Մեկնաբանություն

24.04.2013 19:39


1,5 միլիոն զոհերն ու հայ «աստղերի» վրեժը

1,5 միլիոն զոհերն ու հայ «աստղերի» վրեժը

Իշխանությունները հասել են իրենց վերջին հանգրվանին։ «Հայրենասիրություն» են խաղում։ Հեռուստատեսություններին թույլատրված է «պահանջատիրություն» քարոզել, Իգդիր ու Վան ուզել և անգամ Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ պտտեցնել։

Մի քանի տարի առաջ, այսինքն՝ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում, այդպես չէր։ Եթերում գերակայում էր «Բարի գալուստ պարոն Գյուլ» ոգին։ Արգելված էր որևէ թթու խոսք Թուրքիայի հասցեին։ Ուշադիր աչքը դա չէր կարող չնկատել։

Իշխանություններն այն օրերին հայկական ծագման «գիտնականներ» էին պեղում ռուսաստաններում և բերում եթեր՝ ապացուցելու համար, թե իբր Հայոց ցեղասպանությունը քրդերի ձեռքի գործն է եղել, իսկ թուրքերը մի կերպ փրկել են մեզ։ Դրսերից բերված անդրանիկմիհրանյաններն էլ զբաղված էին հայ–թուրքական սիլի–բիլին գովերգելով։ Տեղական արտադրության «գիտնականներն» ու պալատական «մտավորականները» նույնպես լծված էին «ֆուտբոլի» գովքն անելու գործին։

Այն ժամանակ «Կյանք 1 500 000» ոճի երգեր ու տեսահոլովակներ իշխանությունը չէր արտոնի, քանզի Գյուլի ազիզ խաթեր համար ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից մեկ գիշերվա ընթացքում Արարատն անհետացավ։ Նման պայմաններում 1,5 միլիոն զոհերի մասին ոչ միայն երգելը, այլև խոսելը չէր խրախուսվում պետպատվերի շրջանակներում, էլ ուր մնաց թե եթերը ողողվեր սերիալային հերոսների և հումորիստների «պահանջատեր» դեմքերով։

Հիմա եկել են այլ ժամանակներ։ Գյուլը, Էրդողանն ու Ալիևն ակամայից դարձան ՀՀ անվտանգության երաշխավորները, ինչը հնարավորություն տվեց «նախաձեռնողականներին» դառնալ «Վուդրո Վիլսոնի վկաներ»։ Նման պայմաններում արդեն կարելի է տեսահոլովակներ էլ նկարել, ելույթներ էլ ունենալ և Կիլիկիան էլ պահանջել։

Առաջիկայում Գյուլի այց նախատեսված չէ, և կարելի է Ծիծեռնակաբերդի լույսերը չանջատել ու «կրեատիվ» տեսահոլովակ նկարահանել՝ սերիալներից և «մուտիլովկաներից» ազատ եղած ժամանակ։

Երեկվանից շրջանառության մեջ դրված «Կյանք 1 500 000» երգի և տեսահոլովակի էսթետիկական և բովանդակային կողմերին չեմ ուզում անդրադառնալ։ Ինձ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում։ Որտե՞ղ էին այն «աստղերն» ու «աստղիկները», ովքեր այսօր խոսում են վրեժից, բայց երբ ապրիլի 24–ից մեկ օր առաջ նախաստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, ծպտուն անգամ չհանեցին։

Որտե՞ղ էին դեմքի լուրջ արտահայտությամբ «միլիոն ու կես» արտասանողները, երբ Ցյուրիխում ստորագրվում էին հայ–թուրքական արձանագրությունները, որտեղ միլիոն ու կես զոհերի հարցը դառնում էր հայ և թուրք պատմաբանների քննարկման առարկա, ինչը գործնականում նշանակում էր բաց սահմանի դիմաց առևտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցը և փաստացի մատնել մոռացության։

Ինչո՞ւ այն օրերին «աստղերն» ու «աստղիկները» Իգդիրն ու Վանը պահանջող տեսահոլովակներում չէին նկարահանվում։ Թե՞ հիմա «հայրենասիրության» փուլ է, և կարելի է «Դեպի ապահով Հայաստան» գերատեսչական տեսահոլովակից դուրս գալ ու մտնել ցեղասպանության թեմայով տեսահոլովակի մեջ։

Շատ հեշտ է երգի բառերի օգնությամբ վրեժից խոսել, բայց միևնույն ժամանակ ծառայել մի իշխանության, որի կառավարման օրոք խաղաղ պայմաններում երկիրը լքեց ավելի քան 250 000 մարդ։ Ասելս այն է, որ խոսքի կարևորությունից առավել կարևոր է, թե ով է ասում խոսքը։ Հանրային կյանքի դեգրադացմանը նպաստող դեմքերի հայրենասիրական կեղծ պաթոսը պարզապես նողկանք է առաջացնում։

Ամփոփելով թեման՝ տեղին է հիշեցնելը, որ երիտթուրքերը պատճառ դարձան ոչ միայն 1,5 միլիոն զոհերի, այլ նաև 500 000 հայի տեղահանման։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ այդ ցուցանիշին չի հասել, բայց հաշվի առնելով, որ դեռ ժամանակ ունի, կարելի է ասել, որ «Հայկական աշխարհը» նա կհասցնի համալրել։

Ի դեպ, «աստղերն» ու «աստղիկները» թող չմտահոգվեն, որ իրենց «արվեստն» ավելի քիչ մարդու հասանելի կլինի արտագաղթի պատճառով, և իրենք քիչ փող կաշխատեն։ Ճիշտ հակառակը՝ նրանց գործերի լավացումը ուղիղ համեմատական է արտագաղթի աճի ցուցանիշներին, քանզի որքան վատանում է վիճակը, այնքան ավելի շատ են իշխանություններին պետք գալիս «հայրենասիրական» երգերն ու տեսահոլովակները։ Իսկ դա նշանակում է, որ պատվերի պակաս չի լինի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը