Լրահոս

01.07.2009 17:08


Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից քաղբանտարկյալ ազատամարտիկների հայտարարությունը

«Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևը:

Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձևի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած  Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը:

Դավիթ Հարությունյանի և նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի և դրա հետևանքով կալանավորված անձանց ազատ արձակման, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսման և մեղավորների բացահայտման հետ:

Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց:

Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները, Ստրասբուրգից և Երևանից սկսեցին վայրահաչել և մեզ հայրենասիրության դասեր տալ:

Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զարուհի Փոստանջյանը:

Մենք, Արցախյան ազատամարտի մասնակիցներս, և ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի և նրա լավագույն զավակների պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել և ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները՝ օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են և անբարո իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ և քծնող:

1988-ին սկսված ղարաբաղյան շարժումը այնուհետև վերաճեց Արցախյան Ազատամարտի: Ազգովին ոտքի կանգնեցինք, պաշտպանեցինք Արցախում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, Հայի արժանապատվությունը, ազատագրեցինք բռնազավթած մեր հայրենիքի մի մասը:

Արտաքին թշնամուն հաղթելուց հետո, հայ ժողովուրդը զբաղված լինելով պատերազմի ժամանակ Հայրենիքին հասցրած վերքերը բուժելով, անուշադրության մատնեց այն իրողությունը, որ Հայաստանում իշխանությունը աստիճանաբար բռնազավթում էին պատեհապաշտները, հոգով տկարները, էությամբ վաշխառուները:

Այսօր հայ ժողովուրդը պայքարում է օտար, Հային ոչ հարիր արժեհամակարգ պարտադրել ցանկացող իշխանիկների, նրանց կամակատարների, կրիմինալ տարրերի, Արցախյան ազատամարտի տարիներին «մկան ծակը փողով առած» և վախից կանանց փեշի տակը մտած, իսկ այսօր իշխանության բուրգի գագաթին հասած, մեզ հայրենասիրության դասեր տվող, «Հայրենասերին»  և «Դավաճանին» զանազանող, հայ ժողովրդին կեղեքող, Հայաստան երկիրը օտարին հանձնող մարդուկների դեմ:

Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաև ներքինին»։ Հայտարարությունը ստորագրել են քաղբանտարկյալ ազատամարտիկներ՝

Սասուն Միքայելյան

Մուշեղ Սաղաթելյան

Մկրտիչ Սափեյան

Ժորա Սափեյան

Հարություն Ուռուտյան

Մյասնիկ Մալխասյան

Հակոբ Հակոբյան

Սմբատ Այվազյան

Դավիթ Մաթևոսյան

Հովհաննես Հարությունյան

Ժիրայր Սեֆիլյան

Հուսիկ Բաղդասարյան

Վարդան Մալխասյան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը