Մեկնաբանություն

16.04.2013 13:09


Հաջորդը Վլադիմիր Գասպարյա՞նն է

Հաջորդը Վլադիմիր Գասպարյա՞նն է

Ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Պատճառը չի նշվում։ Նման դեպքերում ընդունված է ասել, որ հեռացվողն ուղարկվել է կադրերի տրամադրության տակ, իսկ կադրը հեչ տրամադրություն չունի։

Եթե հիմք ընդունենք մամուլի հրապարակումները, ապա Վլադիմիր Գասպարյանի և Ներսիկ Նազարյանի ջրերը վաղուց մի առվով չէին հոսում, և դա բնական է։ Բանն այն է, որ Ներսիկին Բաղրամյան 26–ից միշտ օգտագործել են ոստիկանական համակարգում ներքին ինտրիգներ կազմակերպելու համար։ Այդ հանգամանքը նյարդայնացնում էր ինչպես նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանին, այնպես էլ Վլադիմիր Գասպարյանին։

ՀՀ ոստիկանապետի և Երևանի ոստիկանապետի միջև ներքին լարվածությունը մշտապես խրախուսվել է նախագահական նստավայրից։ Ներսիկին անընդհատ ներշնչել են, որ գալու է ժամանակը, և ինքն է դառնալու ՀՀ ոստիկանապետ։ Մնում է, որ ղեկավարությանը «գործ տալու» հարցում Ներսիկը չթերանա։ Ու Ներսիկը չէր թերանում։

«Բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքի կիրառմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձում էր ոստիկանական համակարգը վերահսկողության տակ պահել։ Դատելով ամենից՝ Վլադիմիր Գասպարյանին հաջողվեց միահեծան համակարգ գլխավորելու իրավունք պոկել Սերժ Սարգսյանից։

Ապրիլի 9–ի դեպքերը պարզապես պատրվակ էին Ներսիկ Նազարյանից ազատվելու համար։ Վլադիմիր Գասպարյանին հիմա պարզապես պարգևավճար են տալիս ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանից «աղոթած էշ» սարքելու, այլ ԱԺ և նախագահական ընտրությունները հորով–մորով անելու համար։

Որքան էլ, որ «ժառանգության» անդամները դավադրության տեսության շրջանակներում PR անեն «զորավարի» օգտին, «թունդ ընդդիմադիրի» դիրքերից պատռեն իշխանության ներսում Սերժի չուզողների դիմակները, դառնան իշխանության «ողջախոհ» երիտթևի վկաները և բացահայտեն «չար Ներսիկի» էությունը, միևնույն է «շան գլուխն» ուրիշ տեղ է թաքնված։ Պարզ է, որ Նազարյանին աշխատանքից չեն հեռացրել Արմեն Մարտիրոսյանի քիթը ջարդելու կամ Րաֆֆիի տիկնոջ կոշիկի համար։

Վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների «փափուկ» տեխնոլոգիաներն ամբողջությամբ ոստիկանական համակարգի վրա էր դրված (շրջիկ խմբեր, կեղծ անձնագրեր, «բոմժերի» քվեարկություններ և այլն) և Վովայի համակարգը «խփեց» այնքան տոկոս, որքան անհրաժեշտ էր։

Հիմա Վովային այդ ամենի դիմաց, պատկերավոր ասած, «13–րդ աշխատավարձ» են տալիս՝ նրան թույլ տալով կադրային տեղաշարժերով մոնոլիտացնել ոստիկանությունը և վայելել քահանա–ոստիկանապետի պաշտոնը։ Իսկ թե ինչ կկատարվի դրանից հետո, դժվար չէ կռահել։

Սերժ Սարգսյանը վերարտադրվել է Վովայի օգնությամբ։ Իսկ դա նշանակում է, որ վերջինս դառնում է անցանկալի անձ Բաղրամյան 26–ի համար։ Մանավանդ որ Ծիծեռնակաբերդում «տերտերություն» անելուց հետո «զորավարի» վարկանիշը բարձրացել է պետական ապարատի ներսում և հանրության որոշակի շրջանակներում, ինչը չի կարող չնյարդայնացնել «ազատամարտի ռահվիրային»։ Զրոյական վարկանիշ ունեցող Ս. Սարգսյանին նման պաշտոնյաները դուր չեն գալիս։ 

Խոսքն այն մասին չէ, որ Վովային կհեռացնեն Նեսիկի հետևից։ Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, և ոստիկանությունը դեռ աշխատանք ունի կատարելու։ «Զորավարն» առայժմ կարող է վայելել իր ենթակայի  դեմ տարած հաղթանակի պտուղները։ Մինչև «կկուն», այսինքն՝ «Դոմինգոն», կանչի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը