Մեկնաբանություն

10.04.2013 16:11


Հակասությունների միասնությունը, մոմավառությունը և իշխանության «ողջախոհ» թևը (տեսանյութ)

Հակասությունների միասնությունը, մոմավառությունը և իշխանության «ողջախոհ» թևը  (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել։ Նախագահական ընտրապայքարի մեջ մտնելով որպես Սերժ Սարգսյանի «ֆեյք»՝ նա այլ դերակատարում ուներ, բայց իրենից անկախ հանգամանքների բերումով ստանալով պատկառելի թվով ձայներ՝ փորձեց համատեղել հաճախորդությունը և փողոցային պայքարը։ Դրա հետևանքով նրա խոսքը դարձավ լղոզված, իսկ գործողությունները՝ հակասական։

Րաֆֆին հիմա կրկնակի ճնշման տակ է։ Իշխող ռեժիմից դժգոհ զանգվածը նրանից պահանջում է իշխանափոխություն իրականացնել հիմա և այստեղ, իսկ նրա ամբողջ թիմը պահանջում է իշխանության հետ գործարքի գնալ հիմա և այստեղ։ Ասել է թե՝ երկու կողմից էլ «Հի–մա՛» են գոռում։ Դա է պատճառը, որ Րաֆֆին վերածվել է ծաղրածուի և «հոգևոր հովվի», քանզի հնարավոր չէ և՛ իշխանության «հայրենասիրական» ու «ողջախոհ» թևի (Տիգրան Սարգսյան և այլն) ձեռքին գործիք լինել, և՛ «Սերժը կերդվի միայն իմ դիակի վրա» գերարմատական խոսքեր հնչեցնել։

Րաֆֆուն այդ պայմաններում այլ բան չէր մնում, քան հայտարարել, թե Բաղրամյան փողոցով Ծիծեռնակաբերդ է գնում, բայց անմիջապես փոխել որոշումն ու մարդկանց ոստիկանների դեմ թողնելով՝ «զորավարի» հետ այլ փողոցով գնալ մոմավառության և «հոգևոր հաղորդության»։

Սխալ է այն տեսակետը, թե Րաֆֆին հոդաբաշխ խոսք չունի։ Այո՛, նա լղզոված է խոսում, բայց դա այն դեպքերում, երբ անհրաժեշտ է համատեղել հրապարակում ընդդիմադիր հայտարարություններ անելը «Րաֆֆինացված» ՕԵԿ–ության հետ։

Րաֆֆու խոսքը դառնում է հստակ, երբ նա բացահայտում է իր իրական ծրագրերը, այն է՝ Սերժ Սարգսյանից պաշտոն ուզելն ու ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրությունների գնալը։

Երեկվա թատերական ներկայացման ժամանակ Րաֆֆին նաև չթաքցրեց, որ ուզում է հետընտրական վիճակն օգտագործել Երևանի ավագանու ընտրություններում տոկոսներ հավաքելու համար։ Մնացածը դեմագոգիա է և «ողջախոհ» թևին ծառայելու պատրաստակամությունը թաքցնելու միջոց։

Ի դեպ, ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք, իշխանության «ողջախոհ» թևի հաղթանակի համար պայքարող Արմեն Մարտիրոսյանին երեկ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել։ Ոստիկանության այդ պահվածքը, թերևս, իշխանության կոռումպացված թևի և չար օլիգարխների դրդմամբ է եղել, քանզի հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչպես է «իրավատերը» «զորավարի» հետ միասին քայլել։

Եթե հիշում եք, Րաֆֆին չէր պահանջել ընտրական գործընթացը կեղծելու հարցում կարևորագույն նշանակություն ունեցող զորավարի հրաժարականը, այլ ընտրությունների օրինական ընթացքը վերահսկելու համար ուզել էր, օրինակ, արտգործնախարարությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Վլադիմիր Գասպարյանին «ժառանգությունում» համարում են իշխանության «ողջախոհ» և «հայրենասիրական» թևի ներկայացուցիչ։ Դա էր, հավանաբար, պատճառը, որ անկախ այն բանից, որ «զորավարի» ենթակաները ծեծի էին ենթարկել Մարտիրոսյանին, այդուհանդերձ Րաֆֆին Բաղրամյան փողոցը շրջանցող ճանապարհով Վովայի հետ գնաց Ծիծեռնակաբերդ։

Տեսնես Արմենին ծեծող ոստիկանները տեղյա՞կ էին, որ «Ժառանգությունում» ոստիկանության ղեկավարին իշխանության «ողջախոհ» թևի ներկայացուցիչ են համարում և պայքարում այդ թևի հաղթանակի համար։ Թերևս՝ ոչ։ Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը՝ իշխանության «հայրենասիրական» թևի մոլի երկրպագու, հանրահավաքների ժամանակ ՀՀԿ ներկայացուցչի՝ «Ժառանգության» հետ համատեղ կառավարություն կազմելու մասին խոսքերը ցիտող և ֆորմալ առումով «Ժառանգությունը» ներկայացնող Հովսեփ Խուրշուդյանն ամեն կերպ խուսափեց կոնկրետ պատասխանել այն հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, թե ինքն այլևս չի ճանաչում Սերժ Սարգսյանին ու Վեհափառին, նշանակո՞ւմ են, որ «Ժառանգությունը» վերջնականապես հրաժարվում է թուղթ ու գրիչով Սերժ Սարգսյանի մոտ գնալու և պաշտոններ ստանալու տարբերակից։

Այս խորագրի վերջին նյութերը