Կարծիք

15.04.2013 19:19


Քաղաքականն ու աղոթքը

Քաղաքականն ու աղոթքը

Մի քիչ տխուր ա, որ Երեւանում չէի ապրիլի 9-ին ու մայիսի 5-ին էլ դեռ չեմ լինի, բայց մյուս կողմից էլ՝ հեռու լինելը իրողությունների ու դրանց նայող աչքերի արանքում տարածություն ա գոյացնում, որը հաճախ օգտակար ա տեսողության համար: Էնքան արագ կատարվեց իմ անցումը՝ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերվա ոգեւորվածությունից դեպի վերադարձս ՀԱԿ, որ ոմանք բան չհասկացան, ոմանք էլ շտապեցին ինձ անվանել անսկզբունքային: Ուրեմն երեւի թե կարիք կա գոնե երկու բառով բացատրելու իմ էդ «անսկզբունքայնության» հիմքում ընկած սկզբունքն ու տրամաբանությունը:

ՀԱԿից դուրս գալուց հետո ես փորձել էի տարբեր եղանակներ՝ շարունակելու պայքարը Հայաստանում գործող համակարգը փոխելու համար: Ոչ մեկը չէր աշխատել: Չկար, չէի գտել էն քաղաքական ուժը, որի հետ հնարավոր լիներ պայքարը ինձ բավարարող ձեւով շարունակել: Դրա համար էլ փետրվարի ընտրություններից հետո էդքան մեծ էր ոգեւորությունս, մի պահ թվաց՝ առաջնորդող քաղաքական ուժի գործոնը (կամ դրա բացակայությունը) էդքան վճռորոշ չի, քանի որ ժողովուրդը ինքնուրույն արել էր իրա քայլը՝ գնացել ու քվեարկել էր համակարգը ներկայացնողի դեմ: Րաֆֆու ոչ ստանդարտ քաղաքական ֆիգուրը, տեսականորեն, թույլ էր տալիս անել ամենատարբեր կանխատեսումներ, ու ես սկզբում արել եմ դրականները: Շատ փաստարկներ, որ էսօր բերում են Րաֆֆուն պաշտպանողները, իրանցից ավելի առաջ բերել եմ ինքս: Մասնավորապես, որ Րաֆֆու նման ոչ ստանդարտ քաղաքական գործիչը կարող ա անկանխատեսելի լինել ամենից առաջ հենց Սերժի համար: Նաեւ՝ որ 2008-ին փորձված կոշտ հակամարտության տարբերակը եթե չաշխատեց, գուցե հիմա աշխատի ոչ կոշտ հակամարտության տարբերակը, որի դեպքում գուցե հասարակության ավելի շատ շերտեր միանան պայքարին: Բայց ժամանակն անցնում առաջ էր գնում, ու ինչքան շատ էի Րաֆֆուն լսում, ինչքան շատ էր ապրիլի 9-ը մոտենում, էնքան զգում էի ոնց են մեջս էդ դրական կանխատեսումները քանդվում եւ իմ իսկ բերած փաստարկներն անհամոզիչ դառնում: Խնդիրը մենակ էն չէր, որ ես պարզ տեսնում էի՝ Րաֆֆու մեջ չկան պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու համար պահանջվող վճռականությունն ու կարողությունը: Կար ավելի վատթարը՝ կամաց կամաց իմ համար ակնհայտ դարձավ, որ Րաֆֆին ինքը եւ իրա շուրջ ձեւավորվող մթնոլորտը իրանց մեջ խտացնում ու մարմնավորում են հենց էն հիմնական մտածողական սխալը, որը խանգարում ա Հայաստանում ստեղծված համակարգը փոխելուն եւ որը իշխանությունների կողմից շահարկվող գլխավոր մտածողական կաղապարն ա: Հենց սրանում ա էն դասը, որի մասին ստատուսներիցս մեկում իմ դիմահայ ընկերներին խոստացել էի գրել:

Մտածողական էդ սխալը կայանում ա նրանում, որ քաղաքական հարցը չես ուզում կամ չես կարողանում ընկալել որպես էդպիսին՝ որպես քաղաքական հարց, տեղափոխում ես լրիվ ուրիշ՝ բարոյական հարթություն, իբր թե հեշտացնելով դրա լուծումը, իսկ իրականում՝ լուծումը դարձնելով անհնար: Էն, որ Րաֆֆին հացադուլը ձեւակերպեց որպես ծոմապահություն եւ դրանից դուրս եկավ կրոնական տոնի հետ կապելով, հենց էս սկզբունքի դրսեւորումն էր: Էս սկզբունքը Րաֆֆուն տարավ հասցրեց Վովա Գասպարյանի հետ աղոթելուն, ինչը քաղաքականապես ինքնասպանություն էր, իսկ բարոյապես՝ անընդունելի: Երբ քաղաքականը փորձում ես փոխարինել բարոյականով, պարտվում են երկուսն էլ:

Լսելով Րաֆֆու ելույթները, էն տպավորությունն էիր ստանում թե ընտրությունները կեղծելը ինչ-որ պատահական թյուրիմացություն ա, կասես՝ ամոթ ձեզ, բա չեք ամաչո՞ւմ, ու կեղծողները ամաչելով մեղա կգան: Ու ակնհայտ էր նաեւ որ իրա էս ոճով Րաֆֆին գիտակցաբար (գիտակցված լինելը երեւում էր բազմաթիվ ակնարկներից) հակադրվում ա 2007-2008-ի Տեր-Պետրոսյանի «չար» ձեռագրին, որը գալիս էր ոչ թե պարզապես «ամոթ ձեզ» ասելու, այլ կազմաքանդելու համակարգը: Այնինչ քաղաքականությունը միշտ ա չար, քաղաքականությունը շահերի արվեստն ա ու բաժանումի արվեստը, մարդկանց միշտ բաժանում ա տարբեր շահեր ունեցող հատվածների: Դրա համար էլ իշխանությունները միշտ ասում են՝ «մի քաղաքականացրեք», միշտ ընդդիմությանը մեղադրում են չար լինելու մեջ, միշտ ձեռքերը տարածում են թե՝ ի՞նչ մենք ու դուք, բոլորս հայ ենք չէ՞, բա հայը հայի դեմ դուրս կգա՞: Այսինքն շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացումները, ներքին քաղաքականության վրա են տարածում արտաքին հակառակորդի դեմ պայքարի տրամաբանությունը: Այո, պատերազմի ժամանակ, արտաքին հակառակորդի դեմ կռվելիս, մենք բոլորս մեկ «մենք» էինք ու եթե պետք լինի էլի կլինենք՝ դրսի « դուքի» դեմ: Բայց ներքին խնդիրները լուծելիս մենքն էլ դուքն էլ ներսում են, դուքը թուրքը չի, դուքը հայն ա, որը ներկայացնում կամ պաշտպանում ա գործող համակարգը: Էդ համակարգը փոխելու համար պետք ա դուրս գալ հենց հայի դեմ եւ սրանում՝ հայի դեմ դուրս գալու մեջ, ոչ մի սխալ բան չկա, առանց դրա՝ երկրում ոչինչ չի փոխվի: Էն փաստը, որ մենք հաղթեցինք Ղարաբաղի պատերազմում, բայց չենք կարողանում լուծել մեր ներքին խնդիրները, կարգի բերել մեր երկիրը, մի ահագին մասով արդյունք ա նաեւ նրա, որ էս պարզ ճշմարտությունը չհասկացողները հասարակության մեջ մեծ թիվ են կազմում, եւ իշխանությունը հաջողությամբ կարողանում ա էս թյուրըմբռնումը շահարկել:

Իրողություննն էն ա, որ էս թյուրըմբռնումի վրա հենվեց նաեւ Րաֆֆու շարժումը եւ ահագին մարդիկ (ու դրանց մեջ նաեւ հայտնի դեմքեր, օրինակ՝ Վարդան Պետրոսյանը) Րաֆֆուն միացան հենց էս պատճառով՝ չար կազմաքանդումի սպառնալիքի փոխարեն բարի «ամոթ ձեզ» ասելու պատճառով: Բայց Սերժը կամակոր քմահաճույքով ընտրությունները կեղծած պատանի չի, որ ամոթանքից կարմրի ու մեղա գա, Սերժը գլուխն ա մի համակարգի, որը քանի կա՝ ընտրությունները կեղծվելու են, ուրեմն ընդդիմության խնդիրը պետք ա լինի էդ համակարգը կազմաքանդելը, ոչ թե Սերժին, եւ մարզպետերին կամ գյուղապետերին, դարձի բերելը:

Կարճ ու ամփոփ ասած՝ Հայաստանը փոխելու համար պահանջվում ա հստակ ՔԱՂԱՔԱԿԱՆ կատեգորիաներով մտածող ու գործող ընդդիմություն: Եւ ընդհակառակը՝ ուժը կամ շարժումը, որը լղոզում ա քաղաքական հարցերը, դրանց տեղը դնելով բարոյա-կրոնական պսեւդո-հարցեր, երբեք չի կարող լինել իսկական՝ գործուն ընդդիմություն, քանի որ դրանք՝ էդ բարոյակրոնահայրենասիրական շեղող հարցերը իշխանական զինանոցի գլխավոր զենքն են:

Րաֆֆի Հովհաննիսյանն իրա ռազմավարությունն ու մարտավարությունը կազմել էր՝ հակադրվելով ՀԱԿ-ի առաջնորդին: Չգիտեմ ինչ տվեց էս հանգամանքը անձամբ Րաֆֆուն կամ Րաֆֆու շուրջ հավաքված շարժմանը: Ինչ վերաբերում ա ինձ, իմ համար էս հակադրությունը կայծակի անակնկալ բռնկման էր նման, որի լույսի տակ հանկարծ նորովի երեւաց էն, ինչը մինչեւ էդ ինքնին հասկանալի բան էր թվում՝ ՀԱԿ-ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ուժ լինելը: Ինքնին հասկանալի էր թվում, բայց պարզվեց՝ ուրիշը Հայաստանում չկա ու հնարավոր էլ չի լինում ստեղծել: Երեւի սենց դեպքերի համար են ասել՝ չկա չարիք առանց բարիքի: Ես վերադարձա:

Մարինե Պետրոսյան

Աղբյուրը՝ http://www.tert.am/blog/?p=6464

Այս խորագրի վերջին նյութերը