Լրահոս

03.04.2013 12:27


Կովկասի աճի ֆոնդը Հայաստանում ստորագրում է առաջին ներդրումային համաձայնագիրը

Կովկասի աճի ֆոնդը Հայաստանում ստորագրում է առաջին ներդրումային համաձայնագիրը

Ապրիլի 3-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» (ՓՁԱՖ) կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարեցին ՓՁԱՖ-ի կողմից կառավարվող Կովկասի աճի ֆոնդի բաժնեմասնակցությամբ առաջին ներդրումը Հայաստանում: Կովկասի աճի ֆոնդի կողմից ներդրումային համաձայնագիրը ստորագրեց գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, իսկ ապրանքների ներկրմամբ և մատակարարմամբ  զբաղվող «Նյու ֆորս» ՍՊԸ-ի կողմից՝ հիմնադիր-տնօրեն Արթուր Հովակիմյանը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում բաժնեմասնակցությամբ ներդրումը «Նյու ֆորս» ՍՊԸ-ին հնարավորություն կընձեռի ընդլայնել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մուտք գործել Վրաստանի շուկա: «Նյու ֆորս»-ի կողմից ներգրաված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են սննդային և այլ ապրանքների՝ տարածաշրջանային մակարդակով մատակարարման հարթակ ստեղծելու համար, որը թույլ կտա ներկրել տարատեսակ արտասահմանյան ապրանքներ , ինչպես նաև արտահանել տեղական արտադրանք: Դա կնպաստի հայաստանյան ընկերությունների վաճառքների և եկամուտների աճին: «Նյու ֆորս» ընկերությունը նպատակ ունի նաև կառուցել սառնարանային տնտեսություն սառեցված ապրանքներ մատակարարելու նպատակով և ընդլայնել սառնարանային ավտոմեքենաների և բեռնատարների պարկը:

ՓՁԱՖ-ը ծրագրում է բարեփոխումներ իրականացնել «Նյու ֆորս» ՍՊԸ-ում, ինչը ներառում է, ընկերության կորպորատիվ կառավարման ընթացակարգերի բարելավում, շրջակա միջավայրի պահպանության համակարգի ներդրում և այլն: Այս քայլերի արդյունքում՝ հայաստանցի սպառողները կարող են ակնկալել տեղական և արտասահմանյան (սննդային և ոչ սննդային) ապրանքների ավելի լայն տեսականի խանութներում և սուպերմարկետներում, որոնց մատակարարումը կիրականացվի ժամանակին, էկոլոգիապես ապահով եղանակով՝ պահպանելով ապրանքների լավագույն հատկանիշները:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ բանկիր Կարեն Բաբայանը և ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գլխավոր գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը, որին հետևեց ներդրումային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում գործող խոշոր միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, Կովկասի աճի ֆոնդի բաժնետերեր, ինչպես նաև միջազգային համայնքի անդամներ, որոնք քննարկեցին Հայաստանում բաժնեմասնակցությամբ  ներդրումների շուկայի զարգացման հնարավորությունները: 

Ստորագրման արարողությունը խորհրդանշում է Կովկասի տարածաշրջանում ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի երրորդ ներդրումային համաձայնագրի կնքումը:ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի կողմից երկու ներդրում արդեն իրականացվել է Վրաստանում: ՓՁԱՖ հայաստանյան ներկայացուցչությունը կշարունակի ուսումնասիրել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ֆինանսավորման նպատակով ներկայացված հայտերը՝ նպատակ ունենալով ձևավորել  զարգացման և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների ընդգրկուն պորտֆել:

# # #

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

ՓՁԱՖ-ը ֆոնդերի կառավարիչ միջազգային ընկերություն է, որը մեծ փորձ ունի տեղական ֆոնդերի կառավարման կարողությունների զարգացման գործում և տրամադրում է աճի և զարգացման կապիտալ Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի փոքր և միջին ձեռնարկություններին : «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ներքո ՓՁԱՖ-իառաքելությունն է Կովկասի աճի ֆոնդի միջոցով ներդրումներ իրականացնել աճի ներուժ ունեցող ընկերություններում` բաժնեմասնակցությամբ ներդրումների, պարտքի և միջանկյալ ֆինանսավորման գործիքների միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը