Մեկնաբանություն

03.04.2013 13:35


Ընտրովի՞, թե՞ նշանակովի քաղաքապետ

Ընտրովի՞, թե՞ նշանակովի քաղաքապետ

Իրական ժողովրդավարությունը սկսվում է համայնքներից։ Սա գործնականում ապացուցված թեզ է։

Իշխանության կենտրոնացման և ապակենտրոնացման ճիշտ հաշվեկշիռը հնարավորություն է տալիս զարգացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու կյանքի կոչել քաղաքական մրցակցության գաղափարը։

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում համայնքային ընտրություններում արձանագրվող արդյունքները կանխորոշում են համապետական մասշտաբի ընտրությունների ելքը։ Ավտորիտար երկրներում հակառակ պատկերն է. վերևից է որոշվում, թե ինչպիսին պետք է լինի համայնքային իշխանության քաղաքական կողմնորոշումը։

Հայաստանում դեռևս չեն ձևավորվել ժողովրդավարական խաղի կանոններ։ Առկա է իշխանության կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը թույլ չի տալիս երկրի համաչափ զարգացում ապահովել։ Տեղական ինքնակառավարման համակարգը մեզանում դարձել է իշխող ուժի կցորդը։ Պատճառը շատ պարզ է՝ չկա ֆինանսական անկախություն, ինչն իր հերթին բերում է համայնքների ինքնուրույնության զրոյացման։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում քաղաքական իշխանության և տնտեսության կենտրոնացվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Տեղական ինքնակառավարման մարմիններն է՛լ ավելի են զրկվել ինքնուրույնությունից։ Այս ամենն ամբողջությամբ տեղավորվում է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերի մեջ։

Սարգսյանի պատկերացրած երկրում ընտրությունները պետք է կրեն ձևական բնույթ, իսկ տնտեսությունը պետք է կառավարվի նեոբոլշևիկյան մոդելով։ Թեկուզև փոքրիկ ինքնուրույնություն ունեցող կառույցները կամ մարդիկ պարզապես սարսափեցնում են ՀՀԿ ղեկավարին, ում երազանքն այն է, որ պատգամավորները, համայնքի ղեկավարներն ու ավագանին, խոշոր բիզնեսմենները լինեն իր կողմից նշանակովի։ Վերջին տարիներին նա այդ գործում ահագին հաջողությունների է հասել։

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, և Սերժ Սարգսյանը կրկին ուզում է ունենալ նշանակովի քաղաքապետ՝ ի դեմս քաղաքականապես անմեղսունակ, «ատկատները» ժամանակին տեղ հասցնող և Բաղրամյան 26–ի կամակատար Տարոն Մարգարյանի։

Թեև 2005–ի սահմանադրական փոփոխություններով մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ստացան անուղղակիորեն ընտրել Երևանի քաղաքապետին, սակայն Սարգսյանն ու իր նեղ շրջապատն ամեն ինչ արեցին, որպեսզի դե ֆակտո այդպես չլինի։

Շատերն են հիշում, թե ինչպիսի «մուտիլովկայով» քաղաքապետի պաշտոնից հեռացվեց Գագիկ Բեգլարյանը։ Անկախ այն բանից, թե ինչպես էր ընտրվել և ինչպես էր կառավարում մայրաքաղաքը Բեգլարյանը, ակնհայտ էր, որ նա ուներ որոշակի ինքնուրույնություն, ինչը ենթադրում էր նաև մայրաքաղաքի բյուջեի տնօրինման ինքնուրույնություն։ Դա չէր մտնում Սերժ Սարգսյանի ու նրան կցված «ողջախոհ» երիտթևի՝ երիտօլիգարխիայի պլանների մեջ։ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ջատագովների համար անընդունելի և անհանդուրժելի էր մայրաքաղաքի կառավարման համակարգում առկա փողերի ավտոնոմ պտույտը, և նրանք «դոմինգոյի էֆեկտով» փոխեցին իրերի դրությունը։

Բեգլարյանն անսահմանորեն նվիրված էր Սարգսյանին, բայց դա չօգնեց նրան, քանզի վերջինիս պետք են բառիս բուն իմաստով զրոներ։ Սերժի համակարգում նվիրվածությունը դեռ երաշխիք չէ, որ կմնաս քո տեղում։ Նվիրվածությունից բացի պետք է նաև «անասուն» լինել և թաշկինակից օգտվելիս անգամ ճշտվել «վերևի» հետ։

Երևանում անդեմ քաղաքապետի դերում սկզբում փորձարկվեց «դրայվեր» Կարեն Կարապետյանը, բայց երբ պարզվեց, որ նա թեև Բաղրամյան 26–ի հրահանգները կատարում է պիոներիկի պես, բայց միևնույն ժամանակ սիրում է փողն ինքնուրույն տնօրինել, իսկույն հեռացվեց։ Քաղաքապետ նշանակվեց Տարոն Մարգարյանը, ով անդեմ մեկն է և աշխատում է «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» սկզբունքին հավատարիմ։ Ճիշտ է, Տարոնն էլ փողի հանդեպ թուլություն ունի, բայց դա անում է Բաղրամյան 26–ի զգոն հայացքի ներքո։

Մայիսի 5–ին Տարոնը, ի տարբերություն 2009–ի, արդեն որպես ՀՀԿ ցուցակի առաջին համար է ներկայանում ընտրողներին և ֆորմալ առումով հայտ ներկայացնում ընտրովի դառնալ, բայց քանի որ նրա «ընտրությունը» փորձ է արվելու ապահովել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից շատ հարգված «զորավարի» պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ, ապա մենք կրկին հնարավորություն չենք ունենա մայրաքաղաքի ղեկին տեսնել սեփական «ես»–ն ունեցող քաղաքապետ, եթե, իհարկե, ոչիշխանական ուժերին չհաջողվի խափանել Տարոնի համար տոկոս «խփելու» ծրագրերը։

Տարոնի քաղաքապետ մնալու դեպքում իշխանության կենտրոնացվածության մակարդակը շարունակելու է բարձր մնալ, իսկ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ ցածր։

Մայրաքաղաքի ղեկավար մարմինը՝ ավագանին ու քաղաքապետը, պետք է լինեն ընտրովի, որպեսզի նրանք հաշվետու լինեն ոչ թե նախագահական նստավայրին, այլ քաղաքացիներին։ Մայրաքաղաքին պետք է ոչ թե Տարոնի պես «պռառաբ», այլ քաղաքական դիմագիծ ունեցող ինքնուրույն քաղաքապետ և իրական կոալիցիա կազմած ավագանի։ Միայն այդպես հնարավոր կլինի հակակշռել Սերժի իշխանությանը և լուծել մայրաքաղաքի բնակիչների հոգսերը։

Փոփոխությունները պետք է սկսել Երևանից և իշխանությունը վերադարձնել քաղաքացուն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը