Կարծիք

25.04.2013 15:08


ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պատասխանը ոստիկանությանը

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պատասխանը ոստիկանությանը

Ստիպված եմ պատասխանել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, քանի որ այն լայնորեն տարածվեց լրատվամիջոցներով: 

Ես ընդունում եմ ի գիտություն, որ ոստիկանությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին տեղի ունեցած «միջադեպը» գնահատում է որպես «ծառայություն կատարող ոստիկանների կողմից հուշում՝ համալիրի տարածքում տեղաշարժվելու ուղու վերաբերյալ»: Հակառակ պարագայում դա կարող էր գնահատվել որպես ծառայություն կատարող ոստիկանի կողմից պրովոկացիայի անհաջող փորձ կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարման փաստ /տե՛ս համապատասխան տեսանյութը/: 

Հաջորդ խնդիրը, որը ես շատ ավելի կարևորում եմ, քան այս միջադեպը, ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Ա․ Ահարոնյանի կողմից գրավոր խոսքի անթույլատրելի շեշտադրումներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ: Պարոն Ահարոնյանին հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս մնալ ոստիկանական ծառայողի գիտակցված սահմաններում և այսուհետ մտքեր ձևակերպել ընդգծված հարգանքով՝ ՀՀ ԱԺ ցանկացած պատգամավորի հանդեպ, զերծ մնալ ավելորդ խանդավառությունից՝ ՀՀ ԱԺ ցանկացած պատգամավորի մասնագիտական կարողությունները քննարկելիս: Ցանկացած պետական ծառայողի, առավել ևս՝ ոստիկանի, պատիվ է բերում իր կարգավիճակին համապատասխան համեստությունն ու զսպվածությունը: 

Չեմ կարող չանդրադառնալ նաև ոստիկանության լրատվության վարչության պետի այն հիշեցմանը, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ: Սա շատ կարևոր է, և այդպես պե՛տք է լինի: Բայց, ցավոք, միշտ չէ, որ այդպես է: Ընդամենը նախօրեին ոստիկանության բարձրաստիճան ծառայողների աչքի առաջ ՀՀԿ Երևանի ավագանու անդամի գլխավորությամբ ծեծի էր ենթարկվում ilur.am լրատվական կայքի թղթակիցը /տե՛ս համապատասխան տեսանյութերը և հրապարակումները/: Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն ոստիկանին, այլև պարզապես բանական մարդուն անհարիր կեցվածքի հետ: 

Ոստիկանության հեղինակության բարձրացումը շատ կարևոր է պետության և հասարակության համար, և դա պետք է արվի ոչ թե ֆեյսբուքյան գրառումներով, այլ՝ երկար տարիների ընթացքում կատարած հետևողական ու սկզբունքային աշխատանքի միջոցով: 

Եվ վերջում՝ ես աղոթում եմ բոլոր ոստիկանների խաղաղ և անկողմնակալ ծառայության համար:

Էլինար Վարդանյան 
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը