Լրահոս

23.04.2013 00:31


Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ժամանակն սպառվում է: Նորգաղութային թելադրանքով գործող վարչախմբի հանցավոր գործունեության հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը հյուծվում և ուժասպառ են լինում:

Մոտալուտ արհավիրքը կանխելու նպատակով ժողովուրդը, ներքին իմաստնությամբ գիտակցելով հանդերձ, որ իր քվեն կեղծվելու է, և հանցավոր վարչախմբի պարագլուխը նորգաղութարար տերերի հովանավորությամբ դարձյալ բազմելու է Նախագահի աթոռին, այնուամենայնիվ որոշեց օգտագործել փետրվարի 18-ի նախագահական չընտրությունների առիթը:

Իր ձայնը քաղաքական նոր մշակույթի կրող և երկիրը համակարգային փոփոխության տանելու հույսեր ներշնչող թեկնածուի օգտին տալու քայլ կատարելով, ժողովուրդը ոչ միայն ահազանգեց վերահաս աղետի մասին, որ երկիրը չի կարող ևս հինգ տարի սպասել և որ մի քանի տարի անց այլևս վերականգնման ռեսուրսներ չի ունենա, այլև ցույց տվեց ինքնակազմակերպման և ազգային-ազատագրական պայքար մղելու իր պատրաստակամությունը՝ երկրի ճակատագրով մտահոգ լինելու հավակնություն ներկայացնող քաղաքական շրջանակներից և անհատներից ակնկալելով հստակ տեսլական, ծրագիր և քաղաքական առաջնորդություն:

Սակայն պայքարի այս պատրաստակամությունը համարժեք ուշադրության չարժանացավ: Ընդդիմադիր քաղաքական դասը չարձագանքեց ժողովրդի ընդվզմանն ու պատգամին, այլ շարունակեց մնալ թմբիրի մեջ և հայրենակործան համակարգից ներս հատվածական շահեր հետապնդել, ինչի հետևանքով առաջացած քաղաքական ամայությունը հանգեցրեց եղեռնական արտագաղթի տեմպերի ահագնացման և դրա տրամադրությունների օրեցօր խորացման:

Հայաստանին այս օրհասական վիճակից հնարավոր է հանել միայն նրա ազգային և քաղաքացիական բոլոր ռեսուրսներն ու ուժերն անհապաղ զորաշարժի ենթարկելու և հայ մարդուն ու Հայաստանի քաղաքացուն արժանի նոր որակի պետության տեսլականի ու դրա իրականացման ծրագրի շուրջ համախմբելու միջոցով:

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը և հաշվի առնելով նոր որակի պետության ձևավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը:

Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու և այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով: 

Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 9-ին՝ Գյումրիում (վայրն ու ժամը կհայտնվեն լրացուցիչ) և մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաքներ, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաև ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:  

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը