Կարծիք

31.03.2013 20:36


Ընկ. Փանջունի ի Ծապլվար

Ընկ. Փանջունի ի Ծապլվար

Այսօր առավոտյան, հերթական անգամ ինքն իրեն հակասելով, Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը:

Ի՞նչ արեց Րաֆֆին անցած 1,5 ամիսների ընթացքում. եթե կարճ ձևակերպելու լինենք՝ կատարյալ ծաղրուծանակի ենթարկեց իր օգտին քվեարկած մարդկանց և իր հետ որևէ հույս կապողներին: Պարզվեց, որ պարոն Հովհաննիսյանը խաղի մեջ է մտել՝ առանց իսկ տարրական քայլերի մասին մտածելու, հենց այնպես, անպատասխանատու, թավաքյալի...

Նրա «քայլերը» զվարճալի էին, անշառ, վիրավորական ՀՀ քաղաքացու հանդեպ, իրարից կտրված, մեկը մյուսի հետ կապ չունեցող, անտրաբամանական ու անհեթեթ: Հովհաննիսյանն այդպես էլ որևէ կերպ քաղաքական դաշտ չմտավ:

Հետընտրական «պայքարը» սկսեց հրապարակում գիշերելու խոստումը եղբորն ԱՄՆ ճանապարհելու պատրվակով ընդհատելով (քաղաքացիներին ծաղրելու ավելի լավ ձև դժվար էր գտնել): Հետո հրապարակում գիշերելու «պլանը» մոռացվեց, սկսեց մարզեր այցելել, «պաշտոններ» բաժանել: Հաջորդ օրը փաստացի ընդունեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը»՝ նրան իրավիճակն ԱԺ արտահերթ ընտրությամբ հանգուցալուծելու առաջարկ անելով: Այնուհետև արեց դիակի մասին հայտնի հայտարարությունը, հետո դա էլ մի կողմ դրեց և վերադարձավ սկզբին՝ դարձյալ մարզային արշավ սկսելով՝ մինչ այդ մեկ րոպե լռությամբ Հիսուս Քրիստոսի «խաչելության և թաղման ցավը» հրապարակում հարգելով (!!!) (դիտեք 12-րդ րոպեից): Հընթացս էլ ի հայտ եկավ «իշխանության երիտասարդ թևի ողջամիտ հատվածի» հետ համագործակցելու պատրաստակամությունը:

Նրա ելույթներում այդպես էլ որևէ հոդաբաշխ միտք չհնչեց: «Արև-քամի, երկինք-արտեր, սարեր-ձորեր, Հայաստա՛ն»,- սա էր Րաֆֆու «ելույթների» բովանդակությունը:

Ամեն անգամ թվում էր, թե իրավիճակն ավելի անլրջացնելու և խեղկատակության վերածելու տեղ այլևս չկա, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողությամբ հակառակն էր ապացուցում: Սա էր պարոն Հովհաննիսյանի պատկերացումը քաղաքականության, պատասխանատվության և բանականության մասին:

Այսքանից հետո լուրջ չէ որևէ մեկին մեղադրել Րաֆֆու «պայքարին» խանգարելու մեջ: Ոչ  թե այն պատճառով, որ խանգարողներ չկային, այլ որովհետև պայքար չկար ի սկզբանե: Ո՛չ 2003-ին, ո՛չ էլ հատկապես 2008-ին չի եղել նախընտրական ու հետընտրական իրավիճակ, երբ հարյուրներով մարդիկ տեղամասերում ծեծուջարդի չենթարկվեն, այլ հարյուրները չհայտնվեն բանտերում, երկրով մեկ ընդդիմադիր ակտիվիստների ու նրանց հարազատների բնակարաններում խուզարկություններ չանցկացվեն, ամեն հանրահավաքից առաջ ոստիկանական հատուկ ուժեր չհայտնվեն Երևանի տարբեր հատվածներում, չփակվեն Երևան մտնող ճանապարհները…

Այս ամենն այս անգամ չկար: Ու ոչ այն պատճառով, որ իշխանությունը քաղաքակիրթ է դարձել, այլ որովհետև պայքար չկար, դիմադրություն չկար: Քաղբանտարկյալների ազատության պահանջով ամեն ուրբաթ դատախազության շենքի մոտ ՀԱԿ-ի մի քանի տասնյակ ակտիվիստների կազմակերպած ցույցն ավելի շատ ոստիկաններ են հսկում, քան Րաֆֆու միտինգները: Սա ամեն բան ասում է: Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաև քաղաքականության մեջ. ազդեցությունը ծնում է համապատասխան հակազդեցություն: Հակազդեցության բացակայությունը պայքարի բացակայության ևս մեկ ցուցիչ է:

Թող չթվա, թե Րաֆֆի Հովհաննիսյանի «շարժումն» առհասարակ անօգուտ էր: Իրականում այն, անկախ Հովհաննիսյանի կամքից, տալիս է և դեռ հսկայական օգուտ է տալու ռեժիմի դեմ պայքարող ուժերին: Նախ երկրում կատարվողի հանդեպ մշտապես անտարբեր ևս մի շերտ սկսեց հետաքրքրվել պրոցեսներով, այնուհետև սկսվեց 2008-ի շարժման վերաարժեվորման գործընթաց, ինչը վերակազմավորման փուլում գտնվող ՀԱԿ-ին լրացուցիչ թափ հաղորդելու լուրջ պոտենցիալ է պարունակում:

Ռաֆայել Թեյմուրազյան 

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/11579.html

Այս խորագրի վերջին նյութերը