Լրահոս

22.04.2013 19:27


Գարնանը նվիրված տոնահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Գարնանը նվիրված տոնահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Ապրիլի 19-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաների հերթական միջոցառումը նվիրված էր գարնանը: Տոնահանդեսին ներկա էին ք. Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ռուսաստանաբնակ բարերար Արթուր Սաակովը՝ դստեր հետ, եկեղեցու հոգևոր հայրերը, Թբիլիսիի հայկական դպրոցների ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Բացելով միջոցառումը՝ կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու, Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը շնորհավորեց ներկաներին Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ, մաղթելով ներկաներին գարնանային տրամադրություն և զարթոնքի բերկրանք: Նա երախտագիտությամբ հիշատակեց մշտական բարերարներ Նելսոն Պետրոսյանի և Արամ Սիմոնյանի անունները, ում աջակցությամբ գործում է նախակրթարանը, միջոցառման հովանավոր Ասյա Ուսոևային, ում շնորհիվ զարդարվել և գեղեցիկ տեսք է ստացել դահլիճը: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին նախակրթարանի աշխատանքներին սատարելու համար: Փոքրահասակները, որ գույնզգույն հագուստով իսկական ծաղիկներ էին դարձել, իրենց արտասանությամբ, երգով, պարով և գեղեցիկ շարժումներով առաջացրեցին ներկաների հիացմունքը:

Շնորհավորելով կազմակերպիչներին և երեխաներին գարնանը նվիրված գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, Արթուր Սաակովը ուրախությամբ նշեց, որ փոքրիկների ուրախ ելույթները դարձան կենտրոնում տարվող դաստիարակչական մեծ աշխատանքի վկայություն: Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Արամ Գրիգորյանը արժևորեց նախակրթարանում երիտասարդ մանկավարժների ջանքերով իրականացվող հայ երեխային հայկական շնչով մեծացնելու ազգանվեր աշխատանքը:

Բոլոր ելույթ ունեցողները՝ «Արևիկ» հիմնադրամի ղեկավար Էմմա Ախտյանը, թիվ 103 դպրոցի ուսմասվար Հասմիկ Պապիկյանը, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը նշեցին, որ վերջապես թբիլիսաբնակ հայը ունեցավ մայրենի լեզվով նախակրթարան, որտեղ դրվում է հայ երեխաներին հայկական դպրոց ուղորդելու և մայրենի լեզվով կրթությունը պահպանելու հիմքը:

 Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխելով բոլոր ներկա գտնվողներին, գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներ Լալա Գևորգյանին, Նարինե Ղուշչյանին, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանին, Հովհաննես Շահնազարյանին, ովքեր կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ երեխաներին սովորեցնում են ոչ միայն տառաճանաչություն, երգ, պար,այլև մշակում վարքը, սովորեցնում վարվեցողության ճիշտ կանոնները և դաստիարակում ապագայի լավ մարդուն:

Տարվա այս եղանակին նվիրված գեղեցիկ և ճաշակով միջոցառումը գարնանային շունչ և տրամադրություն բերեց բոլոր ներկաներին:

Այս խորագրի վերջին նյութերը