Քաղաքական

08.04.2013 13:44


Երվանդ Բոզոյան. ««Ժառանգության» բոլոր արարողակարգերը շոուներ էին»

Երվանդ Բոզոյան. ««Ժառանգության» բոլոր արարողակարգերը շոուներ էին»

Երեկ պաշտոնապես սկսվեց մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ շատ քաղաքական ուժեր են մասնակցում այս ընտրություններին և հետևաբար ընտրությունները մրցակցային կլինեն. «Ընտրությունները ցույց կտան, թե ուժերն իրենցից ինչ են ներկայացնում: ԲՀԿ-ն բավականին լուրջ մասնակցություն կունենա և հիմնական պայքարը կգնա իշխող կուսակցության և ԲՀԿ-ի միջև: ՀԱԿ-ը փոքր- ինչ բարդ վիճակում է հայտնվել, սակայն ունի նաև դրական կողմեր: «Ժառանգությունը» կբարելավի իր դիրքերը, սակայն եթե համեմատենք նախագահական ընտրությունների հետ, բնականաբար` ավելի քիչ ձայն կհավաքի»: 

Նա նշեց, որ հիմնական պայքարը տեղի է ունենալու իշխող ՀՀԿ–ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև. «Եթե ոչ իշխանական ուժերը վերահսկեն ընտրությունների ընթացքը և կարողանան միասին ավելի շատ ձայներ հավաքել, քան իշխանության թեկնածուն, այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանության ներկայացուցիչը»:

Խոսելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների և դրանից հետո տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին` Բոզոյանը նշեց, որ գործող նախագահի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մինչ վաղը տեղի չի ունենա. «Ես մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման: Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումները շատ են տարբերվում։ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են: Իրենք ընդհանուր հայտարարի չեն կարող գալ»: 

Ըստ բանախոսի` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն ու քայլերն անհամարժեք էին, իսկ բոլոր արարողակարգերը՝ շոուներ. «Սերժ Սարգսյանը ևս ցանկանում է գնալ կոմպրոմիսի, բայց չի ուզում, որ դա վարկաբեկի իրեն»: 

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ գործող նախագահը որպես փոխզիջում Երևանը զիջի Րաֆֆի Հովհաննիսյանին, բանախոսը պատասխանեց, որ Երևանը ոչ մեկի բոստանը չէ, որ մեկը մյուսին կարողանա զիջել կամ որ որոշեն ախպերավարի բաժանել, թե ում՝ որքան:

Այս խորագրի վերջին նյութերը