ ընդդիմադիր եռյակին հաջողվեց՝

–հիմնավորել հանրության համար, որ ընտրությունները չեն կարող ապաքաղաքական լինել և հետևաբար՝ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավար մարմնի ընտրությունը նախևառաջ քաղաքական նշանակություն ունի,

–ապացուցել, որ եթե ընդունենք իշխանությունների ներկայացրած այն թեզը, ըստ որի՝ Երևանի քաղաքապետի ֆունկցիան աղբ հավաքելն ու ասֆալտ փռելն է, ապա նույնիսկ այդ ֆունկցիան գործող քաղաքապետը լավ չի կատարել, քանզի Բաղրամյան 26–ի դրածոն է և ընդամենը զբաղված է մայրաքաղաքի բյուջեն մսխելով և «ատկատները» բաշխելով,

–բացահայտել իշխանական բուրգում Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն դերակատարումը, ինչպես նաև պայթեցնել բյուրեղյա մաքրության տեր և բարի տղա ներկայացվող Տարոն Մարգարյանի «փուչիկը»,

–ցույց տալ, որ Տարոնը, մեծ հաշվով, չի տարբերվում մյուս կարկառուն ՀՀԿ–ականներ Ռուբեն Հայրապետյանից, Տիգրան Սարգսյանից, Մհեր Սեդրակյանից, Սամվել Ալեքսանյանից, Արմեն Աշոտյանից, Սաշիկ Սարգսյանից և մյուսներից՝ աչքի ընկնելով պետական «բուրդը» սեփականի հետ խառնելու հատկությամբ,

–վեր հանել Երևանի վատ կառավարման պատճառները և կարևորել ընտրողի մասնակցության անհրաժեշտությունը մայիսի 5–ին կայանալիք քվեարկությանը. վերջին օրերին Երևանում իրականացվող ցուցադրական աշխատանքներն է՛լ ավելի բացահայտեցին քաղաքապետարանի և իշխանական համակարգի անարդյունավետ աշխատանքը,

–չեզոքացնել Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների գեղամյանական ոճի հարձակումները և մարգինալացնել «Բարև Երևան» դաշինքին՝ այդ ուժին թույլ չտալով «ընդդիմադիր» դիրքերից օգնել ՀՀԿ–ին ու պայքարել ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Բոլորն էլ տեսան, որ «աղոթած էշն» ու իր թիմը, ովքեր Սերժ Սարգսյանից պաշտոններ էին մուրում ու չստացան, փոխանակ խելքի գային, շարունակեցին մնալ իշխանության «ողջախոհ» (իրականում՝ նեոբոլշևիկ) թևի ձեռքի գործիքը։

Ահա այս քայլերի իրականացումն էր, որ տապալեցին իշխանության ծրագրերը և ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին հնարավորություն տվեցին փոխել իրավիճակը։

Սկսել Երևանից՝ սկիզբ դնելով Հայաստանի փոփոխությանը

Եվ այսպես՝ իշխանական քարոզչամեքենան չկարողացավ հասնել իր ուզածին. Տարոնը մեկ ամսվա մեջ «խուրդվեց» մինչև վերջ, Արմեն Աշոտյանի քարոզչական պաշտպանության տակ գտնվող «Ժառանգությունը» ազատ անկման մեջ հայտնվեց, իսկ ոչիշխանական ուժերը ամեն օր թափ են հավաքում։

Երևանի փողոցները կարկատելով և որոշ խաղահրապարակներ նորոգելով՝ Տարոն Մարգարյանն ակամայից խոստովանեց, որ մինչև այդ ոչինչ չի արել, բացի փողերի լվացման խոր կասկածներ առաջացնող պատերը նկարելուց, կավե արձանները տեղադրելուց և թանկ գնով ձեռք բերված նստարանները տեղադրելուց։ Ասել է թե՝ «բնամթերքով» տրվող ընտրակաշառքը՝ ասֆալտփռոցին, հակառակ էֆեկտն է ապահովում։

ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին մնում է միայն ընտրակեղծիքի դեմն առնել։ Սա ամենադժվարին գործն է, բայց ոչ անհնար։ Որքան էլ մարզպետներին հանձնարարականներ տրված լինեն շրջաններից մարդկանց բերել ու գրանցել Երևանում, և որքան էլ «զորավարը» առաջադրանք ստացած լինի պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ տոկոս «խփել», միևնույն է, քաղաքական ուժերի և ՀՀ քաղաքացիների միասնական ջանքերը կարող են բեկում մտցնել։

Մայիսի 5–ը լուրջ շանս է քաղաքատնտեսական գերմենաշնորհի ձգտող իշխանության դեմ քաղաքական հակակշիռներ ստեղծելու համար։ Եվ ուրեմն Հայաստանում փոփոխությունները պետք է սկսել Երևանից ու իշխանությունը վերադարձնել քաղաքացուն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը