Քաղաքական

20.01.2011 16:16


ՀՌԱԿ ատենապետ. «Մենք ցանկություն ունենք գալու իշխանության»

ՀՌԱԿ ատենապետ. «Մենք ցանկություն ունենք գալու իշխանության»

Հունվարի 20-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՌԱԿ 19-րդ համագումարը, որին մասնակցել է նաև ՀՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խալաբյանը։

Ելույթ ունենալով՝ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանն առաջարկել է համագումարն անցկացնել 2 նիստով՝ հունվարի 20-ին անցկացնել ատենապետի ընտրություններ, այնուհետև մեկ ամիս անց, երբ հանրապետական վարչությունը պատրաստ կլինի, ներկայացնել կուսակցության քաղաքական ուղեգիծը։ Նրա առաջարկությունն ընդունվել է։

Խոսելով կուսակցության անցած ճանապարհի մասին՝ նա ընդգծել է, որ այն կարողացել է դիմակայել անգամ, երբ վարչապետն էր դուրս եկել ՀՌԱԿ-ի դեմ՝ փորձելով պառակտել։ Դա արվել է պարզունակ ձևով՝ նույնանուն 4-հոգանոց կուսակցություն ստեղծելով։

Իր հրաժարականի մասին խոսելիս Հ. Առաքելյանն ասել է, թե չի ցանկանում, որ կարծիք ձևավորվի, թե կուսակցության վրա ճնշում է գործադրվել կամ նման այլ խնդիր կա։

-Երբ 2009թ. ես ընտրվեցի աշխարհասփյուռ կառույցի փոխնախագահ, ստացվեց այնպես, որ համատեղում էի և՛ ատենապետի պաշտոնը, և՛ սփյուռքի փոխնախագահի պաշտոնը։ Միգուցե այն տարիներին հնարավոր էր համատեղել, բայց քանի որ առջևում ընտրություններ են, կարծում եմ՝ լուրջ աշխատանքի բաժանում պետք է տեղի ունենա կուսակցության ներսում, և այդ կապակցությամբ եղավ իմ հրաժարականը,-ընդգծել է Հարություն Առաքելյանը։

Ավարտելով խոսքը՝ նա նշել է, թե որպես ատենապետի թեկնածու ինքն առաջարկում է Էդվարդ Անտինյանին, քանի որ նրան առաջարկելիս իր խիղճը հանգիստ է։

-Չմտածեք, թե գնում եմ։ Ես ինքս որպես ՀՀ քաղաքացի՝ մնում եմ կուսակցական։ Որևէ մեկը թող չմտածի, թե թիմում ինչ-որ փոփոխություն է եղել։ Իսկ նոր ատենապետին «прошу любить и жаловать»,-ամփոփել է Հ. Առաքելյանը։

Ատենապետի այլ թեկնածու չի առաջադրվել, և Էդվարդ Անտինյանը միաձայն ընտրվել է ՀՌԱԿ ատենապետ, ինչից հետո ելույթ է ունեցել։

-Այսօր մենք գնալու ենք ընտրության։ Բայց մենք ցանկություն ունե՞նք արդյոք մասնակցել ընտրություններին և արտահաստիքային ընդդիմությունից դառնանք հաստիքային։ Ո՛չ։ Մենք ցանկություն ունենք գալու իշխանության և մեր ծրագրերն իրագործել,-ասել է Էդվարդ Անտինյանը։

Այս առումով նա նշել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ արտահերթ համագումար պետք է անցկացնել և այնտեղ որոշել՝ ընտրություններին ՀՌԱԿ-ը գնում միայնա՞կ, թե՞ թիմով։ Այսօր կուսակցությունը, նրա խոսքերով, մի խնդիր ունի՝ հզորացնել այն։

-Այսօր հսկայական հեղինակավոր մարդիկ, նաև կուսակցության առաջնորդներ, փորձեցին իշխանությունների կողքին կանգնել։ Ինչո՞ւ միանգամից հեղինակազրկվեցին։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Որովհետև նրանք չգնացին իրենց փորձով ասեն՝ հարգելի՛ իշխանություններ, այս բանը լավ չես անում, այսպես արա։ Նրանք իշխանության արածը ժողովրդին թարգմանելու ճանապարհով գնացին,-ասել է Է. Անտինյանը։

Նա նշել է, թե շատ կարևոր է այնպես անել, որ պետության հետ համագործակցությունը լինի արդյունավետ։

Էդվարդ Անտինյանն ասել է, թե ՀՌԱԿ-ն ցանկանում է ՀՀ քաղաքական դաշտում լիբերալ-դեմոկրատական արժեքներն առաջ տանել, քանի որ այսօր այդ արժեքները ներկայացնող չկա։ Նա ընդգծել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունն ընդդիմադիր է։

-Պատահական չէ, որ կուսակցությունը գործում է Ավստրալիայից մինչև Կանադա։ Այսօր զուգադիպությամբ համագումարին մասնակցում են և՛ Ավստրալիայից, և՛ Կանադայից։ Ժամանակին անգլիական թագավորության մասին էին ասում, թե այնտեղ արևը մայր չի մտնում՝ մի տեղ լույսը բացվում է, մյուս տեղ մայր մտնում։ ՌԱԿ-ում, որը գործում է Ավստրալիայից մինչև Կանադա, արևը մայր չի մտնում,-ասել է նորընտիր ատենապետը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը