Մեկնաբանություն

15.04.2013 16:19


Սադրիչներն ու «սարքիչները» (տեսանյութ)

Սադրիչներն ու «սարքիչները» (տեսանյութ)

Ապրիլի 9–ին Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած շոուն ավարտվեց, բայց նստվածքը մնաց։ Հիմա սկսվել է ոստիկանների հետ բախումը հրահրողների,սադրիչների և «սարքիչների» փնտրտուքը։ Առայժմ կոնկրետ անուններ չեն տրվում։ Րաֆֆիականներից մեկը միայն պատվեր կատարեց Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մնացածները խոսում են ակնարկներով։ Նկատենք, սակայն, որ այդքան էլ բարդ գործ չէ այդ օրվա սադրիչներին փնտրելն ու գտնելը։

Քաղաքական առումով հիմնական սադրանքն իրականացրեց իշխանությունը, բայց ոչ թե երդման զույգ արարողությունների օրը, այլ շատ ավելի շուտ։

Երբ նախագահական ընտրությունները «ֆեյքային» բնույթ ստացան, և փետրվարի 18–ին «խփվեցին» նախագահի թեկնածուների տոկոսները, արդեն իսկ ակնհայտ էր, որ հանրային ընդվզում է լինելու, և սադրանքներից խուսափել հնարավոր չի լինելու։ Ասել է թե՝ քաղաքական առումով ապրիլի 9–ին տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն և սադրիչը Սերժ Սարգսյանն ու իր թիմն էին։

Տեսակետ կա, որ սադրիչներ էին բոլոր նրանք, ովքեր «հիմա» գոռացին և Ազատության հրապարակից Բաղրամյան 26 շարժվելու ցանկություն հայտնեցին։ Եթե այդ տեսանկյունից ենք վերլուծում իրավիճակն ու փորձում գտնել մեղավորներին, ապա պատասխանատուի և սադրիչի հիմնական դերը պատկանում էր «իրավատիրոջը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ նա էր, որ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե հիմա գնում ենք Բաղրամյան 26 (տե՛ս կից ներկայացված առաջին տեսանյութը)։ Ճիշտ է, Րաֆֆին դա արեց հրապարակում հավաքվածների սուլոցների և պահանջների ճնշման տակ, բայց միևնույն է, պատասխանատվությունն իրենն է։ Հարթակը զբաղեցնող անձը պարտավոր է ոչ թե հույզերով առաջնորդվել ու պահի տակ որոշում կայացնել, այլ գործել նախապես կազմված ծրագրով և սթափ մտքով։

Այո՛, «Ժառանգության» առաջնորդը Բաղրամյան փողոցի սկզբնամաս հասնելուն պես   փոխեց որոշումն ու մարդկանց մեծ մասին թողնելով փողոցում՝ «զորավարի» հետ  գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու, բայց Արմեն Մարտիրոսյանի քիթն արդեն ոստիկանները հասցրել էին ջարդել, իսկ Րաֆֆու կինը՝ Արմենուհին, հասցրել էր կորցնել էր սիրելի կոշիկը։

Եթե դու հայտարարում ես, որ հեղափոխություն ես անելու, եթե դու հայտարարում ես, որ Սերժը կերդվի միայն քո դիակի վրա, ապա չես կարող չհասկանալ, որ Բաղրամյան 26 գնալը կարող է հանգեցնել բախումների։ Իսկ եթե այդ ամենը չես կանխատեսել, ապա կա՛մ քաղաքանապես անմեղսունակ ես, կա՛մ անպատասխանատու գործիչ։

Ինչ վերաբերում է ապրիլի 9–ի երեկոյան տեղի ունեցած բուն բախումների ժամանակ աչքի ընկածներին, ապա կից ներկայացված երկրորդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ մի քանի երիտասարդ սադրանքի են դիմում և բախումնային իրավիճակ սարքում։ Ուշագրավն այն է, որ ոստիկանությունը միանգամայն լոյալ էր սադրիչների նկատմամբ և ուժ էր կիրառում այն մարդկանց դեմ, ովքեր փորձում էին չեզոքացնել կռիվ սարքողներին։

Կարծում եմ՝ սադրիչների և «սարքիչների» թեման կարելի է փակված համարել։ Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը