Մեկնաբանություն

22.04.2013 12:01


Միլիցա–պեպելնիցա կամ մի՛ «քցիր», որ «չքցվես»

Միլիցա–պեպելնիցա կամ մի՛ «քցիր», որ «չքցվես»

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ խնդիրներ ունեին Հայաստանի վերջին երկու ոստիկանապետները։ «Բաժանիր, որ տիրես» ծրագրի շրջանակներում այդպես էր սարքվել նախագահական նստավայրից։ Այդպիսով գաղջ մթնոլորտ էր ձևավորվել ուժային այդ կառույցում։ Իրար տակ փորելն ու Բաղրամյան 26–ին «գործ տալը» դարձել էր խաղի կանոն։ Ոստիկանությունում սպայի պատիվ կոչվածը տեղը զիջել էր մանր բանսարկությանը և ճղճիմ խարդավանքներին։

Ի վերջո, Ալիկ Սարգսյանն իր տեղը զիջեց Վլադիմիր Գասպարյանին, բայց դա Ներսիկ Նազարյանի հաղթանակը չէր։ Գասպարյանին բերել էին լրիվ այլ նպատակներով (շրջիկ խմբերի կառավարում, կեղծ անձնագրերի տպագրություն, բազմակի քվեարկությունների կազմակերպում, տոկոս «խփելու» գործընթացի վերահսկում և վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանից «աղոթած էշ» սարքելու գործողություն)։

Երբ Ալիկ Սարգսյանին ազատեցին աշխատանքից, Ներսիկ Նազարյանը, խախտելով էթիկայի գրված ու չգրված կանոնները, սկսեց հրապարակավ քննադատել իր նախկին ղեկավարին, քծնել նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու գովերգել նրա  ունեցած և չունեցած արժանիքները։ Այլ կերպ ասած՝ Ն. Նազարյանը «քցեց» իր նախկին ղեկավարին ու փորձեց հաճոյանալ նոր ղեկավարին։

Ժամանակը ցույց տվեց, որ դա  չի կարող պաշտոնավարման երաշխիք լինել։

Հիմա եկել է զորավար–ոստիկանապետ–քահանայի ներսիկություն անելու փուլը. Գասպարյանն սկսել է իր նախկին ենթակայի հետևից բամբասել և փիս–փիս բաներ ասել։

«Զորավարը» սկզբում հայտարարեց, թե Ներսիկը բիզնեսի հետ կապված խնդիրներ չունի, բայց մեկ օր անց հարցազրույց տվեց՝ նշելով, որ Երևանի նախկին ոստիկանապետն այդուհանդերձ սերտաճած է բիզնեսի հետ, ինչը խոչընդոտում է նրա արդյունավետ աշխատանքը։

Եվ այսպես, Ներսիկը «քցեց» Ալիկին, իսկ Ներսիկին էլ «քցեց» Վլադիմիրը։ Ժանրի կանոնների համաձայն՝ գալիս է «զորավարի՛» «քցվելու» ժամանակը։ «Միլիցա–պեպելնիցա» ձևակերպումն օգտագործող Գասպարյանը պետք է որ լավ իմանար այս կանոնի մասին, սակայն դատելով ամենից՝ էյֆորիայի մեջ է և չի զգում, որ անցանկալի անձ է դարձել Սերժ Սարգսյանի համար այն պարզ պատճառով, որ վերջինս վարկանիշ չունի ո՛չ հանրային, ո՛չ պետական կառավարման համակարգում, ինչը չես ասի Վովայի մասին։ Րաֆֆի Հովհաննիսյանից ստացած PR–ի հետևանքով Վովան որոշակի շրջանակներում վարկանիշ է ձեռք բերել։ Իսկ դա չի կարող չնյարդայնացնել Սերժին, ում ձեռնտու են միայն Տիգրան Սարգսյանի պես վարկաբեկված ենթականեր ունենալը, որպեսզի նրանց ֆոնին ինքը երևա։

Ի դեպ, Ներսիկի հեռացման իրական պատճառները բացարձակապես կապ չունեն այն բանի հետ, ինչի մասին խոսվում է։ Գերկենտրոնացման ձգտող իշխանությունը պարզապես ձգտում է մոնոլիտացնել ոստիկանական համակարգը, որպեսզի կարողանա ընտրակեղծիքների հիմնական գործիքի վերածված այդ կառույցը դարձնել նաև հանրային կյանքի մյուս ոլորտները վերահսկող գործիք։ Խոսքս մասնավորապես վերաբերում է բիզնես ոլորտին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երբ ազատեցին Ալիկ Սարգսյանին, նա այդ մասին իմացավ լրագրողից և մինչև վերջ չէր հավատում, որ այդպիսի վերաբերմունքի կարժանանա։ Բոլորը գիտեին նրա ազատման մասին, բայց Ալիկը չգիտեր։ Ներսիկ Նազարյանն այն ժամանակ չարախնդում էր։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. նույնը տեղի ունեցավ նաև Ներսիկ Նազարյանի հետ։ Նա լրագրողից իմացավ, որ ազատվել է աշխատանքից։ Չարախնդացողի դերում այժմ Վլադիմիր Գասպարյանն է։ Թե հետագայում ով կչարախնդա Վովայի վրա, արդեն էական չէ։ Էականն այն է, որ մեզանում ստալինա–բերիական մեթոդներն են կիրառվում՝ ուժային համակարգի ներսում կադրային շարժեր կատարելիս։ Իսկ դա չի կարող չմտահոգել բոլորիս։

Այս խորագրի վերջին նյութերը