Կարծիք

05.04.2013 23:35


Եկե՛ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը

Եկե՛ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը

ՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը

Ազատության հրապարակ

05.04.2013թ.

Սիրելի ժողովուրդ

Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ:

Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝

- ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային և արմատական վերափոխումը,

-գալ իշխանության Երևան քաղաքում:

Այս երկու գործընթացները միմյանց փոխլրացնող են, կարող են շարժում հունավորել ու կազմակերպել և ժողովրդի համար կոնկրետ շոշափելի արդյունք ապահովել: Առանց այդպիսի արդյունքի մյուս տիպի գործընթացները կարող են կա'մ, մարդկանց մեջ հուսահատություն առաջացնելով, մաշել շարժումը, կա'մ, տանելով արյունալի բախումների, հասցնել զոհերի: Ինչ վերաբերում է առաջին նպատակին:

Այսօր իշխանությունների կողմից դրսևորվող` բանակցելու պատրաստակամությունը, իհարկե, լավ է, բայց չի կարող գոհացուցիչ լինել և չի հանգեցնի պարբերաբար կրկնվող հետընտրական լարվածությունների թուլացմանը, քանի դեռ իշխանությունները խուսափում են ընդունել երկրում կուտակված խնդիրների ողջ ծավալն ու լրջությունը և դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտությունը: Իսկ բոլոր ցավերի և անարդարությունների պատճառների պատճառը, բազմիցս ասել ենք, մեկն է՝ իշխող կուսակցության և պետության նույնացումը: Սրա պատճառով է, որ պետությունը ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում է վարչախմբին և նրան սպասարկող շրջանակին:

Ահա բոլոր անարդարությունների աղբյուրը: Եվ հենց սա է, որ իշխանությունները խուսափում են ընդունել: Մեզ առաջարկում են երկխոսություն, բայց անհասցե և մակերեսային փոփոխությունների շուրջ: Մենք կտրականապես դեմ ենք դրան և մերժել ենք այդ առաջարկը: Մենք չենք պատրաստվում ներքաշվել այնպիսի մի անպտուղ և ինքնանպատակ երկխոսության մեջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը:

Այո, մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, բայց հստակ ուղղվածությամբ, որ վերջ դնեն նախագահական այս միահեծան իշխանությանը և հաստատեն կառավարման խորհրդարանական համակարգ: Այո, մեզ պետք են ընտրական բարեփոխումներ, բայց հստակ նպատակով, որ վերջ դնեն իշխանության վերարտադրումն անընդհատ ապահովող այս խայտառակ մեծամասնական ընտրակարգին և քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը տան լուրջ գործիքներ՝ փաստելու ընտրախախտումների անհրաժեշտ ծավալն ու անվավեր ճանաչելու կեղծված ընտրությունները:

Վերջապես, Հայաստանում պետք է ավանդույթ դառնա՝ տրամադրել ընդդիմությանը օրենքի ուժով իշխանություններին վերահսկելու և հակակշելու հնարավորություն: Այսօր, հակառակ ավանդույթի, զոհ ենք բոլորս, երբ իշխանությունները, չկաշկանդվելով և չվերահսկվելով, դառնում են անսանձ ու ամբարտավան՝ այլասերելով իրենք իրենց ու իրենց շրջապատին:

Հետևաբար, եթե շատ հակիրճ ձևակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ: Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով: Հենց այսպիսի մի հանգրվան է հատկապես մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմության իշխանությունը Երևան քաղաքում: Դժվար է գերագնահատել դրա նշանակությունը թե' մեր այս ընդդիմադիր շարժման և թե' հատկապես երևանցիների ու մեր երկրի ժողովրդավարացման համար: Մի բան է ընդդիմության ներուժը և ժողովրդային շարժումը առանց այսպիսի լծակի, բոլորովին այլ՝ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում: Հաճախ ժողովրդավարական գործընթացները հզոր թափ են ստացել հենց այդ ճանապարհով: Եվ պատահական չէ, որ իշխանություններն ամեն ինչ արել և անելու են, որպեսզի նսեմացնեն քաղաքական նշանակությունն այս ընտրությունների՝ դրանք ներկայացնելով որպես զուտ տեղական նշանակության միջոցառում, որը կոչված է լուծելու սոսկ թաղային կենցաղ-սպասարկման հարցեր:

Իհարկե, հատուկ անտեսվում է այն, որ խոսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացված է երկրի գրեթե ողջ ռեսուրսը, որ մայրաքաղաքի կառավարումը իրականացվում է այդ պատճառով հատուկ օրենքով, որ այդ օրենքով նախատեսված` քաղաքապետի և ավագանու բազմաթիվ լիազորություններ լիարժեք չեն իրացվում, որովհետև, ներկայացնելով նույն կուսակցությունը, այդ սուբյեկտները ընտրվածից փաստացի վերածվում են իրենց վերադասի կողմից նշանակվածների: Սրա վկայությունն է, որ 4 տարվա ընթացքում երեք քաղաքապետ են փոխել:

Ընդդիմության հաղթանակի դեպքում նման իրավիճակ չէր կարող լինել: Ճիշտ հակառակը` վերջ կդրվի իշխանության այս միահեծան դրվածքին: Ավելին` ընդդիմությունը հնարավորություն կունենա ցույց տալու, թե ինչպես կարելի է ժողովրդի իշխանությունը, թեկուզև առանձին վերցրած մի տարածքում հաստատելով, հասնել ավելի լավ կառավարման և օրինականության ու կարգուկանոնի հաստատման: Ահա այս պատճառով է, որ ընդդիմությունը, ի հեճուկս իշխանությունների, պետք է կարողանա առավելագույնս քաղաքականացնել այս ընտրապայքարը: Որովհետև սա պայքար չէ ավագանիում մի քանի տեղ ունենալու համար, սա պայքար է ժողովրդին ներկայացնող ընդդիմության իշխանությունը Երևանում հաստատելու համար: Իսկ Երևանում ձեռք բերված իշխանությունը կդառնա Հայաստանում ամբողջական իշխանափոխության համար մղվող պայքարի հզոր միջնաբերդը:

Այս վճռականությունն է ուզում մեր ժողովրդին հաղորդել Դաշնակցությունը իր կարգախոսով՝ «Երևա'ն, փոխի'ր Հայաստանը»:

Սիրելի' ժողովուրդ, մայիսի 5-ին շատ իրական է գալ իշխանության Երևանում: Դրա համար մեզ պետք է համախմբված պայքար լայն ճակատով: Եվ պայքարը չի սահմանափակվում միայն Երևանով: Մարզերից այսօր պետք է քաջալերեն երևանցիներին` ակտիվորեն մասնակցելու ընտրություններին, որովհետև սա հաղթանակ կբերի նաև մարզերին:

Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և ոչինչ դեռ կորած չէ: Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին: Սա հնարավորություն կտա կողմնորոշել և համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և էապես փոքրացնել իշխանության դաշտը: Այսպիսով, քվեարկությունը Երևանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի: Իսկ դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի ուղղակի ընտրությամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով: Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը:

Եկե՛ք միասին` Երևանով փոխենք Հայաստանը:

Այս խորագրի վերջին նյութերը