Աշխարհ

02.07.2009 09:57


Լեզվական խտրականություն. իրական սպառնալիք, թե՞ մտացածին խնդիր

Լեզվական խտրականություն. իրական սպառնալիք, թե՞ մտացածին խնդիր

Տարիներ շարունակ Ա-ինֆո տեղեկատվական գործակալությունը բազմիցս անդրադարձել է Սամցխե-Ջավախք տարածաշրջանում առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու հրապարակմանը՝ փորձելով այս կամ այն կերպ օժանդակել դրանց կարգավորմանը տարվող գործընթացներին: Վերլուծելով և գնահատելով վերջին տարիներին Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները, առավել քան ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում ջավախահայերի նկատմամբ դրսևորվող լեզվական խտրականու­թյունը: Թեեւ վրացական կողմին մերձակա որոշ կառույցներ շարունակում են պնդել, որ ջավախահայերը ազգային իֆքնության պահպանման, առավել ևս հայերենի օգտագործման իրավունքի հետ կապված խնդիրներ չունեն, բայց պարզվում է՝ ջավախահայ շատ հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու գործիչներ, ճիշտ հակառակ երևույթն են նկատում՝ ամեն հնարավոր առիթի դեպքում չմոռանալով ահազանգել այս մասին:

Վերջերս Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից կազմակերպված «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովի մասնակիցները, ջավախահայերի նկատմամբ դրսեւորվող լեզվական խտրականության հարցը դասակարգեցին տարածաշրջանի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր­ների ցանկում: Տարբեր ելույթներ արձանագրելով գրեթե նույնաբնույթ երևույթի առկայությունը՝ վրացական իշխանություններին առաջարկում էին հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, քանի որ ազգային փոքրամասնու­թյունների իրավունքներն ու պարտականությունները ամրագրող եվրոպական համաձայնագրում հստակորեն նշված է այս մասին:

Ա-ինֆո տեղեկատվական գործակալության տնօրեն, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանն այն կարծիքին է, որ հարգելով վրացերենի օգտագործումն ու կիրառումը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, բայց նկատի ունենալով, որ տեղաբնակների զգալի մասը չի տիրապետում երկրի պետական լեզվին, պետք է տարածաշրջանում ընթացող գործավարական, դատավարական և նման այլ գործընթացներ տարվեն հայերենով, քանզի նման տարբերակն առավել քան մատչելի է ջավախահայ հասարակությանը: Բայց, սրանով հանդերձ, նա նկատում է, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններին տրամադրվելիք փաստաթղթերն ու այլ կարևոր գրություններ, անպայման կտրվեն վրացերենով:

Վերադառնալով լեզվական խտրականության դրսեւորման առավել բացահայտ ու հիմնական «օբյեկտին»՝ հանրակրթական դպրոցներին, Արտակ Գաբրիելյանը նշեց տարածաշրջանի հայկական դպրոցների տնօրենների՝ վրացերենով տարված և տարվելիք ատեստավորման գործընթացին ու դրա բերած հնարավոր խնդիրների մասին. «Թե ինչու է հայկական դպրոցի տնօրենին այդքան շատ անհրաժեշտ վրացերենի իմացությունը, որն ըստ երևույթին, արդեն ստիպողական է դառնում, կարծում ենք՝ պարզ է: Հատկապես տարածաշրջանի պետական պաշտոն զբաղեցնողներն այս հարցում այլ ելք չունեն, քանզի խաղաքարտին է դրված հենց իրենց զբաղեցրած պաշտոնն ու հեղինակությունը: Ահա թե ինչու է շատ դեպքերում վրացական կառավարության՝ ջավախահայերին շտապ «ինտեգրելու» մոլուցքը, թշնամանք առաջացնում տեղի բնակչության շրջանում, քանի որ հնարավորություն չի տրվում երկրի պետական լեզվի իմացությանը հասնել կամովին ցանկությամբ»:

Մտավորական Արթուր Գաբրիելյանի տեսակետով, խորհրդային իշխանության փլուզումից մինչև մեր օրերը, տարածաշրջանում տնտեսական, ազգային ու կրթամշակութային զարգացման ծրագրերի քողի տակ, հարձակում է սկսվել՝ ուղղված հայկական դպրոցների վերացմանն ու վրացականով փոխարինմանը: Նրա հավաստմամբ, տեղի դպրոցներում դասավանդվող հումանիտար առարկաներում, հաշվի չի առնվում ազգային առանձնահատկությունները, որոնք հատկապես նկատելի են Վրաստանի պատմության, Վրաստանի աշխարհագրության, քարտեզագրության և որոշ այլ թեմաների ու նյութերի լուսաբանման ժամանակ:

«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը ևս այն կարծիքն արտահայտեց, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում շարունակվում է լեզվական խտրականության քաղաքականության դրսևորումը. «Ազգային փոքրամասնություններին պարտադրվում է սեղմ ժամկետում տիրապետել վրացերենին: Այս պատրվակի տակ, բոլոր հայ պաշտոնյաները, դպրոցների տնօրենները վրացերենի չիմացության պատճառով, ազատվում են պաշտոններից: Սա ակնհայտ ազգային խտրականության կամ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում է»:

Սակայն խոսելով և դրական ուղղվածության գործողությունների մասին, տեղի հասարակական-քաղաքական գործիչների կողմից շեշտվում է հատկապես 2009 թ. Վրաստանի իշխանությունների կողմից՝ երկրի բոլոր հանրակրթական դպրոցների մանկավարժների համար պատրաստված անակնկալը: Պարզվում է՝ ջավախահայ մանկավարժներին առանձնապես ոգևորել էր այն ուշադրությունը, որին արժանացել էին նրանք՝ Վրաստանի Ն. Գ. նախարար Իվանե Մերաբիշվիլու կողմից ստանալով փոքրիկ նվերներ ու շնորհակալական նամակ, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից՝ շնորհավորական բացիկ, որում նա կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում է հաջողություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր աշխատանք: «Երկրի նախագահի և Ն.Գ. նախարարի շնորհավորանքներն անակնկալ էր հայ մանկավարժների համար: Ինչո՞ւ, որովհետև այն գրված էր ոչ թե վրացերենով, այլ հայերենով: Ողջունելի քայլ է: Ոչ մի օրենք չխախտվեց, ընդհակառակը, հայ ուսուցիչն իրեն շոյված զգաց, ակնածանքով ընթերցեց մեսրոպատառ շնորհավորանքները... Իսկ ինչը կխանգարի, եթե վրացերենը և հայերենը դառնան հավասարապես գործածությամբ լեզուներ: Չէ՞ որ Վրաստանի հաջողությունը նրա բազմազգ լինելու մեջ է, քանի որ այն պատմականորեն է ձևավորվել»,- հավաստում է «Լեռնաշխարհ» միության նախագահը։

Այսպիսով, շատերն են ակնհայտ համարում այն, որ տեղում անբավարար են կրթական և մշակութային կենսաապահովման պայմանները: Գյություն չունի պետական ծրագիր, որը նպատակաուղղված կլինի ազգային փոքրամասնություն­ների լեզվի, սովորույթների և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Չկա լիարժեք օրենսդրական բազա, որը կօժանդակի նրանց ընկերային և քաղաքացիական համարկման գործընթացներին: Եվ, ցավոք, վրացական իշխանություններին տարիներ շարունակ հասցեագրված՝ տարածա­շրջանի հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ մտահոգություններն ու առաջարկությունները նույնիսկ պատասխանի չեն արժանանում:

www.a-info.org

 

Այս խորագրի վերջին նյութերը