Քաղաքական

30.03.2013 10:53


Նաիրա Զոհրաբյան. «Կեղծիքներն արդեն սկսվել են»

Նաիրա Զոհրաբյան. «Կեղծիքներն արդեն սկսվել են»

Zham.am-ի հարցազրուցը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

- Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ՀՀԿ-ն գրեթե սրբազան պատերազմի է պատարստվում Երևանը, ինչպես իրենք են ասում, չհանձնելու համար: Ավելին, ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը օրերս հայտարարեց, թե Երևանն իրենք «բրոնյա» են արել: Սա արդյոք չի նշանակում, որ իշխանությունը հերթական անգամ որեւէ քայլի առաջ չի կանգնելու` այս անգամ արդեն քաղաքային իշխանությունը պահելու համար:
-Ժամանակն է, որ ուժերը, որոնք առաջնորդվում են ամեն գնով իշխանություն պահելու ֆիքսացիայով, վերջապես հասկանան, որ ժողովրդի փոխարեն անընդհատ ընտրություն կատարելով` իրենք երկիրը տանում են վերջնական փակուղի: Բոլոր կարգի ամբարտավան հայտարարությունները` Երևանը բրոնյա անելու, Երեւանը չհանձնելու մասին, վստահ եղեք` մայիսի 5-ին իրենց պատասխանը ստանալու են: Ուզում եմ զգուշացնել քաղաքային այս ընտրությունը հերթական` կենաց-մահու պայքարի վերածելու մտադրություն ունեցողներին: Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան գոյություն չունեցող հասցեներում մարդկանց գրանցումների, տարբեր խանութպան-պատգամավորներին պատկանող խանութների նկուղների վրա հարյուրավոր մարդկանց գրանցումների, ինչպես նաեւ ոստիկանական այլ «նյու-հաուների» մասին: Այս ամենը հատ-հատ եւ կոնկրետ պատասխանատուների անուններով ներկայացվելու է երեւանցուն: Համախոհ քաղաքական ուժերի հետ միասին թույլ չենք տալու, որ հերթական անգամ ժողովրդի քվեն կեղծեն ու իմիտացիաներով տարբեր կարգի եվրոչինովնիկ կերակրեն: 
-Ըստ որոշ տեղեկությունների, եթե ընտրությունները օրինական չլինեն, ԲՀԿ-ն և մի քանի այլ քաղաքական ուժեր հրաժարվելու են եւ չեն վերցնելու Երեւանի ավագանու մանդատները: 
-Այլ քաղաքական ուժերի անունից խոսել չեմ կարող: Մեզ համար, այո, որևէ մանդատ ինքնանպատակ չէ: Եւ եթե հերթական անգամ փորձ արվի խեղաթյուրել ընտրողի քվեն` բնականաբար, ԲՀԿ-ն չի ընդունելու ընտրությունների արդյունքն ու ոչ օրինական ընտրված քաղաքային իշխանությունում մենք մանդատ չենք վերցնելու: Բայց ես վստահ եմ, որ մենք կոտրելու ենք քաղաքական մենաշնորհն ու հաղթելու ենք: 

Այս խորագրի վերջին նյութերը