Մեկնաբանություն

19.04.2013 14:45


Տիգրան Սարգսյանը՝ ինդիկատոր (տեսանյութ)

Տիգրան Սարգսյանը՝ ինդիկատոր (տեսանյութ)

Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը կրկին վստահեց Տիգրան Սարգսյանին։ Դա նշանակում է, որ Հայաստանում շարունակվելու է կլանաօլիգարխիկ համակարգն է՛լ ավելի կենտրոնացնելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու քաղաքականությունը։

Շարունակվելու են տնտեսական հետընթացը և արտագաղթը։ Շարունակվելու են պետական կառավարման հիմնական գործիք մնալ դեմագոգիան, ցինիզմը և կեղծ բարեպաշտությունը։

«Պայքարում ենք օլիգարխների դեմ» լոզունգի ներքո շարունակվելու է իրական օլիգարխիայի հարստացումը հանրային բարիքների հաշվին։ Որքան էլ «անկախ» լրատվամիջոցները օլիգարխիայի, այն է՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան և ընկերներ, պատվերով «Օպերացիա ինքնամաքրում» տիպի խորագրերով էժանագին թատրոններ բեմադրեն, միևնույն է, դրանով այս իշխանության բոլշևիկյան էությունը թաքցնել հնարավոր չի լինելու։

Եթե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Սերժը լեգիտիմ չէ, բայց եթե ինքնամաքրում իրականացնի՝ կլեգիտիմանա, ապա պետք է պահանջեն սկսել Տիգրան Սարգսյանից։ Թե չէ սլաքավարների հետևից ընկնելը րաֆֆիհովհաննիսյանության պես մի բան է։ Իշխանության «ողջախոհ» երիտթևի ձեռքին գործիք լինելը, ի դեպ, ոչ պակաս քստմնելի դերակատարում է, քան Սերժի համար գեղամյանություն անելը։ Ինչևէ։

Տիգրան Սարգսյանի մնալը նշանակում է նաև այն, որ իշխանության և բիզնեսի տարանջատման մասին խոսակցությունները պարզապես բլեֆ են, քանզի վարչապետը բիզնեսի և իշխանության սերտաճման քայլող մարմնավորումներից է ու կոռուպցիայի խորհրդանիշը։

Տիգրանի «բիզնեսը» պետական բյուջեի կառավարումն է, տարիներ շարունակ դոլար–դրամ փոխարժեքով խաղեր տալն է, ընկերներին ու մտերիմներին պետական տենդերներ շահել տալն է, պետական պահուստային ոսկին վաճառելն է և այլն, և այլն, և այլն։ Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, հարուստ մարդ է, մինչդեռ ՀՀ անկախությունից ի վեր աշխատել է պետական համակարգում և օրինական ճանապարհով չէր կարող այդպես հարստանալ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ ընդամենը շոու էր բեմադրում՝ բարկանալով «ատկատների» մեջ թաղված ու ձևական տենդերներ կազմակերպած Տիգրան Սարգսյանի վրա։ Իսկ եթե Սերժի բարկությունն անկեղծ էր, ապա կարելի է եզրակացնել, որ «ատկատների» հարցը վերջապես կանոնակարգվել է, և տենդերներն այլևս ուրիշների քեռի–բարեկամների փոխարեն շահում են սեփական քեռի–բարեկամները։

Պետական գնումների ոլորտում առկա «ատկատները», որից իբր բողոքում էր Սերժ Սարգսյանը, միլիոնավոր դոլարների են հասնում։ Սա նույնպես Տիգրանի Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող բիզնես է։ Ինչի՞ մասին է խոսքը։

2010թ. սկսած՝ Պետական գնումների գործակալությունից գնումների ֆունկցիաները վերցրել է կառավարությունը։ Տիգրան Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ոչ ֆորմալ կուռացիայի տակ են հայտնվել անգամ ծաղիկների ու ծաղկեպսակների գնումները։ Ամեն ինչ այնպես է կենտրոնացվել, որ մոտեցել է Սովետական Միության ստանդարտներին։

Վերջին հինգ տարում կառավարությունը շուրջ 3 մլրդ դոլարի վարկ է վերցրել և այդ միջոցների «իզնութոզը» չի երևում։ Ո՞ր մի օլիգարխ կոչվածն է գործ ունենում պետության հաշվին վերցված միլիարդավոր դոլարների հետ և հնարավորություն ստանում «ատկատային» տրամաբանությամբ օգտագործել պետբյուջեի գումարները։ Նման արտոնություններ և հնարավորություններ ունի միայն իրական օլիգարխիան, և մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանը։ Ասել է թե՝ վարչապետի «տերտերական» առոգանության և «ինծիլիգենտ» տեսքի հետևում թաքնված է հաշվենկատ վաշխառուն և ընչաքաղց գանձագողը։ Հետևաբար՝ քաղաքական անմեղսունակության կամ հաճախորդության դրսևորումներ են Տիգրան Սարգսյանից բարեփոխիչ սարքելու փորձերըը և հանրության ուշադրությունը չար «օլիգարխների» ուղղությամբ շեղելու ջանքերը։ «Օլիգարխները»Տիգրան Սարգսյանի համամետ մանր բիզնեսմեններ են։

Ավելի անարդյունավետ, դիլետանտ և ձեռքը պետական գանձարանի մեջ մտցրած վարչապետ, քան Տիգրան Սարգսյանն է, Հայաստանը չի ունեցել առաջին հանրապետության տարիներից ի վեր և դժվար թե ունենա։ Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի բացահայտել, որ, օրինակ, 2009թ. մարտի 3–ի փոխարժեքային մեքենայության շնորհիվ միայն  մեկ օրում գրպանվել է 30 մլն դոլար, իսկ ֆիքսված փոխարժեքային քաղաքականության հետևանքով պետական պահուստային դոլաները (մոտ 700 մլն ԱՄՆ դոլար) 305 դրամի հաշվարկով և գերշահույթի ակնկալիքով հայտնվել են Տիգրան Սարգսյանի սիրելի բանկային համակարգում. «քցվեցին» բոլորը, բայց շահեցին կոնկրետ բանկերն ու «բարեշրջիչները»։  

Սերժ Սարգսյանին Տիգրանի նման ենթակաները ձեռնտու են, քանզի Բաղրամյան 26–ում լրիվ այլ խնդիրներ են լուծում և այլ պահանջներ դնում Կառավարության առաջ։ Այնպես որ զարմանալ պետք չէ։ Տիգրանը գտածո է միահեծան կառավարման ձգտող Սերժի համար։

Սերժ Սարգսյանն այդպիսով յուրօրինակ մեսիջ է հղում հասարակությանը և հասկացնում, որ իրականացնելու է բոլշևիկյան հեղափոխություն վերևից՝ ամայացնելով քաղաքական ու տնտեսական դաշտը։ Սրան հակադրվել կարելի է միայն բուրժուադեմկորտական հեղափոխությամբ, ինչի դեմ այժմ «սրբազան» պատերազմի են դուրս եկել իշխանության «դհոլները», ֆեյսբուքյան «մտավորականությունը», «ազնիվ քյարփինջները», «անկախ» մամուլը, «թունդ ընդդիմադիրները», սկզբունքային «մուտիլովշիկները», սեռական շեղումներ ունեցող «քաղաքացիականները» և պարզապես «բոմժերը»։ Թե ինչ կստացվի այս ամենից, դժվար է միանշանակ կանխատեսել։

Մեկ բան, սակայն, ակնհայտ է. Տիգրան Սարգսյանի մնալը և ընդհանրապես՝ այս իշխանության վերարտադրությունը պատերազմի վերսկսման հավանականության մեծացման առումով յուրօրինակ ինդիկատոր է։

Շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ եթե Բաղրամյան 26–ի զգոն հայացքի ներքո շարունակվեն տիգրանսարգսյանական «բարեշրջումները», ապա Հայաստանը տնտեսապես կթուլանա, իսկ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված կշարունակի համալրել «Հայկական աշխարհը», ինչը կբերի մեր ու Ադրբեջանի միջև ուժային հաշվեկշռի կտրուկ փոփոխության։ Սրանից ավելի գաղջ մթնոլորտ դժվար է պատկերացնել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հրանտ Բագրատյանը դժգոհել էր Տիգրան Սարգսյանի վերանշանակման առիթով։ Հետաքրքիր է, Բագրատյանը նո՞ր հասկացավ, որ Սերժը ոչ թե իրեն, այլ Տիգրանին է նշանակելու վարչապետ։ Նա նո՞ր հասկացավ, որ իրեն ու մյուս «ֆեյքերին» ընդամենը տաշեղի տեղ են դրել Բաղրամյան 26–ում և օգտագործել ընտրական միջոցառման ժամանակ։

Եթե Հրանտին թվում էր, թե մրցակցային ֆոն ապահովելով Սերժի համար՝ կարողանալու է նրա սիրտը շահել, իսկ լավ տնտեսական ծրագրով՝ նրա գութը շարժել, ապա տառապում է մանկամտությամբ։ Դա՝ լավագույն դեպքում։ Մյուս տարբերակը գեղամյանությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը