Մեկնաբանություն

22.04.2013 13:32


Ինչո՞ւ է Անահիտ Բախշյանը քարոզում «Բարև Երևան» դաշինքի դեմ (տեսանյութ)

Ինչո՞ւ է Անահիտ Բախշյանը քարոզում «Բարև Երևան» դաշինքի դեմ (տեսանյութ)

ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի ղեկավարած նախարարության ենթակայության տակ գործող կառույցում աշխատող Անահիտ Բախշյանը, հանդիպելով մայրաքաղաքի բնակիչների հետ, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել և անհարմար դրության մեջ դրել Րաֆֆի Հովհաննիսյանին ու վերջինիս շուրջը ձևավորված դաշինքին։

ՀՀԿ–ին ձեռնտու կոդերով ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ քարոզչություն անելու շրջանակներում նա նախ բացատրել է, թե ինչ է նշանակում ընդդիմադիր ուժ։

«Ընդդիմադիր քաղաքական ուժ՝ նշանակում է, որ այդ ուժը որեւէ կոալիցիայի մեջ չի եղել երբեք կամ չի պատրաստվում լինել»,–մասնավորապես նշել է Բախշյանը (տե՛ս http://www.aravot.am/2013/04/21/233871/): 

Բացի այդ՝ «Ժառանգություն» կուսակցության նեկայացուցիչը կոչ է արել մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ձայն չտալ այն ուժերին, որոնք ուզում են հետագայում առևտրի մեջ մտնել ՀՀԿ–ի հետ և կոալիցիա կազմել։

«Այն քաղաքական ուժերը, որ այսօր այդ ընդդիմադիր քաղաքական դիմակը հագնում են եւ ուզում են ձեր ձայները գողանալ ու հետո ծախել Հանրապետականին, որպեսզի համապետական պորտֆելներ ստանան։ Հիմա շուկա է գնում՝ 4 պորտֆել, 5 պորտֆել…  դա կախված է նրանից, թե ինչքան ձայն ձեզանից կգողանան: Հիմա ձեզանից գողանում են, տանեն առնեն իրենց պորտֆելները»,–հայտարարել է ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ–ից աշխատանք ստացած կուսակցության ներկայացուցիչը` փորձելով քննադատել ԲՀԿ–ին։

Տեղին է հիշեցնել, որ ոչ թե ԲՀԿ–ն, այլ հենց «Ժառանգություն» կուսակցությունն ու անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր փորձում նախագահական ընտրությունների ժամանակ ստացած ընդդիմադիր ձայները փոխել նախարարական ու գերատեսչական պորտֆելների հետ և ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմել՝ բնականաբար «ժողովրդի» անունից։ Այսինքն՝ «Ժառանգությունը» ՕԵԿ–ություն էր անում, բայց ուզում էր «կույս» մնալ։ Ազատության հրապարակում կազմակերպված շոուները հենց դրան էին միտված։ Սակայն ի տարբերություն ՕԵԿ–ի՝ Րաֆֆուն ոչ մի բան չտվեցին և ընդամենն ուղարկեցին Ծիծեռնակաբերդ՝ դարձնելով «աղոթած էշ»։

Րաֆֆին նույնիսկ դիմեց ծայրահեղ քայլ համարվող հացադուլի, որպեսզի կարողանա շարժել Սերժ Սարգսյանի գութը և պաշտոններ ստանա։ Կողմերը մի պահ «սիրային» նամակագրության մեջ էին այդ թեմայով։

Ճիշտ է, «իրավատիրոջը» չհաջողվեց «Լեգիտիմության ճանաչում՝ պաշտոնների դիմաց» ծրագրի շրջանակներում կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ, բայց փաստն այն է, որ «Սերժը կերդվի միայն իմ դիակի վրա» խոստում–սպառնալիքին զուգահեռ՝ Րաֆֆին հրապարակավ պաշտոններ էր խնդրում՝ ձգտելով առևտրի առարկա դարձնել հանգամանքների բերումով ստացած ընդդիմադիր ձայները։ Մինչդեռ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակից Ա. Բախշյանի նշած ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններից հետո դուրս եկավ կոալիցիայից՝ վայր դնելով պորտֆելներն ու թողնելով Րաֆֆու սիրած մարզպետական աթոռները։

Չնայած Սերժ Սարգսյանի խնդրանքներին՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մտնել իշխանական կոալիցիա նաև նախագահական ընտրություններից հետո։

Ամփոփենք. ԱԺ ընտրություններից հետո «Ժառանգության» մի շարք անդամներ աշխատանք ստացան ՀՀԿ–ական կրթության և գիտության նախարարից, իսկ ԲՀԿ–ն դուրս եկավ իշխող կոալիցիայից։ Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆին խնդրում էր, որ կոալիցիա կազմի Սերժի հետ, սակայն վերջինս չհամաձայնեց։ Իր հերթին Սերժն ուզում էր կոալիցիա կազմել ԲՀԿ–ի հետ, սակայն մերժում ստացավ։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը չշնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ Րաֆֆին վերջին ամիսների ընթացքում այնպես էր գովում Սերժ Սարգսյանին, որ ավելի լավ է  2008թ. տարբերակով սև «վադալազկա» հագներ ու այս անգամ ևս մասնակցեր «ազատամարտի ռահվիրայի» երդման արարողությանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ էր Անահիտ Բաշխյանը բակային հանդիպման ժամանակ կոչ անում ձայն չտալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած «Բարև Երևան» դաշինքին։

Րաֆֆու թեթև ձեռքով խորհրդարանում չհայտնված Բախշյանը ճիշտ է ասում, որ պետք չէ ձայն տալ այն ուժին, որը ընդդիմադիր ձևանալով՝ ձայներ է ստանում, որպեսզի հետագայում փորձի առևտրի մեջ մտնել ՀՀԿ–ի հետ։ Սակայն եթե մարդիկ առաջնորդվեն Բախշյանի այդ կոչով, ապա պետք է որևէ պարագայում չքվեարկեն «Բարև Երևանի» օգտին։  

Նկատենք, որ Ա. Բախշյանը երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ ունի և եթե այդպիսի կոչ է անում, ուրեմն մի բան գիտի, և չես կարող նրա հետ չհամաձայնել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը