Քաղաքական

08.04.2013 15:27


ՀՅԴ-ն չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը

ՀՅԴ-ն չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը:

Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռևս բավարար չափով  ընկալում չի գտնում նաև քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Համոզված ենք` ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված` իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական և խորքային բարեփոխումներն են։

Իշխանությունները պարտավոր են, սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու` համընդհանուր հրամայականը։ Մեկնելով այս հաստատումներից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարում է, որ

  1. չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին,
  2. արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից  քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը