Լրահոս

29.04.2013 12:29


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ,  ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի  13-ին «Հայարտանը» տեղի ունեցավ  կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, Վրաստանի հայ նկարիչների միության եւ Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված էին Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաեւ ծագումով Վրաստանից, բայց ներկայումս Հայաստանում բնակվող շուրջ 35 երիտասարդ նկարիչների 60 կտավներ: Ցուցահանդեսի բացմանը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադեւոսյանը: Ցուցահանդեսը  կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:

Ապրիլի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց Թեմի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ «Արս-Լունգա» դուետի համերգը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Համերգին ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, ՀԱԵ հոգեւոր դասի եւ Թբիլիսիի հայ մտավորականության ու հասարակայնության ներկայացուցիչներ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը միջոցառման բացման խոսքում երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին եւ երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը եւ հորդորեց շարունակել համազգային պայքարն այդ ուղղությամբ: ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID-ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» բացվեց «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նկարներ, ականատեսների, մտավորականների եւ դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպանը, Ախալցխայի քաղաքապետ Բեսիկ Բլիաձեն, տեղական այլ իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ կենտրոնական ու տեղական լրատվամիջոցների ներակայացուցիչներ:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում կարեւորեց նման ցուցահանդեսի կազմակերպումը Ախալցխայում եւ նշեց, որ հայ ժողովրդի պայքարը թուրքական մերժողականության դեմ վերջ ի վերջո պսակվելու է հայ ժողովրդի արդար հաղթանակով, եւ Թուրքիան ստիպված է լինելու ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նա նաեւ նշեց, որ այն կարծիքը, թե հայկական պահանջատիրությունը Ցեղասպանության 100-ամյակը լրանալով արժեզրկվելու է՝ սխալական է, քանզի Ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի: Միջոցառմանը ներկայացվեցին նաեւ Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագոր-ծողների միության անդամների մի քանի նկարներ՝ «Շարունակվող  ցեղասպանություն» խորագրով:

Ապրիլի 23-ի երեկոյան Թբիլիսիի հայ համայնքը՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության, ջավախահայությունը՝ «Զորի  Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ աջարահայ համայնքը  մասնակցեցին ավանդույթ դարձած ջահերով երթին եւ մոմավառությանը:  Թբիլիսիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Բեժանոյում եւ Նինոծմինդայում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները,  ոճրագործությունը դատապարտող ցուցանակներով եւ կոչերով, իրենց բողոքն էին արտահայտում թուրքական ժխտողական քաղաքականության դեմ:

Ապրիլի 24-ին վիրահայ համայնքի  թափորը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումը բերեցին դեսպան Մանուկյանը, Վիրահայոց  թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգեւոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Խաչքարին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Ապրիլի 25-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ի. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի Պետական Համալսարանի նախասրահում բացվեց ֆոտոցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

Այս խորագրի վերջին նյութերը