Քաղաքական

23.04.2013 12:41


Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի»

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի»

ԲՀԿ-ն իշխանության մաս չի կազմում և ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի,–ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր հրավիրված ասուլիսում։

Նա անդրադարձել է նաև ՀՀ նախագահի կողմից վարչապետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը։

Որևէ պայմանավորվածություն չի եղել,–ընդգծել է Ուրիխանյանը։

Նա միաժամանակ հիշեցրել է ԲՀԿ–ի քննադատական դիրքորոշումը Տիգրան Սարգսյանի գործունեության վերաբերյալ։

–Բայց նա վերանշանակվեց։ Տիգրան Սարգսյանի տնտեսական կուրսի վերաբերյալ եզրահանգումը թողնում եմ մեր քաղաքացուն,–նշել է ԲՀԿ մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրություններին, ապա Ուրիխանյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դրանք քաղաքակա՛ն ընրություններ են, որին մասնակցում են քաղաքակա՛ն ուժերը.

–Քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները։ Ընտրողը կտա իր գնահատականը ոչ թե այս կամ այն անհատին, այլ քաղաքական ուժին: Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը:

Նա նաև փոխանցել է ԲՀԿ-ի պատրաստակամության մասին՝ ցանկացած պահի համագործակցել ժողովրդի շահը ներկայացնող այս կամ այն քաղաքական ուժի հետ, բայց միայն այն դեպքում, եթե կոնկրետ գործողությունների ծրագիր տեսնեն։ Խոսքը նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համատեղ շարժում ստեղծելու առաջարկի մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը