Լրահոս

02.07.2009 19:21


Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Հունիսի 2-ին Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկված հանրահավաքի մասին օրենքով նախատեսված կարգով քաղաքացիներին տեղեկացնող ու թռուցիկներ բաժանող երիտասարդների վրա է հարձակվել քաղաքացիական հագուստով բանդիտական մի խումբ, ծեծկռտուք հրահրել, փորձել խլել թռուցիկները եւ բարձրախոսը։ Հակահարված ստանալով՝ նրանք ստիպված են եղել դիմել փախուստի։ Ավելի ուշ, հաջորդ օրը մամուլում հրապարակված լուսանկարներում, նրանք ճանաչվել են որպես ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներ ։

Ձախողված ու բացահայտված հանցավոր օպերացիան «փրկելու» համար ոստիկանությունն անմիջապես հայտարարություն է տարածել, թե, իբր փողոցում միմյանց հետ վիճաբանել են շուրջ 60 քաղաքացիներ, որոնք չեն ենթարկվել այդ վայրում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին, երբ վերջիններս ներկայացել են, ցույց տվել վկայականները եւ պահանջել վերջ տալ վիճաբանությանը։ Իհարկե, ոչ մի խոսք չկա ո՛չ թռուցիկների, ո՛չ բարձրախոսի մասին։

Ոստիկանության այս հայտարարությունը լկտի սուտ է։

Ճիշտ նույն կերպ երկու ամիս առաջ նույնպիսի բանդիտական խմբեր մի քանի անգամ, քաղաքի տարբեր մասերում խոչընդոտեցին մայիսի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող խմբերին։ Հայտնված կասկածներին ի պատասխան, թե դրանք զգեստափոխված ոստիկաններ են Կենտրոնի բաժնից, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես հրապարակավ հայտարարեց, թե դրանք չեն կարող ոստիկաններ լինել, այլ իշխանության կողմնակից պատահական քաղաքացիներ են։ Այն բանից հետո, երբ մեջտեղ բերվեցին անհերքելի ապացույցներ, հրապարակվեցին լուսանկարներ, եւ այլեւս անհնար էր թաքցնել խայտառակ փաստը, ոստիկանությունը ստիպված եղավ ընդունել իրականությունը, բայց նաեւ ինքը փորձեց հակահարձակման անցնել՝ նույն կերպ ստելով, թե հարձակվողները իրենց ծառայությունը կատարող ոստիկաններ են եղել, որոնք պատշած կերպով ներկայացրել են իրենց վկայականները եւ, իբր, նպատակ են ունեցել կանխել հասարակական կարգի խախտումը, իսկ նրանց դիմադրություն է ցույց տրվել։ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանը զայրացած ձախողումից ու բացահայտումից, այն ժամանակ անգամ փորձեց այս առիթով շանտաժի ենթարկել Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին՝ սպառնալով դատի տալ երիտասարդներին, եթե նրանք չհրաժարվեն ոստիկանների դեմ իրենց տված ցուցմունքներից։ Այդ հեռախոսազրույցին պատահաբար ներկա Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի այս արարքը դատապարտող հայտարարություն արեց։

Այս արարքները Կենտրոնի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի արդեն ծանոթ ձեռագիրն է։ Օրենքի շրջանակներում գործող քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների դեմ «պայքարելու», մասնավորապես հանրահավաքների մասին իրազեկումը խոչընդոտելու համար նա իր ենթակա ոստիկաններին զգեստափոխում եւ մղում է բանդիտական գործողությունների, ըստ էության նրանց դարձնելով հանցագործներ։ Իսկ երբ բանդիտացված ոստիկանները բացահայտվում են, անմիջապես հանդես է գալիս ամբողջությամբ ստի ու կեղծիքի վրա հենված հայտարարությամբ։ Տվյալ դեպքում սուտ է, թե ոստիկանները ներկայացել են կամ վկայական են ցույց տվել։ Սուտ է նաեւ, թե «վիճաբանող» խումբը դիմադրությունից հետո փախուստի է դիմել։ Իրականում, անհաջողությունից հետո փախուստի են դիմել բանդիտացված ոստիկանները, բնականաբար, հասկանալով, որ իրենց արածն է հանցագործություն։ Ամբողջությամբ ստի վրա հենված հայտարարությամբ ոստիկանությունը փորձում է ոչ միայն պարտակել սեփական հանցանքը, այլեւ մեղքը բարդել անմեղ մարդկանց եւ իրական տուժողների վրա։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանությանը բանդիտական խմբերի վերածելու Կենտրոնի ոստիկանապետի հանցավոր ու կրկնվող այս գործելակերպը, ինչը պատժելի արարք է, ինչպես նաեւ վարչախմբի պարագլուխներին, որոնք պետության իրավապահ մարմիններն ընդհանրապես օրենքի պաշտպանից քայլ առ քայլ վերածում են սեփական ժողովրդին ճնշելու ու ստրկացնելու բութ գործիքի։

Այս խորագրի վերջին նյութերը