Մեկնաբանություն

25.03.2013 12:27


Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը բացեց Սերժ Սարգսյանի ճանապարհը

Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը բացեց Սերժ Սարգսյանի ճանապարհը

2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ մարտի 25–ին, մահացավ ՀՀ վարչապետ և ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ Նրա մահն անսպասելի էր, քանզի մինչև այդ նա չէր բողոքել առողջական խնդիրներից։

Մարգարյանի մահն անսպասելի էր նաև քաղաքական տեսանկյունից, քանզի «Չկա մարդ, չկա պրոբլեմ» թեմայով մեկեն հանգուցալուծվեցին մի շարք խնդիրներ։

Բանն այն է, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեին նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուի հարցը։ Բնական է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը պետք է գլխավորեր այդ կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, իսկ կրիմինալի հետ միասին ՀՀԿ մտած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պետք է լիներ ցուցակում երկրորդը, ինչը նշանակում էր, որ եթե նույնիսկ ՀՀԿ–ն հաղթեր և հաջողացներ ԱԺ–ում մենաշնորհ վերցնել, ապա ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը կդառնար Ա. Մարգարյանը, այլ ոչ թե Ս. Սարգսյանը։

Իշխանական կուլիսներում խոսվում էր այն մասին, որ Մարգարյանի ու Սարգսյանի միջև «խուլ» մրցակցություն կա։ Հին ՀՀԿ–ականներն ու համայնքների ղեկավարների մեծ մասն ուզում էին նախագահի դերում տեսնել Մարգարյանին, իսկ «հայերեն վատ խոսող» կրիմինալը՝ Սարգսյանին։

Մարգարյանի հանկարծահաս մահվան արդյունքում Սարգսյանին հաջողվեց գրավել վարչապետի ու ՀՀԿ ղեկավարի աթոռները, ինչը նրան ավտոմատ դարձրեց Քոչարյանի ժառանգորդ։ Մարգարյանի հնարավոր թեկնածության թեման, բնականաբար, փակվեց։

Մարգարյանի «ճիշտ» պահին մահանալը բացեց Սարգսյանի ճանապարհը, և վերջինս նախ գլխավորեց ՀՀԿ ցուցակը խորհրդարանական ընտրություններում, ապա դարձավ նախագահի ՀՀԿ–ական թեկնածուն։

Տեղին է հիշեցնելը, որ մահվանից մի քանի օր առաջ, խոսելով նախագահական ընտրություններին ՀՀԿ–ի առաջադրելիք թեկնածուի մասին, Մարգարյանը հասկացրեց, որ այդ հարցը դեռ որոշված չէ և միանշանակ չէ, որ նախագահի իշխանության թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը։

2008թ. ընտրությունների ժամանակ արդեն պահանջվեց 10 զոհ, որպեսզի  Սարգսյանը կարողանա հայտնվել Բաղրամյան 26–ում։

Հարկ է արձանագրել, որ ուշագրավ զուգադիպությամբ՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական սպանություններն ու հանկարծահաս մահերը միշտ դրականորեն են ազդել Սարգսյանի կարիերայի և կարգավիճակի վրա։ Օրինակ՝ հոկտեմբերի 27–ից հետո նա դարձավ իշխանության թիվ երկու դեմքն ու կլանաօլիգարխիկ համակարգի գորշ կարդինալը, այնինչ մինչև այդ նրա դիրքերը բավական թուլացել էին վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանի միջամտության շնորհիվ։

Ինչպես հայտնի է, Վազգենը տարանջատել էր Լևոն Տեր–Պետրոսյանի որոշմամբ միավորված և Ս. Սարգսյանի ղեկավարմանը հանձնված ԱԱԾ–ն ու ոստիկանությունը և Սերժին թողել միայն ԱԱԾ–ն։ Հոկտեմբերի 27–ից հետո Սերժը մի կարճ ժամանակահատված լքեց ԱԱԾ ղեկավարի պոստն ու նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որից հետո դարձավ ՀՀ Պաշտպանության սուպերնախարար։ Երկրի դե ֆակտո երկրորդ դեմքի կարգավիճակով Սերժը 2000թ. սկսած՝ կուռացիայի էր ենթարկում խոշոր բիզնեսի դաշտն  (բացի «Մուլտի Գրուպից») ու կրիմինալ ոլորտը։

Ի դեպ, ՀՀԿ–ն, Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանզի տղերքը բնազդով էին զգում, թե ում կարող էր ձեռնտու լինել երկրի օրենսդիր ու գործադիր մարմնի գլխատումը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Գալուստ Սահակյանն ճիշտ էր, երբ հայտարարում էր, թե Սերժն իր կյանքում բազմաթիվ դիակներ է տեսել։ Գալուստը, թերևս, նկատի ուներ նաև քաղաքական դիակներին (Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արթուր Բաղդասարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և մյուսների ականջը կանչի)։

Հ.Գ.–2: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոնը, երբ քափուքրտինքի մեջ մտած աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին։ Մի՞թե քաղաքապետ դառնալն այն գինն է, որը նա պատրաստ է ստանալ հոր հանկարծահաս մահվան դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը