Կարծիք

03.07.2009 12:41


Մ. Սահակաշվիլու վերջին այցը ՀՀ։ «Խորը» հարաբերություններ և խորը վիրավորված ջավախահայություն

Մ. Սահակաշվիլու վերջին այցը ՀՀ։ «Խորը» հարաբերություններ և խորը վիրավորված ջավախահայություն

Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու Երևան կատարած վերջին (ս/թ հունիսի 24-25-ը) այցը հասարակական շրջանակներում առաջացնելով շատ հարցադրումներ, այնուամենայնիվ, տվեց նաև մինչ այժմ անորոշ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Այցից ակնկալվող արդյունքները և՛ սպասված էին, և՛ անսպասելի: Քննարկենք առանձին-առանձին:

Հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների հետխորհրդային ողջ ընթացքն ու  ներկայումս այդ հենքի վրա «սրբորեն» շարունակվող, առաջին հայացքից՝ բարիդրացիական հարաբերությունները, կողմերի հանդիպումները հասարակական շրջանակներում ինչ-որ կերպ կարող էին ընկալվել սովորական նախագահի մի շատ սովորական այցելություն. Սահակաշվիլին կարող էր գալ Երևան ու գնալ այնպես, ինչպես ասենք, Բելոռուսի կամ Լեհաստանի նախագահները: Սա անգամ այն դեպքում, երբ կողմերի միջև առկա են մի շարք, մեղմ ասված, չլուծված հարցեր: Այս պարագայում սպասելի էին արդյունքները. ջերմ մթնոլորտ, բարի խոսքեր, ծաղիկներ, ընթրիք, ծափողջյուններ, մեդալներ, կոչումներ և այլն: Հասարակությունը չէր էլ «նկատի», որ կողմերն այնքան էլ չեն «խորացել» ազգային հարցերից, և շարունակվելու է Ջավախքի շուրջ անորոշ վիճակը, դարձյալ բռնազավթված են մնալու Վրաստանում և Ջավախքում շատ եկեղեցիներ, շարունակվելու են բռնաճնշումները հայրենի Ջավախքում, շարունակվելու են Ջավախքի և Վրաստանի հայությանը մայր պետության տարածք անցնելիս «ռենտգենիզացիայի» ենթարկել, շարունակվելու է Վրաստանում և Ջավախքում իրավաբանորեն պղծվել հայոց լեզուն և հայ առաքելական կրոնը, շարունակվելու է հայկական մշակութային եղեռնը այդ երկրում և այլն: Ասենք, ոչ թե չէր նկատի, այլ զզվանքով կանտեսեր, քանի որ «անպտուղ» հանդիպումների հետ հույսեր կապելուց հայ հասարակությունը վաղուց երես է թեքել:  

Մ. Սահակաշվիլու այս այցելությունը տարբերվեց նախորդ, ինչպես իր, այնպես էլ՝ Է. Շևարդնաձեի բոլոր հանդիպումներից. այն առերես անցավ առանց «ցնցումների», սակայն ներքուստ իրավիճակը ճիշտ հակառակն էր: Թռուցիկների տարածում՝ «Վե՛րջ տվեք հալածանքներին Ջավախքում», «Ջավախքն իմ հայրենիքն է», «Ջավախքը Վրաստան չէ», «Ջավախքը հայաստան է և վե՛րջ», «Մ. Սահակաշվիլի՝ persona non grata» բովանդակություններով, բողոքի հավաքներ՝ հայկական նախագահական նստավայրի, վրացական նախագահական «հանգրվանի» մոտ, պահանջներ, կոչեր, դիմադրություններ ոստիկաններին. ո՞րն էր այս ամենի պատճառը:

Եթե ճշմարտության դիրքերից խոսենք, հայոց հանդեպ Վրաստանի քայլերն այդ «ցնցումների» տեղիք մշտապես են տվել: Սակայն երևանյան այս վերջին իրադարձությունները հետևանք էին երկու հանգամանքի.

  • Վրաստանի նախագահի այցի նախօրեին Վրաստանի կատարած մի քանի քայլերի, որոնք, իրավիճակը ծայրահեղության հասցնելու նախաշեմ ստեղծեցին: Դրանք էին՝ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից Ջավախքի ուսուցիչների շրջանակներում իրականացրած բռնարարքները, երբ վերջիններիս ապօրինաբար թույլ չտրվեց մտնել մայր պետության տարածք, աշխարհահռչակ նկարիչ Վ. Սուրենյանցի՝ իր սեփական հայրենի տան պատին հուշաքարի բացման արգելումը, ՀՀ իշխող կուսակցության (ՀՀԿ) ֆրակցիայի պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շ. Թորոսյանի մուտքը առանց բացատրության Վրաստանի տարածք արգելելու փաստը:
  • Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի շուրջ զարգացումները, իրենց բոլոր կողմերով, ձևախեղված, շատերի համար դեռ անհայտ, շատերի համար դեռ չընկալելի իրողություններով, գնալով ձեռք են բերում նոր թափ: Որքան էլ հայկական և վրացական պետական շրջանակները այն համարեն "սովորական սոցիալ տնտեսական հիմնախնդիր", այնուամենայնիվ' ճշմարտությունն այլ բան է պարտադրում մեզ. տարածաշրջանի հիմնախնդիրը, լինելով քաղաքական, մուտք է մեծապես գործել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ' միջպետական քաղաքական հարաբերությունների ոլորտ: Այն մուտք է գործել' ուզենք, թե չուզենք: Ջավախքի խնդրի քաղաքական լինելն այլևս անապացուցելի, կայացած իրողություն է: Վերջինս անտեսելն այլև ոչ միայն անհնար, այլև' վտանգավոր անհեռատեսություն է' և' ՀՀ. և' Վրաստանի կողմից: Ջավախքի խնդրով իսկապես մտահոգ հայկական ամենատարբեր շրջանակների, քաղաքական-հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների և սփյուռքահայ շրջանակների վերջին շրջանում ներդրած ջանքերն' այս ուղղությամբ, գրանցեցին այս հաջողությունը: Ջավախքի հետխորհրդային քսանամյա զարթոնքի շրջանում սա առաջին քաղաքական հաջողությունն էր: Այս իրողությունը համառորեն ժխտող հասարակական-պետական շրջանակները ներկայումս լայնորեն պայքար են ծավալել' կանխելու Ջավախքում և ՀՀ-ում Ջավախքի ուղղությամբ քաղաքական գործընթացների ծավալումը, որտեղ, սակայն, ամեն ինչ ուշացած է: Պատմաբանների, տարբեր մասնագետների կողմից Ջավախքի մասին պատմական, աշխարհագրական (վարչական բաժանումների), քաղաքական իրավիճակի մասին տարաբնույթ լուսաբանումներն արդեն դուրս են եկել նախկին նեղ շրջանակներից' ընդգրկելով հասարակական լայն շերտեր: Այս գործընթացներն ի վերջո տանելու են հայկական շրջանակներում Ջավախքի մասին հայեցակարգային պատկերացումների ձևավորմանը, որի պարագայում շատ դժվարին է լինելու կոծկելու, արհեստականորեն անտեսելու և ձևախեղելու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Նշենք այցի շրջանակներից ունեցած կողմերի ձեռքբերումների մասին. հայկական կողմը Վրաստանի նախագահից ստացավ Վերին Լարսի բացման մասին խիստ անորոշ և վերացական խոստումներ: Միանգամից ավելացնենք, որ Մ. Սահակաշվիլին այդ անցակետով հայկական բեռների տեղափոխման թույլատրման հարցը շուտափույթ կերպով բարդեց ռուսական կողմի վրա. «իրենք փակեցին, թող իրենք էլ բացեն, որ Ռուսաստանը թքած ունի հայկական շահերի վրա ես ի՞նչ անեմ» արտահայտությունն ասում է ամեն ինչ: Իսկ հայկական բեռնափոխադրումների դիմաց այդքան բարձր սակագների առկայությունը Սահակաշվիլին «բացատրեց» այն հանգամանքով, որ ՀՀ-ից չունի այդքան շահույթ, քան ասենք, դեպի Չինաստան տանող ադրբեջանական կոմունիկացիաներից: Ուրիշ էլ ի՞նչ ստացավ ՀՀ-ն կամ ինչ «զիջեց» Վրաստանը: Երկար կարելի է մտածել, եթե պատասախան գտնեք՝ ասեք...: Ի՞նչ ստացավ Վրաստանը կամ ինչ զիջեց ՀՀ-ն: Թվարկենք.

  • Ջավախքում գործողություններ իրականացնելու լիարժեքության երաշխիք, դրանով իսկ երկարաձգելով, վրացական բառապաշարով ասված, այդ տարածաշրջանի վրա վրացական վերահսկողության սահմանման ժամկետի երկարաձգումը: Ավելացնենք, որ այդ գործողություններն իրենց դրսևորում են Ջավախքի ազգային գործիչների գործունեությունը կասեցնելու, ձերբակալությունների, մշակութային վակուում ստեղծելու, սահմանանցման խոչընդոտների, ժողովրդագրական էքսպանսիայի և այլնի տեսքով: Կարճ ասված՝ ՀՀ-ն վերահաստատեց Ջավախքի խնդիրը Վրաստանի «ներքին գործ» համարելու իր «վաղեմի» դիրքորոշումը: (Միջանկյալ նշենք, որ Վրաստանն էլ, իր հերթին, այս պայմանավորվածության տառին ու ոգուն համապատասխան՝ Ջավախքը հանձնել է Վրաստանի ՆԳ նախարարությանը, և այսօր Ջավախքի լիարժեք տերը նախարար Վ. Մերաբիշվիլին է):
  • ՀԱԵ սեփականությունը հանդիսացող և Վրաստանի ու Ջավախքի տարածքում բռնազավթված եկեղեցիների հարցի անորոշության երկարաձգում: Մեզ թվում է, որ հայկական կողմը ոչ թե կամաց կամաց, այլ՝ արագընթաց քայլերով հաշտվում է դրանց կորստյան մտքի հետ. ՀՀ վարչապետի նախորդ այցի ժամանակ Մ. Սահակաշվիլին հայտարարեց դեմ առ դեմ, որ այդ «հարցն անձամբ է լուծելու»: Ասեց և, ինչպես միշտ՝ խաբեց, իսկ Երևանում ՀՀ վարչապետն այդպես էլ չհիշեցրեց Վրաստանի նախագահին իր «ոչ տղամարդավարի» պահվածքի մասին: Դե արդեն չգիտենք, Սահակաշվիլին երե՞ս չուներ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսից զայրույթից վախենալուց էր, որ չհանդիպեց վերջինիս հետ:
  • Ռուսաստանի վերջին զորավարժությունների պայմաններում, որին մասնակցում էին նաև աբխազական և օսական կողմերը, և խոսակցություններ կար այն մասին, որ այս շրջանակներում Ջավախքում նույնպես տեղի էին ունենալու «խմորումներ», երբ աննախադեպ ակտիվություն կար նաև Աջարիայի շուրջ քաղաքական զարգացումներում, անգամ խոսք էր գնում Աբաշիձեների հնարավոր վերադարձի և Գիվի Աբաշիձեի (Աջարիայի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի որդին)՝ ջավախքյան շրջանակներում ունեցած փոխպայմանավորվածությունների մասին, Վրաստանի նախագահի՝ ՀՀ այցը և վերը հիշատակված երաշխիքների վերաթարմացումը կենսական նշանակություն ունեցավ այդ երկրի համար: Կարճ ասված՝ այցն ինչ-որ տեղ և ինչ-որ իմաստով պաշտպանեց Վրաստանը բազմակողմանի հարվածներից և կանխեց այնպիսի իրադրության ստեղծումը, որը կար 1998թ.:  Մեր ունեցած տեղեկություններով՝ չնայած պաշտոնապես արվող այն հայտարարություններին, թե Վրաստանի նախագահը ՀՀ-ում էր ՀՀ նախագահի հրավերով, այնքան էլ այդպես չէ. Սահակաշվիլին այցելել էր ՀՀ՝ սեփական, այն էլ մի քանի խնդրանքներից հետո:

Այս ամենի հետ ուզում ենք «խոստովանել» մեր կողմից արված կանխատեսումների ձախողումն՝ առ այն, որ Վրաստանի վերջին քայլերն արվում էին՝ ՀՀ-ին արհեստական զիջումներ անելու և նույնպիսի փոխզիջումների գնալու համար: Մեծ էր հիասթափությունը, երբ Սահակաշվիլին բացահայտ ճիշտ համարեց իր քայլերը. ԵՊՀ-ում արդարացրեց իր կողմից՝ ԵՊՀ դասախոս Շ. Թորոսյանի մուտքը Վրաստան արգելելը, այդպես էլ խոսք չգնաց Ջավախքի «ուսուցիչների գործի», Ախալցխայի դեպքերի մասին, այդ քայլերը, ինչպես դա արվում էր «ավանդաբար», անգամ թյուրիմացություն կամ առանձին վրաց պաշտոնյաների «ձեռքի գործ» չհամարվեց: Իսկ ՀՀ-Վրաստան սահմանային անցման գործընթացի հիմնախնդրով Սահակաշվիլին դարձյալ «անձամբ է զբաղվելու»: Աստված չտա, եթե նա դրանով զբաղվի այնպես, ինչպես զբաղվեց Սբ. Նորաշենով:

Ի դեպ Շ. Թորոսյանի պարագան: Կառավարող կուսակցության ֆրակցիայի պատգամավոր, ԵՊՀ դասախոս, ազգային-հասարակական գործիչ: Ինչո՞ւ լռեցին այս շրջանակները, երբ Վրաստանի իշխանությունները խաղացին այս անձնավորության արժանապատվության հետ: Ասենք, եթե մինչ Սահակաշվիլու գալն այս լռությունը «հասկանալի էր», երբ այդ շրջանակների մոտ գոնե կար այն համոզմունքը, որ «նա կգա, և ամեն ինչ կբացատրի, կգնա, միգուցե թյուրիմացությո՞ւն է եղել», բայց այն պարագայում, երբ նա եկավ և, ինչպես վերը նշեցինք, «ամեն ինչ բացատրեց», այդ շրջանակների լռությունը, մեղմ ասված, դատապարտելի է: ԵՊՀ-ում մի կրճատված ու «վերևից» ասված հարցի առաջադրումը դեռ ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ հարցադրման թույլտվությունը տրվել է «վերևներից»՝ զուտ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի՝ արժանապատվության զգացում ունեցող մարդկանց սկզբունքային պահվածքի պատճառով:  Դե, պարզից էլ պարզ է, որ ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչումն ու շքանշանն էլ, ոչ թե տրվում էր հայ ազգի արժանավոր բարեկամ կամ ծառայություններ մատուցած մեկին, այլ մի «մեխանիկական շարժում էր»՝ «տված պարտքի մարում»: Իսկ ներկա իրավիճակում, երբ շուտով Ջավախքում նշվելու են ավանդական «Տերյանական» և «Ջիվանիական» օրերը և այդ միջոցառումները կազմակերպվում են Շ. Թորոսյանի կողմից, վերջինիս Ջավախք չմտնելը բերելու է ջավախահայության շրջանակներում հուզումների նոր ալիքի, իսկ այդ իրավիճակում ՀՀ իշխանությունների վիճակն է՛լ ավելի է ծանրանալու:

Այցի մի քանի նկատառում ևս. ԵՊՀ ռեկտորն իր ելույթում, որպես մտավորական և փոխպայմանավորվածություններին այնքան էլ «չխանգարող» և դրանց վրա այնքան էլ ազդեցություն չունեցող կողմ՝ իր ելույթում անդրադարձ կատարեց Վրաստանում հայոց լեզվի կարգավիճակի բարձրացման և եկեղեցիների հիմնախնդիրներին: Սակայն դրանք Սահակաշվիլու մոտ հնչեցին որպես «ձայն բարբառո հանապատի»: Սա տեղիք է տալիս երկու եզրակացությունների. կամ վերջինս համաձայն է դրանց հետ, կամ թքած ունի և չի ուզում խոսել այդ մասին: Հաջորդ նկատառումը. մեկ այլ առիթով Սահակաշվիլին հայտարարեց, որ իրեն ընդդիմադիր շրջանակներում բազմիցս մեղադրել են հայ լինելու համար: Սա միթե չի նշանակում, որ նախագահն իր բերանով է խոստովանում այն իրողությունը, որ Վրաստանում կա հակահայկական հիստերիա, առավել ևս՝ երբ այդ հայն արժանանում է որևէ պաշտոնի: Գաղտնիք չէ, որ այդ մեղադրող շրջանակները շուտով հնարավոր է դառնան իշխող շրջանակներ:  Մյուս նկատառումը. Սահակաշվիլին Բաքվում եղած ժամանակ հայտարարեց, որ «Վրաստանն ու Ադրբեջանը համարյա մի պետություն են և գրեթե չկա մի հարց, որի շուրջ ունենան տարակարծություններ կամ տարբեր դիրքորոշումներ»: Հետաքրքրական է, եթե Վրաստանի նախագահն իր խոսքում անկեղծ էր, ապա, պաշտպանելով Ադրբեջանի բոլոր դիրքորոշումները, ինչպե՞ս ՀՀ-ից այդպես արագորեն կորզեց իր տարածքային ամբողջականության ճանաչման մասին ՀՀ-ի հերթական վստահեցումն ու հայտարարությունը:

ՀՀ նախագահն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին, որ վերջինս Ջավախքը պահում է իր ուշադրությունների կենտրոնում: Չմանրամասնելով Վրաստանի «ուշադրությունից» հետզհետե խորացող ջավախքյան ճգնաժամի մասին՝ նշենք մի հանգամանք, որը բոլորից շատ է օգտագործում Վրաստանի նախագահը. «Ջավախքը եղել և մնում է Վրաստանի տնտեսական ներդրումների դաշտ»: Որոնք են դրանք. 1. ՀԷԿ-երի կառուցումը: Նշենք, որ դա իրականացվում է թուրքական «Ուրբան էներջի» ընկերության ներդրումներով, որի շրջանակներում Փարվանա գետի մոտ, Խերթվիսի (Խրթզ) բերդի մոտ պլանավորված է թուրքական ավանի կառուցում՝ իբր աշխատակիցների համար: Սա ցույց է տալիս, որ ջավախահայությունն ինքնին դուրս է մղվում այս գործընթացից՝ փոխարենը կողքին ունենալով թուրքական հզոր գործոն: 2.«Եվրոպան Չինաստանին կապող» կոմունիկացիաների անցկացում: Չխոսելով այս ծրագրերի՝ ՀՀ-ի համար կործանարար ազդեցություններից, նշենք, որ թուրք-ադրբեջանական (թուրանական) այս ուղիները լինելու են Ջավախքում հայկական գործոնի վերջնական վերացման և վերջնական կորստի ճանապարհները: Վերջերս իզուր չէ ասել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի թուրք շինղեկը իր հողափոր բանվորներից՝ Ջավախքի Կարտիկամ կաթոլիկ գյուղի մի հայ բնակչի՝ չիմանալով, որ վերջիններս, Արևմտյան Հայաստանում գտնվելով ուծացման եզրին, մինչ օրս լավ են տիրապետում թուրքերենին. «Փորեք, փորեք, սա ձեր գերեզմանն է լինելու...»: Ավելացնենք, որ բարոյապես վիրավորված և այդ թուրքին բահով ֆիզիկական արժանի հարված հասցրած ջավախահայ գյուղացու գործերն այժմ գտնվում են Թիֆլիսի դատաիրավական մարմինների մոտ: 3.Ճանապարհների վերանորոգում: Այս ծրագիրը դանդաղորեն իրականացվում է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում և ոչ մի կապ չունի Վրաստանի ներդրումների հետ: Մեծ ձեռքբերում չէ, երբ սկսվել է Նինոծմինդա-Բավրա՝ բարեկամ պետություններն իրար կապող ճանապարհի շինարարությունը, երբ այդ 22 կմ-ը մինչ օրս գտնվում է խայտառակ վիճակում: Նույնպիսի դանդաղորեն իրականացվող գազաֆիկացումն ու մեկ-երկու արտադրամասերի վերագործարկումը հետապնդում են սոսկ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու նպատակ:

Ահա այս իրողություններն են կանգնած Մ. Սահակաշվիլու ՀՀ կատարած այց-կատակերգության հետևում: Այն պարզապես ջավախահայության շրջանակներում հերթական անգամ ավելացրեց բարոյազրկվածության և դառնության աստիճանը: ՀՀ-ից՝ որպես մայր պետության, աջակցություն ստանալու հույսերը հերթական անգամ ջավախահայությունն իսպառ կորցրեց: Իսկ ՀՀ տարբեր շրջանակներ հուզումների ալիք բարձրացրեցին այս առիթով:  

Իրավիճակը բարդ է. այն չեն կարող մեղմացնել Սահակաշվիլու այցի օրերին Հանրապետության Հրապարակում հնչող վրացերեն մեղեդիներն ու ջերմացող տնտեսական հարաբերությունները: Մի՞թե 1988-ից առաջ ՀԽՍՀ-ԱԽՍՀ տնտեսական հարաբերությունները ջերմ չէին: Կարո՞ղ է Կամոյում մեկն ուզենար իր միսը վաճառեր Բաքվում և նրան մեկը խանգարեր: Սա ապացուցում է այն իրողությունը, որ միջհարևանական հարաբերություններն ամուր են այնքանով, ինչքանով լուծված են ոչ թե տնտեսական, այլ՝ ազգային խնդիրները: Այս առումով՝ ճիշտ է, գոյություն ունի դիվանագիտական էթիկա, սակայն այնքան էլ չեն սխալվում այն մարդիկ, որոնք դեմ են հանդես գալիս՝ իր հետ բերած հարճերի պատճառով սեփական կնոջ հետ հյուրանոցում կռվի բռնված, երեկոյան երևանյան բարում Վ. Պուտինի դիմանկարին «կտցրած» և հարճերի հետ վայելքների մեջ մտած նախագանին այդքան մեդալներ շնորհելուն: 

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան

Այս խորագրի վերջին նյութերը