Մեկնաբանություն

26.04.2013 10:29


Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. «տարոնականության» սկզբունքները

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. «տարոնականության» սկզբունքները

Երևանի քաղաքապետ և ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը միլիոնատեր է։ Դոլարայի՛ն հաշվարկով միլիոնատեր։ Այդ մասին նա նշել է իր հայտարարագրում։ Նշել է, բայց չի բացատրել, թե որտեղի՞ց իրեն այդ միլիոնները։

Իհարկե, լավ է, որ 35–ամյա երիտասարդին հաջողվել է Հայաստանի պես աղքատ երկրում միլիոնատեր դառնալ, բայց վատ է, որ դա ստացվել է ոչ թե բիզնեսով զբաղվելու, այլ պետական հիմնարկներում աշխատելու շնորհիվ։ Համենայնդեպս՝ պաշտոնապես նա բիզնեսով չի զբաղվել և իրավունք էլ չուներ զբաղվելու։ Հետևաբար հարց է առաջանում, թե այդ ի՞նչ ֆոկուսի շնորհիվ է նրան հաջողվել միլիոն «խփել»։ Հանելուկի պատասխանը գտնելուն չի օգնում Տարոնի պաշտոնական էջը։

Տարոնի կենսագրությանը ծանոթանալիս պարզում ենք, որ նա դպրոցն ու ԲՈՒՀ–ն ավարտել ու հայտնվել է պետական կառավարման համակարգում։ Սկսած 2001 թվից՝ նա, ինչպես ասում են, տանից դուրս է եկել ու այլևս պետական ապարատից չի վերադարձել։ Ոմանք դա պայմանավորում են այն բանով, որ Տարոնի հայրը վարչապետ էր նշանակվել և կարողացել է տղային առաջ տանել, բայց մենք այդ կարծիքին չենք, քանզի էքստեռն կարգով դպրոցն ավարտած հրաշամանուկն ինքնուրույն էլ կսլանար դեպի վեր ու վեր։ Մնում է, որ վարչապետ հայրիկ չունեցող, բայց դպրոցն էքստեռն ավարտած մյուս երիտասարդներն էլ կարողանան Հայաստանում թաղապետ, քաղաքապետ և ամենակարևորը՝ միլինոատեր դառնալ։

Եթե հավատալու լինենք Տարոնի PR–շիկներին, ապա հանգամանքների բերումով Երևանի քաղաքապետի պաշտոնում հայտնված այդ երիտասարդն առավոտից երեկո մայրաքաղաքի փողոցներն է մաքրում և թափում աղբը։ Լևոն Իգիթյանի խոսքերով՝ Տարոնը շան պես աշխատում է։ Մի խոսքով՝ Տարոնը փողկապավոր հավաքարար է։

Հետաքրքրիր է, մեր քաղաքի մյուս հավաքարարներն է՞լ են միլիոնատեր, թե՞ դա միայն ՀՀԿ–ական հավաքարարներին է հաջողվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը