Աշխարհ

01.07.2009 16:38


Լևոն Մելիք–Շահնազարյան. «Մուսավին օգտագործում է անգամ անբարոյական կանանց»

Լևոն Մելիք–Շահնազարյան. «Մուսավին օգտագործում է անգամ անբարոյական կանանց»

-Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Իրանում,  մեծ վտանգ է սպառնում ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի,-խոսելով Իրանի հետընտրական զարգացումների մասին՝ ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Նա նշել է, որ Իրանը վերջին տարիներին տարածաշրջանի ամենակայուն երկիրն է եղել և դրանով նպաստել է կայունությանը։

-Եթե Իրանում լուրջ պատերազմ սկսվի, ապա ամբողջ տարածաշրջանը կարող է բռնկվել՝ անկախ Ադրբեջանի կամքից, անկախ մե՛ր կամքից։ Դա իսկապես հնարավոր է. քրդերը կսկսեն իրենց ապստամբությունը Թուրքիայում, Իրաքում կսկսվեն նոր շարժումներ, մանավանդ, որ ամերիկյան բանակը դուրս է գալիս,- ասել է քաղաքագետը։

Նա նշել է, որ օգտվելով իրավիճակից՝ Ադրբեջանն էլ կարող  է պատերազմական գործողություններ ծավալել։

-Ադրբեջանին ռազմական գործուղություն ծավալելու համար մի առիթ է պետք ընդամենը. որ ինքը մեզանից ուժեղ լինի։ Այ, եթե Ադրբեջանը մեզանից ուժեղ լինի, ինքն այդ առիթը բաց չի թողնի։ Ուրիշ առիթ Ադրբեջանն ունենալ չի կարող,- հավելել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը նշել է, որ Իրանում վտանգի ազդանշանը հնչել է, երբ Մուսավին երկրի էթնիկանակ մասերին է անդրադարձել։

- Նա ասաց՝ եթե ես դառնամ նախագահ, բոլոր էթնիկական խմբերը կկարողանան իրենց լեզվով դպրոցներ, թերթեր բացել և այլն։ Էթնիկական փոքրամասնություն հասկացություն  Իրանում չի եղել, եղել է կրոնական։ Դրանք ընդամենը 4-ն են՝  զրադաշտականները,  հայերը, ասորիները, հրեանեը։ Մնացածը համարվում  է մեկ ազգ և այդ ձևով ապրում է։ Մուսավին խաղաց այդ զգացմունքների վրա և Իրանի հենարանը տակից հանեց՝ ոչնչով չփոխարինելով,- ասել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ Մուսավին իր ուզածին հասնելու համար  օգտագործում է  նույնիսկ անբորայական կանանց։

-Այդ կանայք դուս են գալիս փողոց, փակում են փողոցն ու գոռում՝ Մուսավի՛, Մուսավի՛։ Անգամ Մուսավիի երկրպագուները զզվում են այդ կանանցից,- ասել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Այնուամեայնիվ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այս անգամ, ամենայն հավանականությամբ, Իրանում կրքերը կհանդարտվեն, սակայն չի վերանա նոր գունավոր հեղափոխություն իրականացնելու հավանականությունը։

Հեղինե  Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը