Մեկնաբանություն

21.03.2013 17:14


Հնարավո՞ր է

Հնարավո՞ր է

Սերժ–Րաֆֆի «երկխոսությունը» հայտնվել է փակուղային վիճակում։

Դատե՛ք ինքներդ. Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է ՀՀԿ–ի հետ միասին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Սերժը չի ուզում։ ՀՀԿ ղեկավարը պնդում է, որ իրավատերը, պատկերավոր ասած, մի զրո ավել է պահանջում և պետք է բավարարվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում թամաշաներ կազմակերպելով։

Րաֆֆին ու իր թիմակիցներն ագրեսիվ ձևով պահանջում են, որ Սերժը գա Ազատության հրապարակ ու բարև տա տասներորդ օրը հրապարակի նստարաններից մեկը պաշարած մարդուն, իսկ Սերժը «պասլատ» է անում։

Րաֆֆին ու իր թիմակիցները կցվել են երիտօլիգարխիային և հույս են հայտնում, որ Սերժը ականջալուր կլինի իր «ողջախոհ» թիմակիցներին, ու երկար սպասված «երկխոսությունը» կկայանա, իսկ Սերժն էլ հայտարարում է, թե գամ հրապարակ, որ ի՞նչ անեմ։

Փաստորեն, Րաֆֆին ուզում է «երկխոսացվել», բայց Սերժը չի ուզում։ Ավելի ճիշտ՝ Սերժն ուզում է, բայց էժանով, իսկ Րաֆֆին հայտարարում է, որ դա փշրանք է, այսինքն՝ ինքնանվաստացման գնով պատառ է ուզում։

Մի խոսքով՝ անհարմար բան է ստացվում։ 

Եթե այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ Րաֆֆիի՝ «Միայն իմ դիակի վրա» խոստում–շանտաժ–սպառնալիքը չի ենթադրում որևէ կոմպրոմիս և որևէ զիջում՝ բացի Սերժի ինքնաբացարկից կամ Րաֆֆիի, հեռու տնից տեղից, մահից, ապա պատկերն արդեն տրագիկոմիկական է դառնում։

Թե ինչպես են համատեղվելու դիակն ու «երկխոսությունը», մի քիչ դժվար է պատկերացնել։

Գագիկ Ջահանգիրյանի՝ թևավոր դարձած ձևակերպման համաձայն՝ հնարավոր չէ հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։ Րաֆֆին հույս ունի, որ հնարավո՛ր է։

Դե Րաֆֆին «կրեատիվ» մոտեցումների կողմնակից է. եթե ասում է հնարավոր է, ուրեմն հնարավո՛ր է։ Հո հենց այնպե՞ս չէր այդ կարգախոսն ընտրել։

Ի դեպ, մի ժամանակ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանն էլ էին մտածում, որ հնարավոր է «դհոլություն» անել ու ժողգործիք չդառնալ։ Նրանք էլ բավական «կրեատիվ» մտքի տեր անձնավորություններ էին ու հաջողացրին ՀՀԿ–ի հետ միասնաբար մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը