Մեկնաբանություն

11.04.2013 13:19


Ապրիլի 9. «թունդ հեղափոխականների» ճշմարտության պահը (տեսանյութ)

Ապրիլի 9. «թունդ հեղափոխականների» ճշմարտության պահը (տեսանյութ)

Ապրիլի 9–ի երեկոյան հավաքի ժամանակ, ընդառաջ գնալով սուլոցներին ու «Հի–մա՛»–ներին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26–ում կերուխումն ավարտված է, և իրենք կշարժվեն այնտեղ: Րաֆֆին չէր ուզում գնալ, բայց ստիպված էր։ Նա այլևս չէր կարող շոուներով զբաղեցնել հավաքվածներին։

Րաֆֆու հետ կապված ամեն ինչ պարզ է։ Նա երբեք չի թաքցրել, որ դեմ է կոշտ պայքարին և իր խնդիրը Սերժ Սարգսյանի հետ բարեհաջող «երկխոսությունն» է։ Այդ առումով նա միշտ անկեղծ է եղել ՀՀ քաղաքացիների հետ։

Այն, որ Րաֆֆին հեղափոխական չէ, գիտենք բոլորս։ Այդտեղ ամոթ բան չկա։ Մարդը այլ կերպ է պատկերացնում իր գործունեությունը։ Ու զարմանալի չէ, որ նա ամենալարված պահին լքեց Բաղրամյան փողոցն ու քահանա–ոստիկանապետի ուղեկցությամբ գնաց «Հայր մերն» արտասանելու։

Հետաքրքիր էր այդ օրը հետևել «թունդ հեղափոխականներին» և մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Հաշվի առնելով հետընտրական փուլում Նիկոլի ելույթների բովանդակությունն ու շեշտադրումները՝ թվում էր, թե ապրիլի 9–ը դառնալու է ոչ թե Րաֆֆու, այլ Նիկոլի աստեղային պահը «Ground Zero»–ից հետո։ Այդ ամենի համար կային բոլոր նպաստավոր պայմանները. մարդկանց հոծ խմբերը գրգռված վիճակում էին, իսկ «Բարևի» հեղափոխության անվանական առաջնորդ Րաֆֆին բարեհաջող թռել էր Ծիծեռնակաբերդ։ Դաշտը ազատ էր, սակայն «Հիմա»–ի գաղափարախոս Նիկոլի ձայնը չէր լսվում։

Թվում էր, թե էլ ի՜նչ քաղաքացիական պայմանագիր, էլ ի՜նչ բան։ Քաղաքացիներն ահա թափված են փողոցում՝ հավաքիր որքան կարող ես և օգտագործիր ինչպես ուզում ես։ Սակայն «Հիմա»–ի գաղափարախոս Նիկոլի ձայնը չէր լսվում։

Ոստիկանության հետ շփման առաջին գծում երևում ու լսվում էին ՀԱԿ–ը ներկայացնող շատ ու շատ երիտասարդների դեմքերն ու հանդարտեցնող ձայները, սակայն «Հիմա»ի գաղափարախոս Նիկոլի ձայնը չէր լսվում։

Վճռական գործողությունների ռահվիրա Նիկոլը ո՛չ փորձ արեց անառաջնորդ մնացածներին ուղղորդել, ո՛չ հանդարտեցնել, ո՛չ էլ գրոհի կոչով դիմել, մինչդեռ նա իրեն հենց այդպիսի՛ կերպարի մեջ է մատուցել հանրությանը և այդ թեմայով սկզբունքային անհամաձայնություն հայտնել ՀԱԿ–ի գծի հետ։

Այժմ տեղին է հիշեցնելը, թե ինչ կոդի մեջ էր Նիկոլ Փաշինյանը վերջին 1,5 տարվա ընթացքում։ Ինչպես հայտնի է, նա սկզբում երկու ձեռքով կողմ, իսկ հետին թվով դեմ էր արտահայտվել ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ինչպես նաև առաջին իսկ օրվանից պայքարել էր Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը գործնական տեսք տալու ծրագրերի դեմ և այդ հարցում ձայնակցել «անկախ» լրատվամիջոցներին։ Տակը մնում էր հեղափոխական ճանապարհով իշխանությանը հեռացնելու և զինված բախման տարբերակը։ Նիկոլը բառացի այդպես չէր հայտարարում, բայց նրա մոտեցումների ամբողջ փիլիսոփայությունը տեղավորվում էր հեղափոխական հայեցակարգի մեջ։ Պարզ է, որ եթե դու դեմ ես իշխանության հետ երկխոսությանը և միաժամանակ դեմ ես ոչիշխանական ուժերի կոնսոլիդացիայի միջոցով առանց ցնցումների իշխանափուխությանը, ապա այլ բան չի մնում, քան հեղափոխությունը, որը ենթադրում է նաև բախումներ։

Նկատենք, սակայն, Նիկոլն ապրիլի 9–ին նույնիսկ փորձ չարեց գործնական տեսք տալ իր տեսական մոտեցումներին, մինչդեռ ամեն ինչ պատրաստ էր դրա համար։ Իհարկե լավ է, որ Նիկոլը բախումներ չհրահրեց, բայց տվյալ դեպքում հարցը պետք է դիտարկել նրա խոսքի և գործի խոր հակասության տեսանկյունից։  

«Դոբրիի մեջ» հայտարարել, թե դու հրապարակ ես գալիս ընտանեկան, այլ ոչ թե քաղաքական որոշմամբ, «ատմազկայի» պես մի բան է ու խիստ հակասության մեջ է մտնում կերտածդ կերպարի հետ։ «Դոբրիի մեջ» լինելը վատ բան չէ, բայց այդ դեպքում պետք է հրաժարվել այլոց մեղադրել վճռականության պակասի, գրոհը հետաձգելու և այլնի մեջ, ինչպես նաև դուրս գալ հեղափոխականի կերպարից և զբաղվել գրասենյակային աշխատանքով։ Շատ հեշտ է կողքից շիրա տալ ու անհրաժեշտ պահին «ընտանեկան որոշմամբ» մի կողմ քաշվել՝ հայտարարելով, թե այլոց կազմակերպած երթի պատասխանատվության տակ չես ուզում մտնել։

Մեկ դիտարկում ևս. ապրիլի 9-ին հեղափոխական Նիկոլը գերադասում էր հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին և դիտորդի կարգավիճակով հետևել իրադարձությունների զարգացմանը։ Պատճառը, թերևս, այն էր, որ նա միայն մեկ միլիոն կամ առնվազն 750 հազ. մարդու առկայությամբ է պատրաստ 24 ժամ տալ իշխանություններին, իսկ մի քանի հազար հավաքվածները չեն համապատասխանում այն մասշտաբային պատկերացումներին, որոնք ունի վճռական Նիկոլը։

Նկատենք, սակայն, որ մեկ միլիոն մարդու հավաքվելու պարագայում իշխանությունները, ինչպես տատս կասեր, սեփական կամքով կհեռանան 24 ժամից էլ շուտ։ Այնպես որ, Նիկոլի հայտարարություններում, գործողություններում և դիրքորոշման մեջ այլ մոտիվներ պետք է փնտրել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այդ օրը Բաղրամյան փողոցում չերևաց մեկ այլ «թունդ հեղափոխական» Արամ Զավենի Սարգսյանի դեմքը։ Նա էլ է սիրում Նիկոլի պես բոցաշունչ ելույթներ ունենալ։ Նիկոլի ու Արամի տարբերությունն այն է, որ եթե Նիկոլը վայր չդրեց ՀԱԿ–ի շնորհիվ ստացած պատգամավորական մանդատը և դուրս չեկավ ՀԱԿ–ից, ապա Արամը մանդատից ու ՀԱԿ–ից հրաժարվեց՝ փողոցում հեղափոխություն անելու խոստմամբ։ Ապրիլի 9–ին, սակայն, Արամին չտեսանք ո՛չ հրապարակում, ո՛չ Բաղրամյան փողոցում։

Նիկոլի ու Արամի միջև մեկ այլ տարբերություն էլ նկատվեց. ապրիլի 9–ին Նիկոլը գոնե մասնակցում էր երթին և որպես օրինապահ քաղաքացի՝ հեղափոխական կոչեր չէր անում, բայց Արամն ընդհանրապես չկար։

Մի խոսքով, ապրիլի 9–ը ճշմարտության պահ դարձավ բոլոր «թունդ հեղափոխականների» համար։ Րաֆֆին, անկախ իր կամքից, պատռեց շատերի դիմակը։

 

Այս խորագրի վերջին նյութերը