Մեկնաբանություն

25.03.2013 10:33


Գաղջ մթնոլորտի ստեղծման ռահվիրաները

Գաղջ մթնոլորտի ստեղծման ռահվիրաները

Նախագահական նստավայրում նկարահանված և մոնտաժված ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհում էր Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտից։ Ըստ նրա՝ մարդիկ արտագաղթում են այդ գաղջ մթնոլորտի պատճառով։ Իսկ ահա գաղջ մթնոլորտը ստեղծում են լրատվամիջոցները, ավելի կոնկրետ՝ երկու հեռուստաընկերություն և մի քանի թերթ ու կայք։ Այ, դրանք ևս կսեփականաշնորհի Սերժի մեդիամագնատ փեսա Միքայել Մինասյանը, կամ հնարավորություն կստեղծվի վերացնել այդ չար լրատվամիջոցները, կյանքը կդառնա մեղր։ Դրանից հետո միայն բարի լուրեր կլինեն բարի թագավորի մասին, և արտագաղթը կդադարի։ Ավելի ճիշտ, արտագաղթի մասին այլևս չի խոսվի, և վերջ։

Այն, որ գաղջ մթնոլորտի պատճառով են մարդիկ հեռանում Հայաստանից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց Սերժ Սարգսյանի նշած պատճառով չէ, որ գաղջ մթնոլորտ է ստեղծվել։ Եկեք, ուրեմն, հասկանանք, թե երբ է մթնոլորտը գաղջ դառնում, և ովքեր են այդ գաղջ մթնոլորտի ստեղծման ռահվիրաները։

Այդ հարցերի պատասխանները տալիս է պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2008–ից հետո տնտեսության վիճակը վատացել է, աղքատությունը՝ ավելացել, ներդրումները՝ կրճատվել, գործազրկությունը՝ աճել, արտաքին պարտքի չափը՝ եռապատկվել և այլն, և այլն, և այլն։ Ասել է թե՝ սոցիալ–տնտեսական վիճակը վատացել է, ու դրա համար էլ վերջին 5 տարիներին ավելի քան 250 000 ՀՀ քաղաքացի հեռացել է այստեղից։ Այս հարցում իր լրջագույն ներդրումն ունի «բարեշրջիչ» Տիգրան Սարգսյանը։ Բա հո չէ՞ր թողնելու, որ մարդիկ Հայաստանում մնային ու հեղափոխություն անեին։

Գաղջ մթնոլորտը ձևավորվել է նաև տոկոս «խփելու» և ցինիկ ընտրակեղծիքների կամ այլ կերպ ասած՝ արդարության դեֆիցիտի պատճառով։ Արտառոց երևույթներ են գրանցվում Հայաստանում. կյանքի որակն ընկնում է, իսկ Սերժի «խփած» տոկոսները՝ աճում։ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի զորավար Վլադիմիր Գասպարյանն այս հարցում զգալի դերակատարում ունի։ Շրջիկ խմբերը և ուռճացված ընտրացուցակները ոստիկանության կուռացիայի տակ են։ Վլադիմիրը, իրոք, ընտրակեղծիքների զորավարն է և գաղջ մթնոլորտի ստեղծման ռահվիրաներից։ Պատահական չէ, որ Րաֆֆին նրա հրաժարականը չի պահանջում (Րաֆֆու խնդիրը գաղջ մթնոլորտը վերացնելը չէ, այլ այդ գաղջ մթնոլորտից օգտվելը)։

Սերժի չսիրած գաղջ մթնոլորտի ձևավորման հարցում զգալի դերակատարում ունի նաև իր փեսա Միքայել Մինասյանը, ում ստեղծած գեբելսյան քարոզչամեքենան ստի ու կեղծիքի տարածմամբ է զբաղված օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս։

Բաղրամյան 26–ն իրեն ենթակա լրատվամիջոցներով զբաղված է բացառապես «մուտիլովկաների» արտադրությամբ ու տարածմամբ։ Սրանք ուզում են բոլորին սևացնել, որպեսզի իրենց սևությունը չերևա կամ սևությունն աչք չծակի։ Այդ իսկ նպատակով ստեղծվել կամ գնվել են բազմաթիվ «ընդդիմադիր» լրատվամիջոցներ, որոնց գործը «Բոլորն էլ վատն են» կամ «Սերժը չարյաց փոքրագույնն է» կոդերը տարածելն է։ Համաձայնե՛ք, որ նման կոդեր տարածելու հետևանքով երկրում, իրոք, գաղջ մթնոլորտ կձևավորվի, որովհետև ամենավատ երազում անգամ դժվար է պատկերացնել, որ Սերժը չարյաց փոքրագույնն է։ Եթե Սերժը չարյաց փոքրագույնն է, ապա Հայաստանի բանը «բուրդ» է։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Մ. Մինասյանը, օգտվելով նախագահի փեսան լինելու բարեբաստիկ առիթից, շատ կարճ ժամանակահատվածում էական հաջողություններ գրանցեց բիզնես դաշտում և դարձավ երիտօլիգարխ, ապա մեզանում առկա գաղջ մթնոլորտի «անատոմիան» ամբողջական կդառնա։

Այնպես որ, «Մեկ օլիգարխի տնտեսության» ձևավորման գաղափարախոսությամբ առաջնորդվող Սերժ Սարգսյանը պետք է իր ներսում փնտրի գաղջ մթնոլորտի ստեղծման պատճառները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը