Լրահոս

03.04.2013 13:45


Արտգործնախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին

Արտգործնախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է  ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձան այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման և այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը