Լրահոս

04.04.2013 15:43


Տիգրան Սարգսյան. «Համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է»

Տիգրան Սարգսյան. «Համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։ Դրանցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է օրենքի հայեցակարգը համապարփակ ձևով ներկայացնել հանրությանը։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, և մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք,–հավելել է վարչապետը։–Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել, և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար։ Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»։

Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ նախարարությունը հեռուստատեսությամբ այդ տեղեկությունը պարբերաբար ներկայացնի հանրությանը, ինչը, մյուս կողմից, կառաջացնի մասնավոր հատվածի հետաքրքրությունը` նախարարության հետ համագործակցելու, քանի որ պետությունն ակտիվ քաղաքականություն է վարում. այդ դեպքում մասնավորն էլ կդիմի նախարարություն և թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն կտա։

Այս խորագրի վերջին նյութերը