Կարծիք

22.03.2013 09:56


Տասը րոպեում կհանեմ գործից, հարամզադե՛ք

Տասը րոպեում կհանեմ գործից, հարամզադե՛ք

Շատ ժամանակ է անցել այն օրերից, երբ դպրոցում աշակերտներից մեկին միապետ ուսուցիչը անարգանքի սյունին էր գամում, և ուսուցչին քծնելու պատրաստակամ աշակերտական մեծամասնությունը` գերակշիռ մեծամասնությունը, որ հետո պիտի մեծանար ու դառնար ոչինչ, իմ մեջ անզուսպ մանկական դաժանություն էր առաջացնում՝ այդպիսով ինձ ծանոթացնելով «ատելություն» ուժգին ու անտանելի զգացմանը, այն պահին, երբ ուսուցիչը պատմում էր կտցահարվող աշակերտի զանցանքը հյութեղ մանրամասներով, և նրանք`ապագա ենթարկվողները, դասատուի բարեհաճությունը վաստակելու համար խմբով ծիծաղում էին իրենց ընկերոջ զանցանքի վրա ու ավելի դուր գալու համար՝ իրենց հարցերով ուսուցչին հնարավորություն էին ընձեռում կրկնել զանցանքի մանրամասները, որ այդ մելոդրամատիկ պաուզաների ընթացքում կարողանան ցուցադրել իրենց սուտ համախոհությունը մի շինծու ու քստմնելի փռթկոցով…

Անցան տարիներ

Առաջին զավակիս ծնողական ժողովների ժամանակ ես` միամիտ մեծս, նորից զարմանում էի:Շատ վստահ, որ մենք բոլորս արդեն մեծացել ենք, փորձում էի լսեցնել «եկեք ազնիվ լինենք» մանկամիտ դիրքորոշումս: Փաստորեն քսան տարի անց կրկնվում էր նույն տեսարանը: Ուսուցչապետը թիրախ էր դարձնում որևէ մեկին, մնացածը համերաշխ համաձայն էին, թիրախի ծնողը ընդամենը համարձակվում էր անտրամադիր դեմք ընդունել կամ քստմնելի ընկճված ժպտալ, հետո ծնողների մի ընտրյալ զանգված խնդրում էր կրկնել՝ ինչ է ասել այդ աշակերտը, հետո անպայման ասում էին՝ «վա՛յ, դուք ինչ մեղք եք ընկեր էսինչյան, կամ տիկին, կամ էսինչ էսինչովնա», և համերաշխ շարունակվում էր այն, ինչ սկսվել էր քսան տարի առաջ:

Անցավ ժամանակ:

Հանրապետության նախագահի շուրջ հավաքված են երկրի բոլոր կարևոր լրատվամիջոցների պատասխանատուները: Տարիքը քառասունից մինչև վաթսուն: Տարբեր չափանիշներով կայացած…եվ կատարվում է նույնը, ինչ մանկության տարիներին կատարվել էր…Քմծիծաղ…շողոքորթ վախեցած քմծիծաղ, որից ծնված կարեկցանքը բարի կարեկցանք չէ:

Ընդ որում՝ բացառությամբ երկուսի, մնացածը արական սեռի են: Ընդ որում՝ բոլորն առանց բացառության երևի, ինտելեկտուալներ են, գրագետ, հետաքրքիր, նույնիսկ շատ հետաքրքիր զրուցակիցներ: Ոմանք լուռ են, ոմանք կարողանում են չժպտալ ու համաձայն չտարուբերել գլուխները: Իսկ ոմանք ապշեցնում են:

Նախագահը լրագրողների, այն էլ այդ ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պետք է որ լարված լիներ, մտածեր, ընտրեր բառերը, սպասեր հարցի, թող նույնիսկ ինչպես բնորոշ է նման տրամաչափի հարցազրույցներին` մի քիչ զտված հարցերի, բայց հարցերի, որոնց պատասխանը մտածելով են ձևակերպվում, մանավանդ որ՝ առանց թղթի առաջին անգամ պիտի խոսեր: Չի կարող այսպես պատահել: Չի կարող այսպես լինել, որ խելացի, կրթված, նույնիսկ աշխարհի ուրիշ նախագահների հետ շփված լրագրողները չթելադրեն մթնոլորտ`«գաղջ մթնոլորտ», ինչպես պարզվում է, որի ընթացքում անհնար լինի ութնամյա դպրոցի դասղեկական ժամի չափաձևը, ոճը, տեմբրը, դիմախաղը…
Մթնոլորտը գաղջ էր: Մի՞թե տեղում ոչ ոքի մտքով չի անցնում հարցնել «այդ ինչպես տասը րոպեում կհեռացնեք այն մարդուն, որը, լինելով իշխանական թևում, կհամարձակվի քննադատել իր վերադասին»: Մի՞թե, իրոք, այդքան դժվար է հարցնել: Ես, անկեղծ ասած, մտածում էի «կհարցնեի արդյոք ես ինքս, եթե լինեի այդ հանդիպմանը»: Ամեն դեպքում, եթե կասկածեի համարձակությանս, ուրեմն չէի գնա այդ հանդիպմանը: Որովհետև լռել, երբ ասում են տասը րոպեում կհեռացնեմ քննադատողին` անհնար է:
Հաջորդ առավոտյան քննարկվում է նախագահի տատի չստացված ասույթը միայն: Չեմ կարծում, որ այդ կողմերի տատը մի սուր բան ասած չլիներ, ուղղակի անհաջող մոնտաժ էր, կամ էլ մթնոլորտը մտերմիկ դարձնելու չստացված փորձ, որովհետև տատի ասույթ չկար: Տատը չէր կարող ասել՝ «մենք այդ հարցով ե՞նք հավաքվել», ու դա մնար հիշողության մեջ:

Իսկ իրականում ամեն ինչ անսահման լուրջ էր:

Խնդիրը բարեկրթության կամ կանոնակարգային «դուք»-ը վճռական «դու»-ով փոխարինված լինելը չէր, նույնիսկ: Անառարկելիորեն սխալ դատողությունները անառարկելի տոնով մատուցելու ոճը հուշում է կա՛մ անկման անխուսափելիությունը, կա՛մ, որ սարսափելի է, անկառավարելի ամենաթողության վերջին ճիգը, վերջին պոկումը հայտարարելու մասին, իսկ դրա տևողությունը կարող է տարիներ լինել: Տոնը, որով խոսում է նախագահը, նախքան վիրավորական լինելը՝ վախեցնող է, միմիայն «լավ եմ անում, ինչ ուզում անում եմ»` արդեն հուսահատ, բայց իրականությունը մղձավանջ սարքելու հաստատակամ որոշման առումով: Վերջին հուսահատ ճիգը: Վերջին մղձավանջը: Ազատ անկման անկյան աստիճանը կախված է կրքերի սրությունից: Կրքերը սուր չեն: Հանդգնության ավարտը, եթե դա իրականում ավարտն է` բավականին հանդուգն հանդգնություն է կանխանշում:

Նախագահը հայտարարում է, որ տասը րոպեից կհեռացնի իշխանական թևի այն ներկայացուցչին, որը կհանդգնի քննադատել իր վերադասին: Չեմ կարծում, որ նստածներից յուրաքանչյուրի մեջ չառաջացավ զարմանք, եթե նույնիսկ ոչ երևույթի սխալականության, ապա, գոնե, այդ մասին բարձրաձայն ասելու հանդեպ: Մի տեսակ ստալինյան ժամանակների խնջույքի սեղան էր հիշեցնում ասուլիսը: Հաջորդ անգամ երևի կառաջարկի պարել այս կամ այն լրատվամիջոցի ղեկավարին: Եվ ինչ` պիտի կարողանան հրաժարվե՞լ, ասել՝ «ո՛չ, չեմ պարում», թե պարելու ենք ու հաստատենք հանդուգն ու վտանգավոր վերջի սկիզբը:

Ծանր ասուլիս էր, որը սկզբում թվաց զվարճալի, անեկդոտային, գրոտեսկային, բայց երրորդ անգամ նայելիս՝ արդեն զվարճալի չէր` անհասկանալի աղետ էր` թվում է՝ վերբալ աղետ, բայց ետևում աղետ էր` անգետ, անիմաց, ոչ բարեկիրթ, տոտալ աղետ: Եվ եթե ներկա լրագրողներից գոնե ոմանք համարձակվեին հնչած ասույթներին հակադրել փաստեր կամ հայտնել անհամաձայնություն, դա կլիներ մեր անհանդուրժողականության ամենաբարեկիրթ և ամենաազդեցիկ «stop»-ը:Բայց քանի որ չհնչեց «stop»-ը, Ս.Սարգսյանը քյոխվայական բառապաշարով, շեշտով, դիմախաղով՝ ասաց ու շարունակեց ասել հետևյալը.

…լսե՛ք, դուք` ինտիլիգենտ խմբագիր, այլահպատակ ռադիոկայանի ղեկավար, հարյուրամյա կուսակցության լրատվամիջոց, մնացած տղաներ, աղջիկներ ու տիկին, ես` լավ եմ, վատ եմ` սա եմ, ու դուք բոլորդ դա ընդունելու եք: Ուզում եք, չեք ուզում ` ընդունելու եք: Իսկ հիմա մի քիչ ծիծաղենք Րաֆֆու վրա: Դե ձեզ տեսնեմ, դե հակաճառե՛ք, ցու՛յց տվեք, որ համաձայն չեք, տասը րոպեից գործից կհանեմ: Երեք անգամ կրկնում եմ, որ տասը րոպեից կհանեմ գործից: Դուք իրականում վատ եք տեսնում, ես եմ ասում, դուք վատ եք տեսնում, դրա համար էլ հրապարակում շատ մարդ եք տեսնում, իսկ իրականում շատ քիչ մարդ կա, լսում եք, գյադե՛ք, շատ քիչ մարդ կա ասում եմ, կգնա՛ք, տենց էլ կգրե՛ք: Էդ տատի պատմությունն էլ անկապ ասեցի, որովհետև «տատս ասում էր»-ից հետո ենթադրվում էր պիտի հնչեր մի ասույթանման բան, թևավոր խոսք, բարբառային մի բան, բայց ես ասում եմ «տատս ասում էր» ու շարունակում եմ մի շարքային նախադասություն` «մենք այս հարցո՞վ ենք հավաքվել»: Դուք հասկանում եք, որ ոչ մի համով, թևավոր, ասույթանման բան չկար ասածիս մեջ, բայց ինձ համար մեկա՝ դուք ինչ եք հասկանում, ինչ ուզում խոսում եմ, ինչ ուզում եմ, լսում ե՞ք: Բոլորդ լսեցիք: Դե վեր կացեք գնացե՛ք, հարամզադե՛ք»:

Սա էր: Սա նոր խոսք էր հայրենական քաղաքականության անդաստանում: Նոր ու անմոռանալի:

Երբ նախագահներն ու նրանց վարչախմբերը սկսում են ասել այն, ինչ մտածում են` առանց խմբագրման և սրբագրման, ուրեմն մոտեցել է հրաժեշտի պահը: Մտավոր ցայտնոտ է: Մենք դրա նախադեպն ունեցել ենք:
Չվացուցակի վրա, առայժմ, հայտարարություն չկա, բայց չվերթն անխուսափելի է. կայուն ախտանիշներ ունի:

Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/1454.html

Այս խորագրի վերջին նյութերը