Մեկնաբանություն

02.04.2013 00:01


Մեթոդական ցուցում սկսնակ «դհոլների» համար

Մեթոդական ցուցում սկսնակ «դհոլների» համար

Առջևում Երևանի ավագանու  ընտրություններն են։ Մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Իսկ դա նշանակում է, որ աշխատանքային լայն ճակատ է բացվում ոչ միայն կարմիրշորտիկավոր Արմեն Աշոտյանի, այլև հին ու նոր, բացահայտված ու սկսնակ «դհոլների»՝ Արտաշես Գեղամյանի հոգեզավակների համար։

Քանի որ ժողգործիք աշխատելու համար սուր մրցակցություն է սպասվում ինչպես հաստիքային, այնպես էլ գործավարձային հիմունքներով «դհոլություն» անողների միջև,՝ փորձենք մի քանի խորհուրդներ և մեթոդական ցուցումներ տալ հատկապես սկսնակներին, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գրավել Սերժ Սարգսյանի «արևի» տակ։

Եվ այսպես.

1.Ցանկալի է, որ սկսնակ «դհոլը» հանրությանը ներկայանա որևէ հնչեղ անուն կրող ռազմավարական կամ հետազոտական կենտրոնի փորձագետի կամ ղեկավարի կարգավիճակով և ընդդիմադիր դիրքերից քննադատի ԲՀԿ–ին։ Նախընտրելի է «միջազգային» բառն իր մեջ պարունակող կենտրոնանման մի բան հորինելը կամ սրտաճմլիկ անվան տակ հանդես գալը (օրինակ՝ «Վայրէջք»)։ Այդպես «դհոլն» ավելի համոզիչ է դառնում քաղքենի զանգվածի համար։

2.«Դհոլը» պետք է ԲՀԿ–ին քննադատի հատկապես «1in.am», «lragir.am» և համանման այլ կայքերի ու թերթերի էջերից։ Նախընտրելի է հարցազրույցի տարբերակը։ Թեման կարևոր չէ։ Կարելի է ցանկացած թեմայից խոսելիս ձայներ արձակել ԲՀԿ–ի մասով, և ձեզ անպայման կնկատեն ու կօգտագործեն։

3.«Կրեատիվ» միտք ունեցող «դհոլը» ԲՀԿ–ի հետ միասին պետք է քննադատի նաև ՀԱԿ–ին` չմոռանալով անընդհատ կախվել տրակտորի «ամորձիներից»։ «Փչացած պլաստինկայի» ֆունկցիան տվյալ դեպքում ամենահարմարն է, քանզի ասելիքի բացակայության պայմաններում  դա փրկօղակ է։

4.«Դհոլի» համար ներշնչանքի աղբյուր պետք է լինի ինչպես վերոհիշյալ Գեղամյանը, ով ի վերջո տեղ գտավ ՀՀԿ–ի ցուցակում, այլև Աշոտյանը, ով իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի Վարդան Օսկանյանի առաջ 10 տարի թաթիկների վրա թռվռացող, իսկ նրա հրաժարականից հետո աշոտյանություն անող մարդը։

5.Եվ վերջապես, «դհոլը» պետք է լավ դմբլդոց հանի, որպեսզի կարողանա գրավել «վերևների» ուշադրությունը։ Ֆինանսների սղության պայմաններում «դեցիբելները» կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։

Կարծում ենք, որ մեր այս խորհուրդներն ու մեթոդական ցուցումները կօգնեն ժողգործիքների աշխատաշուկայում հստակություն մտցնել և առողջ մրցակցային դաշտ ձևավորել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը