Մեկնաբանություն

20.04.2013 13:21


Սերժ Սարգսյանն ու իր մամլո խոսնակները

Սերժ Սարգսյանն ու իր մամլո խոսնակները

Օրերս Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն ազատվեց այդ պաշտոնից։ Նշանակվեց նոր մամլո խոսնակ։

Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին ներկայացուցիչ Արման Սաղաթելյանին նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ մի կողմից կարելի է շնորհավորել, իսկ մյուս կողմից՝ ցավակցել։ Շնորհավորել, որովհետև պետության նախագահի մամլո խոսնակ լինելը ստեղծագործական միտք պահանջող, լուրջ  ու պատասխանատու գործ է, և այդ ոլորտում աչքի ընկնել ցանկացող մասնագետի համար դրսևորվելու լայն հնարավորություններ են բացվում։ Արմանը PR–ի լավ մասնագետ է և կարող է հանրության հետ շփվել պատշաճ մակարդակով, բայց խնդիրն այն է, որ նրանից այդպիսի բան չի պահանջվում։ Սերժի խոսնակից պահանջվում է չխոսել կամ խոսել վիրտուալ տարածքում (համենայնդեպս նախորդի դեպքում այդպես էր. ոչ մի ասուլիս և ոչ մի բաց հարցազրույց), քանզի, մեծ հաշվով, ասելու բան էլ չկա։ 

Սերժի իրական նպատակները պաշտոնական հրապարակման ենթակա չեն, իսկ դա նշանակում է, որ խոսնակը պետք է թաքցնի իրականությունը կամ պարզապես փակվի կաբինետում և այլ տիպի աշխատանքով զբաղվի։ Դա է պատճառը, որ նոր խոսնակին կարելի է նաև ցավակցել, քանզի նա, կամա թե ակամա, մխրճվելու է «մուտիլովկաների» արտադրամաս հիշեցնող Բաղրամյան 26–ի հորձանուտը։  

Արման Սաղաթելյանը կենսուրախ և ստեղծագործական միտք ունեցող անհատականություն է, և իրոք նրան կարելի է ցավակցել գորշ տիպի գործչի մամլո խոսնակի ֆունկցիան ստանձնելու համար։ Շատ դժվար է մամլո խոսնակը լինել մի մարդու, ով կայուն պատկերացումներ չունի ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հարցերում, և ում համար խոսքն արժեք չունի։

Սերժ Սարգսյանը փակ մարդ է և ձգտում է առավելագույնս ինքնամեկուսացվել հասարակությունից ու հատկապես մամուլից։ Վերջերս տեղի ունեցած փակ ասուլիսն ասվածի վառ ապացույցներից է։ Նման բան ՀՀ անկախության պատմության ընթացքում չէր եղել, որ նախագահը ասուլիս տա մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների, բայց դա նկարահանվի նախագահի աշխատակազմի կողմից, մեկ օր մոնտաժվի և միայն հաջորդ օրը ցուցադրվի հեռուստաընկերություններով։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգ տարում եղել է 2 ասուլիս յուրային լրատվամիջոցների մասնակցությամբ և առանց «թթու» հարցերի, իսկ մամլո խոսնակի ինստիտուտը գոնե առերևույթ մղվել է հետին պլան։ Միակ դեպքը, երբ հրապարակում երևաց մամլո խոսնակը, Րաֆֆի–Սերժ «սիրային» նամակագրության փուլում էր։ Վե՛րջ։ Ուրիշ առիթով Ա. Արզումանյանը հանդես չի եկել, ու նրան մեղադրել չի կարելի, քանզի Սարգսյանին պետք են «չխոսկան» խոսնակներ։

Սարգսյանը հանրության ու մամուլի համար մի փոքր բացվեց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, և բոլորին պարզ դարձավ, թե ինչու էին նրան մեկուսացրել. ՀՀԿ նախագահը 25 օրվա ընթացքում այնքան «լյափսուս» տվեց, որ հօդս ցնդեցրեց 25 տարում իր շուրջը հյուսված միֆը խորաթափանց մարդ և «բենամուկի» լինելու մասին։ Պարզվեց, որ թագավորը մերկ է։ Այլ կերպ ասած՝ Սերժը խոսեց, և դրա հետևանքով խիարը թարս բուսնեց։ Մամլո խոսնակը տվյալ դեպքում ոչ մի բան չի կարող անել։ Եթե շեֆը տոկոս «խփող» է, ապա նրան չի փրկի անգամ ամենաուրախ և ամենահնարամիտ մամլո խոսնակը։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանին, իրականում, հաստիքային մամլո խոսնակ պետք չէ։ Քաղաքական դաշտում հաճախորդների ինստիտուտի ներդրման ռահվիրային պետք են արտահաստիքային խոսնակներ, ովքեր «ընդդիմադիր» դիրքերից կասեն այն, ինչ իրականում ուզում է ասել կամ իրականացնել Բաղրամյան 26–ը։

Նմանատիպ ֆունկցիա կատարելու համար 2008ից ստեղծվեցին «անկախ» լրատվամիջոցներ, իսկ ընդդիմադիր դաշտում տարիներ շարունակ գործողների մեծ մասը պարզապես գնվեց։ «Թրաֆիքինգի» ենթարկվեց լրագրողական համքարության ճնշող մեծամասնությունը։ Մանրամեծածախ գներով վաճառվեցին իրենց փորձագետ, քաղաքագետ, թուրքագետ, ազգագրագետ, վերլուծաբան, խմբագիր, լրագրող համարողները։

Լրատվական դաշտում գերիշխող դարձավ գեղամյանություն անելը։ Սկզբում դա հեշտ էր ստացվում, բայց երբ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը, բոլորը ստիպված դեն նետեցին դիմակները և «գիշերային թիթեռնիկություն» սկսեցին անել բացահայտ կերպով։

Արտահաստիքային մամլո խոսնակները սկսեցին կերտել «բարի», «արևմտամետ», «ռուսամետ», «քաղաքացիական», «հակաօլիգարխիկ» Սերժ Սարգսյանի կերպարը։ Օրվա կուրսից կախված՝ փոփոխության էր ենթարկվում Սերժի կերպարը՝ փոփոխության ենթարկելով նաև արտահաստիքայիններին։

Սարգսյանին հարկավոր է մականունավորների և օլիգարխ կոչվածների միջոցով վերարտադրվել, բայց պետք է նաև «փչացնել» նույն այդ մականունավորներին ու օլիգարխ կոչվածներին, որպեսզի նրանցից սեփականությունը խլելու համար հանրային պահանջ ձևավորվի։ Համաձայնեք, որ հաստիքային մամլո խոսնակը չի կարող նման բաներ հայտարարել պաշտոնապես։

Մամլո խոսնակը չի կարող հայտարարել, թե, օրինակ, Պարույր Հայրիկյանը իմպերիալիստական Ռուսաստանի դեմ պայքարում է ներքաղաքական «մուտիլովկաների» շրջանակներում, և որ իրականում Սերժից ավելի ռուսահպատակ չկա։ Խոսնակը չի կարող նաև հայտարարել, թե Սերժից հակառուսական ուժի իմիջ է կերտվում ներքաղաքական դաշտի հաճախորդների գործողությունները «լեգիտիմացնելու» համար։

Հաստիքային մամլո խոսնակը հո չի՞ կարող մի օր հայտարարել, թե Սերժ Սարգսյանը արևմտամետ է, իսկ հաջորդ օրը հայտարարել, թե նա ռուսամետ է։ Դրա համար կան Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը, «անկախ» լրատվամիջոցները («1in.am», «lragir.am» և այլն)։ Կամ մամլո խոսնակը հո չի՞ կարող հայտարարել, թե նախագահի նպատակը նեոբոլշևիկյան տարբերակով սեփականության վերաձևում իրականացնելն է և «ժողովրդի պահանջով» քաղաքական դաշտն ամայացնելը։ Դրա համար կան հիշյալ կայքերն ու գործիչները՝ պլյուս «ընդդիմության առաջնորդ» նշանակված, բայց ժամանակից շուտ «պայթած» Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «ժողովրդի» անունից ուզում էր իշխանությունը կիսել Սերժի հետ ու ՀՀԿ–ի հետ միասնաբար գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, և ով ամեն ինչ արեց Սերժին լեգիտիմացնելու համար։

«Յուրայինների» դեմ «մուտիլովկաներ» տարածելու և թիմակից կոչվածների (ՀՀԿ–ականներ, նախարարներ, գործարարներ, մարզպետներ և այլն) թիկունքից խփելու հարցում էլ ՀՀ նախագահի մամլո խոսնակին ներգրավելը նպատակահարմար չէ։ Այդ գործում ավելի արդյունավետ են «ընդդիմադիր» գործիչներն ու «անկախ» մամուլը։

Դե իսկ ԲՀԿ–ի դեմ պայքարում և Գագիկ Ծառուկյանի մասին էժանագին բամբասանքներ տարածելու գործում Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի դերում են հանդես գալիս բոլորը՝ Անդրանիկ Քոչարյանից մինչև Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյանից մինչև Արտաշես Գեղամյան, «1in.am»–ի ղեկավար Արման Բաբաջանյանից մինչև «Հայկական ժամանակ» օրաթերթ, Դավիթ Շահնազարյանից մինչև տարատեսակ «դհոլներ» ու «ազնիվ քյարփինջներ»։

Այս հարցերում, ինչպես գլխի եք ընկնում, հաստիքային մամլո խոսնակն անելիք չունի։ Առավելագույնը, որ կարող է անել Սերժի հաստիքային մամլո խոսնակը՝ դա արտահաստիքային մամլո խոսնակների գործունեությունը կոորդինացնելն է, ինչը հազիվ թե հաճելի զբաղմունքն լինի ուրախ և հնարամիտ մարդու համար։

Ամփոփում

Եթե Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կար հստակ բաժանում իշխանամետ և ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ԶԼՄ–ների միջև, ապա արժանապատվության և սկզբունքայնության մասին ուրույն պատկերացումներ ունեցող Սերժ Սարգսյանի օրոք այդ բաժանումը դարձավ շատ պայմանական, քանզի հաճախորդացման ենթարկվեցին երբեմնի «թունդ ընդդիմադիր» լրատվամիջոցները։ Ու որպեսզի հակառակորդների դեմ պայքարն արդյունավետ լինի, այդ լրատվամիջոցներին թույլատրվեց քննադատել նաև Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ, օրինակ, նա չի կարողանում կուլակաթափության գործընթացն արագ իրականացնել։

Իշխանության տարբեր թևերն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իրենց հերթին ներքին գզվռտոցների մասնակից դարձրեցին իրենց կցված «անկախ» մամուլի առանձին միջոցների։ Ահա այս ամենի պատճառով է, որ երկրում առաջացավ գաղջ մթնոլորտ, ինչից վերջերս բողոքում էր Սերժ Սարգսյանն ինքնաասուլիսի ժամանակ։ Ասել է թե՝ գաղջ մթնոլորտի համար Սերժը նախևառաջ իրեն ու իր թիմին պետք է մեղադրի, այլ ոչ թե ամբողջական վերահսկողությունից դուրս մնացած երկու հեռուստաընկերություններից ու Բաղրամյան 26–ից անկախ գործող մի քանի կայքերից ու մեկ թերթից։

Այս ամենը հաշվի առնելով՝ պարզապես ծիծաղելի և դեմագոգիկ են այն պնդումները, թե Սերժին հաջողվել է առաջընթաց գրանցել մամուլի ազատության հարցում։ Դա նույնն է, թե շրջիկ խմբերի և կեղծ անձնագրերի ներդրման միջոցով ամենացինիկ ձևով ընտրությունները կեղծելը համարվի առաջընթաց։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը