Քաղաքական

10.04.2013 12:45


Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ ՀՅԴ–ն այսուհետ չկանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին

Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ ՀՅԴ–ն այսուհետ չկանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին

«7օր»–ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ ապրիլի 9–ի դեպքերից հետո Դաշնակցությունը վերանայի Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հարթակում կանգնելու իր որոշումը։

–Հետագա ընթացքը մենք առանձին կվերլուծենք և կհրապարակենք մեր գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն, 2013թ. նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում միանալով Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, հայտարարեց՝ մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է։

«7օր»–ը Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ նման հայտարարություն արած ՀՅԴ–ն ինչո՞ւ երեկ ժողովրդի հետ Բաղրամյան փողոցում չէր։

–Դաշնակցությունը միշտ էլ ժողովրդի հետ է եղել ու կա՛։ Իսկ երեկ Բաղրամյանում մենք չէին կարող լինել, որովհետև այդ սցենարը նախապես կանխատեսել էինք։ Ասել էինք, որ այդ սցենարը ոչ մի լուծում չի՛ տալու։

Իսկ ԱԺ ամբիոնից Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով երեկ Բաղրամյան փողոցում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին, ընդգծել է՝ չենք կարող խուսափել սադրիչներից, բայց կարևոր է, որ քննարկումների արդյունքում քաղաքական գործիչները կարողանան իրավիճակը ճիշտ գնահատել։  

–Երիցս ճիշտ էինք, երբ պնդում էինք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի ելքը իշխանություն–ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգն է,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը