Մեկնաբանություն

14.04.2013 02:04


Երկրորդ ճակատի անհրաժեշտությունը

Երկրորդ ճակատի անհրաժեշտությունը

Երևանի ավագանու ընտրությունները սարերի հետևում չեն, սակայն ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից ոչ բոլորն են ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ։

Այս պահի դրությամբ ակտիվորեն ընտրարշավ են անցկացնում և միմյանց դեմ ռեալ պայքար են մղում ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն։ Եվ դա բնական է։ Այս ուժերը հաղթելու հիմնական հավակնորդներն են։

ՀՀԿ–ի հույսը, անշու՛շտ, վարչական ռեսուրսն ու ընտրակեղծիքներն են։ Իշխող ուժը շահագրգռված է ընտրությունների ապաքաղաքականացմամբ, որպեսզի հեշտությամբ կիրառի բոլորիս քաջ հայտնի մեխանիզմները։

ԲՀԿ–ն հանդես է գալիս ճիշտ հակառակ հայեցակարգով՝ հայտարարելով, որ ընտրությունները, այն էլ՝ մայրաքաղաքի ընտրությունները, չեն կարող ապաքաղաքական լինել։ Պատահական չէ, որ ԲՀԿ ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, ով ընդգծված քաղաքական գործիչ է։

Օսկանյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելով՝ ԲՀԿ–ն ուղերձ է հղում հանրությանը, որ պատրաստ է կռիվ տալ ՀՀԿ–ի մենաշնորհը վերացնելու համար։

Միայնակ, սակայն, ԲՀԿ–ն չի կարող դիմագրավել իշխանության վարչական ու ընտրակեղծիքային ռեսուրսին։ Անհրաժեշտ է երկրորդ ճակատը բացել ՀՀԿ–ի դեմ։

Պարզ է, որ ՀՀԿ–ի դեմ երկրորդ ճակատի բացումն ի զորու է իրականացնել միայն ՀԱԿ–ն իր փողոցային պայքարի փորձով և թիմով, սակայն  առայժմ այդ աշխատանքը տեսանելի չէ հանրությանը։ Դժվար է ասել, թե արդյոք դա պայմանավորված է վերջին շրջանում Ազատության հրապարակում առկա անկապ աղմուկո՞վ, ՀԱԿ հիմնադիր համագումարի նախապատրաստական աշխատանքներո՞վ, թե՞ այլ գործոններով, բայց փաստն այն է, որ ՀԱԿ–ը գործնականում դեռ չի մտել ընտրապայքարի մեջ։ Թափանիվը դեռ միացված չէ։

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դիակ է դարձել, բայց ՀԱԿ–ի շարքերն ու միջին օղակները դեռ իներցիայով փորձում են հակադարձել նրա խայթոցներին։ Մարդկայնորեն դա հասկանալի է։ Րաֆֆու հաճախորդությունն իրոք նյարդայնացնում է բոլորին, բայց պետք չէ տրվել իշխանական սադրանքներին ու շեղվել պայքարի բուն ուղղությունից։ Րաֆֆուն պետք է թողնել «Անի» հյուրանոցում և մոռանալ նրան։ 

Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկն այդ առումով շատ ճիշտ է. թողնել Րաֆֆուն, պայքարել համակարգի դեմ և բացահայտել Տարոն Մարգարյանի խամաճիկային էությունը։ Ըստ ՀԱԿ նախագահի՝ կան բոլոր հնարավորությունները Երևանում Սերժ Սարգսյանին ջախջախիչ պարտության մատնելու համար։ Իսկ թե ինչ է նշանակում իշխանափոխություն Երևանում, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Մնում է, որ ՀԱԿ–ում կարողանան միս ու արյուն տալ իրենց առաջնորդի առաջարկած ծրագրերին։ Իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ–ի ակտիվը պետք է ուշադրություն չդարձնի շեղող գործոններին և կենտրոնանա իշխանափոխության խնդրի վրա։

Շատերիս համար է պարզ, որ Րաֆֆու խնդիրը ՀՀԿ–ի թիկունքն ապահովելն ու կրակն իր վրա վերցնելն է, այսինքն՝ իշխանության դեմ երկրորդ ճակատի բացելը թույլ չտալը։ «Բարև Երևանը» դրա համար էլ մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի շեղի հարվածի թիրախը ՀՀԿ–ից և գեղամյանաբար պայքարի ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Հիմա եթե ՀԱԿ–ը մտնի այդ խաղի մեջ ու հիմնականում զբաղվի Րաֆֆու անմեղսունակ կերպարի բացահայտմամբ, ապա գնացքը կարող է գնալ։

Պետք չէ տիտղոսային ընդդիմության դերը վիճարկել «Ժառանգության» հետ։ Դրանից միայն կօգտվի ՀՀԿ–ն և արդեն իսկ օգտվում է։

Տիտղոսային ընդդիմությունը նշանակովի պաշտոն չէ։ Եթե նույնիսկ Րաֆֆին նշանակվել էր այդ պաշտոնին, ապա նրա պաշտոնավարումը շատ կարճ տևեց։ Այնպես որ, ՀԱԿ–ի հիմնական թիրախը պետք է լինի ՀՀԿ–ն։

Եթե ՀԱԿ–ում մտածում են, որ Րաֆֆին «պայթել» է, և կարելի է հանգիստ շունչ քաշել, ապա չարաչար սխալվում են։ Րաֆֆու պայթելը դեռ չի նշանակում, որ դու ավտոմատ ուժեղանում ես։ Իսկ եթե նույնիսկ պայթյունի հետևանքով ուժեղացել ես, ապա դա չի նշանակում, որ իշխանափոխությունը մայրաքաղաքում տեղի կունենա։ Առանց կռվի ՀՀԿ–ն չի հանձնի մայրաքաղաքի կառավարման ղեկը։ Իսկ որպեսզի կռիվն արդյունավետ լինի, կրկնեմ՝ անհրաժեշտ է երկրորդ ճակատը բացել։ Սա՛ պետք է լինի ՀԱԿ–ի ու նաև ՀՅԴ–ի միակ ռազմավարությունն առաջիկա ընտրություններում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը