Կարծիք

30.06.2009 14:53


Ռուսաստանը վերադառնում է

Ռուսաստանը վերադառնում է

Խորհրդային կայսրությունը, որը յոթ տասնամյակով երկարաձգեց Ռուսական Կայսրության գոյությունը, վերջինիս կերպարանքով կրկին վերադառնում է Հարավային Կովկաս: Սա անցած 200 տարվա ռուսական անփափոխ մարտավարությունն է Կովկասում, երբ կայսրության կառավարման համակարգի թուլացման պատճառով ռուսները տակտիկական նահանջ են իրականացնում, իսկ երբ կրկին շունչ են քաշում, վերադառնում են իրենց նախկին դիրքերին:

Չորս կարևորագույն քայլ վկայում է այդ վերադարձի և դրա զարգացման հեռանկարների մասին: Առաջինը և ամենաաղմկոտը, թերևս, անցյալ օգոստոսի ռուս-վրացական պատերազմն էր, երբ անհնազանդ Վրաստանից ամբողջ աշխարհի աչքի առջև խլվեց Աբխազիան և Հարավային Օսիան: Երկրորդը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձումն է, որով հնազանդության մեջ են պահվում Հայաստանն ու Ադրբեջանը, քանզի փոխադարձ սպառնալիքի պայմաններում նրանց գործերին միշտ էլ խառնվելու առիթ կա: Երրորդը կղզյակ Հայաստանում ռուսական բազաների պահպանումն է և Հայաստանի տնտեսության ռուսական «սեփականաշնորհումը»: Հայաստանից Ռուսաստանը ոչ միայն հսկում է թուրքական սահմանը, որը իրականում ՆԱՏՕ-ի սահմանն է, այլ նաև չափավորում Իրանի ազդեցությունը և «ամուր» պահում Վրաստանի ու Ադրբեջանի թիկունքը։ Դրանով վերջինիս համար արգելք է դառնում նաև «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսից «Մեկ ազգ՝ մեկ Թուրան» կարգախոսին անցում կատարելուն: Չորրորդը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերի խափանումն է, որի վերջին նվաճումը ռուս-ադրբեջանական գազային համաձայնագիրն է. այն թաղեց «Նաբուկոն» և Ադրբեջանին նոր խողովակաշարով մղեց ռուսական շուկա: Նշյալ պարագաներում մնում է միայն անհամբեր սպասել 11-րդ Կարմիր բանակին, որը, գուցե, այս անգամ Հայաստանից ներխուժի Վրաստան, որից հետո Ադրբեջանը, անկասկած, կամովին կհանձնվի: Նոր խորհրդայնատիպ դաշնության հիմքը, հավանաբար, կլինի ԱՊՀ-ն՝ իր ՀԱՊԿ-ով, որը և կգծի նոր հակադրության սահմանագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության հետ:

«Արևելյան գործընկերությունը», այդքանով հանդերձ, երբեք չի վերաճի ԵՄ լիարժեք անդամակցության, քանզի ռուսական կայսերականությանը դժվար թե հնարավոր լինի խաբել ֆրանսիական հեղափոխության հավասարության և եղբայրության լոզունգներով: Ռուսները լավ են հասկանում, որ եթե եվրոպացիներին ու ամերիկացիներին մոտ թողնեն իրենց բուն սահմաններին, վաղը Չեչնիան ու Դաղստանն էլ կարող են Վոլտերի ու Դիդրոյի գաղափարական հայրենիք հռչակվել և «քաղաքկրթաբար» պայքարել հանուն «ժողովրդավար» ապագայի՝ «առանց ռուսական շահերը ոտնահարելու»: Միամիտ է կարծել, թե Ռուսաստանը քանդելու Արևմուտքի ծրագիրը մի օր կվերանա, քանզի Եվրոպայի ընդլայնումը և սնումը միայն ու միայն արևելքի հաշվին կարող է իրականացվել: Ռուս-եվրոպական այս հակակշռմամբ Հայաստանը, լինելով սահմանային տարածք, կարող է շահած դուրս գալ, եթե, այնուամենայնիվ, այդ հակադրությունը չվերաճի սառը պատերազմի, և Հայաստանը չզրկվի զարգացման այլընտրանքից ու կրկին ամբողջությամբ կլանվի Ռուսաստանի կողմից:

Երկաթյա վարագույրի պայմաններում Հայաստանի անկախությունը կլինի անէական, քանզի մենք ոչինչ չենք կարող անել դրա հետ, բացի խորհրդային տրամաբանությամբ զարգանալուց: Սա վատագույն, բայց հնարավոր սցենարներից մեկն է միայն: Լավագույնը կլինի այն, որ, այնուամենայնիվ, հակադրությունը կշարունակվի խաղաղ և քաղաքական երկխոսության ու դիրքային առավելություններ շահելու տրամաբանությամբ՝ սահմանային երկրների համար ընձեռելով խուսանավելու հնարավորություն՝ ի շահ սեփական զարգացման: Այլապես, մեկ ուժային կենտրոնից կախվածությունը մշտապես կխոչընդոտի այլընտրանքային քայլերի իրականացումը, որի ուղղությամբ համառումը անխուսափելիորեն գործի կդնի այդ բռունցքի պատժիչ մկանային ողջ համակարգը:

Այս սցենարը առավել հավանականներից է, քանզի Ռուսաստանը սեփական ազդեցության տարածքում, կարծեք, մտադրված է վերածնելու ոչ թե «սովետը», այլ Եվրամիության մոդելը: Բայց մտադրությունը կարող է իրականություն չդառնալ, եթե դիմադրությունը թույլ լինի: Այսօր արդեն կարելի է ասել, որ Վրաստանը ծնկի կբերվի, Ուկարաինան այդքան էլ հեշտ չի հանձնվի, իսկ Բելառուսը միշտ կարող է իրեն կամակորություններ թույլ տալ: Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերը համեմատաբար հաշտ է լուծել: Վերջինիս թուրք եղբայրներն արդեն մեկ անգամ համոզել են՝ տրվելու Մոսկվայի կամքին։ Հիմա էլ, տարաբնույթ զիջումներ կորզելով ռուսներից, կարող են արյունակից եղբայրներին մղել՝ ընդունելու հյուսիսից ժայթքող Արևի ժամանակավոր լույսը:

Դժվար է ասել՝ ռուս-արևմտյան սահմանային դիմակայությունը ինչքան կտևի, բայց այն որ Ռուսաստանը համառորեն վերադառնում է Հարավային Կովկաս, պետք չէ կասկածել: Այս անգամ մտահոգվելու լուրջ պատճառ չունենք կարծեք. մենք ամենապատրաստն ենք նրանց դիմավորելու, քանզի Հայաստանից նրանք չէին էլ հեռացել։ Երբեք: Հարկավոր է մարտնչել Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար՝ թույլ չտալով, որ քեմալ-լենինյան ոճով Հայաստանը կիսելու՝ արդեն մեկ անգամ գործադրված դավադրությունը վերածնվի նորովի, գուցեև՝ գազային առուվաճառքի տեսքով:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը