Մեկնաբանություն

12.04.2013 13:23


Րաֆֆու «տիեզերագնացությունը»

Րաֆֆու «տիեզերագնացությունը»

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին թռել է։ Այս անգամ՝ Մոսկվա։

Փաստորեն, «արևմտամետ» Րաֆֆին իր խոսքի տերը եղավ։

Ապրիլի 9–ի «պատմական» հանրահավաքի ժամանակ նա հայտարարել էր, թե պատրաստ է ոչ թե մեռնելու, այլ ապրելու, և  վաղը առավոտ գնալու է Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու և բերելու հայ ժողովրդի հաղթանակը։  Եվ գնաց։ Ճիշտ է, հաղթանակը դեռ չի բերել, բայց դե «Բարևի» հեղափոխությունը շարունակվում է և դուրս է եկել միջազգային «տռաս»։

«Զորավարի» հետ աղոթելուց հետո և տիեզերագնացության միջազգային օրվան ընդառաջ՝ դա շատ «հեղափոխական» քայլ էր։

Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Րաֆֆին այս «նեղ մաջալին» թռավ Մոսկվա, և ինչո՞ւ նա «խասիաթ» ունի կարևոր պահերին թռնելու՝ Բաղրամյան փողոցից Ծիծեռնակաբերդ, Երևանից՝ Մոսկվա։

Պատասխանը շատ պարզ է. Րաֆֆին այլ տարբերակ չուներ, քանզի քաղաքական սերիալը շարունակելու, և մինչև մայիսի 5–ի ընտրությունները մարդկանց զբաղեցնելու համար նոր շոուներ են պետք։ Րաֆֆին հիմա Իսրայել Օրի է խաղում։ Եթե պետք լինի, ապա Մարկո Պոլո էլ կխաղա և շուրջերկրյա ճանապարհորդության  կմեկնի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Րաֆֆին «դաբրո» բերելու համար պատրաստակամություն է հայտնել մեկնել նաև այլ մայրաքաղաքներ՝ արտագնա զբոսաշրջությունը մեզանում նոր թափ կհավաքի։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ հանդիսատեսը գնացել է, բայց վարագույրը դեռ չի իջնում։ Րաֆֆին սպառնում է խփել անհեթեթության ու անլրջության բոլոր ռեկորդները։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը