Լրահոս

02.04.2013 11:08


«Երևան Ջուր» ընկերության պարզաբանումը

«Երևան Ջուր» ընկերության պարզաբանումը

Ըստ 7or.am լրատվական կայքի՝ «Էկոլուր» մամուլի ակումբում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն իր դժգոհությունն է հայտնել նշված հիմնարկի անբավարար ջրամատակարարումից: Նրա ասելով՝ բոլոր բողոքները, ուղղված «Երևան Ջուր» ընկերությանը և Երևանի քաղաքապետին, որևէ արդյունք չեն տվել, և որ տվյալ հարցով նա պատրաստվում է դիմել  դատարան:

Այս կապակցությամբ «Երևան Ջուր»–ը հայտնում է, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին /հասցե՝ Պ. Սևակի 7/ հարող ողջ տարածքում «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ապահովում է կայուն շուրջօրյա ջրամատակարարում, ընդ որում բոլոր սպառողների համար: Տվյալ գիտական կենտրոնի բողոքներին ի պատասխան՝ ընկերությունը 2012-2013թթ. երեք անգամ պաշտոնապես տեղեկացրել է, որ մեր իրավասության ներքո գտնվող բաշխիչ ցանցում առկա է ջրի պահանջվող ճնշում և որ Պ. Սևակի 7 հասցեի անբավարար ջրամատակարարումը կապված է վերջինիս ներքին ցանցում առկա խնդիրների հետ, որոնք գործող օրենսդրությամբ պետք լուծվեն սեփականատիրոջ կողմից:

 Ցավոք, այս ուղղությամբ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերելու, գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում առ այսօր կողմնակի միջամտության հույսով շարունակում են դիմել տարբեր կազմակերպությունների: Ակնհայտ է, որ նման սպասողական դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի շուտափույթ լուծմանը: Ակնհայտ է և այն, որ ստեղծված իրավիճակում «Երևան Ջուր» ՓԲԸ-ից հարկ է ակնկալել միայն մասնագիտական խորհրդատվական ծառայություն, որը մենք, որպես բարի կամքի արտահայտություն, պատրաստ ենք ցուցաբերել:

            Հարգանքով՝  «Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը