Քաղաքական

06.04.2013 12:25


ՀՀԿ–ն դեմ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երդվի

ՀՀԿ–ն դեմ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երդվի

Իշխող Հանրապետական կուսակցությունը «որեւէ խնդիր չի տեսնում» ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքի հետ: 
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք նորմալ են վերաբերվում այդ միջոցառմանը, եթե այնտեղ չլինեն «հակաօրինական» կամ «քրեական» դրսեւորումներ:

Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ ինքն այստեղ հեռուն տանող քայլեր չի տեսնում:

«Իրենք սկսեցին ծիրանագույն հեղափոխությունից, եկան բարևի հեղափոխություն, նոր Հայաստանի… ինչ-որ մի պահ կարող է լինել ավելի նոր Հայաստանի կամ Րաֆֆիի Հայաստանի հեղափոխություն: Որեւէ խնդիր չեմ տեսնում հանրահավաքի կամ իրենց միջոցառումների մեջ, բայց բովանդակային եւ հեռուն տանող որեւէ քայլ չեմ տեսնում: Ո՞ւմ նախագահն են կարգելու, լավ, նախագահ հռչակեցին, կարգեցին, լավ, հազար հոգի գոռացին` «Րաֆֆի, նախագահ», տրամաբանություն չկա, իմաստ գոյություն չունի: Հո ծուռ հայելիների  թագավորությունը չէ՞… Այն չունի իրավական հետեւանք, չունի ապագա, չունի հաջորդական քայլ, որը բովանդակության մեջ կլինի: Եթե կարգեն նախագահ, դրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ իր հրամաններով իշխանությունը պետք է վերցնեն, իշխանական որոշակի գործառույթներ իրականացնեն եւ այլն: Դա արդեն իշխանության ուզուրպացիա է, զավթում է, դրանք քրեական օրենսգրքի հատկանիշներ են: Սա այլ հարթության խոսակցություն է, ես չեմ ուզում նույնիսկ մտովի տեղափոխվել այս հարթություն, եւ վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի ուզում մտնել այդ տիրույթ, որովհետեւ այնտեղ որեւէ լավ բան չկա` հատկապես իր համար»,–հայտարարել է Սահակյանը:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել էր Ազատության հրապարակ` մասնակցելու «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: Անդրադառնալով այս հրավերին` Սահակյանն ասել է.

«Մեր քաղաքական դաշտում ոչ վաղ անցյալում միակ կարեւորագույն հարցը եղել էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ, թե` ոչ: Եվ այսօր հրավիրել են Հովհաննիսյանի երդմնակալությանը կամ թագադրմանը, բայց բավականին լուրջ այլ խնդիրներ կան: Գնալով կամ չգնալով ի՞նչ է փոխվելու: Դուրս է գալիս, որ հրապարակային բացօթյա թատրոնի ականատեսն ենք: Բայց չէ՞ որ երկրի նախագահը նշեց, որ պատրաստ է թուղթ ու գրիչով նստել, ավելի լուրջ քննարկել, ես կարծում եմ՝ սա ավելի լուրջ շեշտադրում է, քան Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» թագադրումը»:
Իսկ հնարավո՞ր է՝ մինչ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհանդերձ, հանդիպեն: Հարցին, Հ. Սահակյանը պատասխանել է.
«Իսկ եթե 9-ից հետո, ենթադրենք՝ ամսի 10-ին լինի հանդիպո՞ւմը, ինչ-որ մի բան կորցնելո՞ւ ենք, կամ փոխվելո՞ւ է: Ես կարծում եմ` ոչ: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի բովանդակային: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպի Սերժ Սարգսյանին թեկուզ X վայրում, զրուցեն, եւ եթե զրույցի մեջ երկու կողմերը պատրաստ են գնալ ընդառաջ` խնդիրների լուծման առումով, ես կարծում եմ, այստեղ ոչ ժամը, ոչ տեղը, ոչ էլ հագուստը էական նշանակություն չունեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը