Տնտեսական

21.03.2013 13:33


ԱՊՊԱ կտրոնները հնարավոր է հանվեն

ԱՊՊԱ կտրոնները հնարավոր է հանվեն

Այսօր ընթացող ԱԺ նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այսպիսով, ոստիկանությունն առաջարկում է 2014 թվականից հանել ԱՊՊԱ կտրոնը։ Տեխզննության կտրոնին սա դեռևս չի վերաբերում։

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու և հակասությունները վերացնելու հանգամանքով:

Ասվում է, որ տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, որը և էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառութային պարտականություններով և հաշվառման գործողությունների կազմակերպման առումով քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ:

Բացի այդ, սեփականատերը պարտավոր է ԱՊՊԱ կտրոնը փակցնել տրանսպորտային միջոցի դիմապակուն, և դրա ժամկետը լրանալուց հետո այն փոխարինել գործող ԱՊՊԱ կտրոնով, իսկ նշված կարգը խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:

Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով նախատեսվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ: Միաժամանակ, հանվում են նաև ԱՊՊԱ կտրոն հատկացնելու մասին դրույթները:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից: Ինչ վերաբերում է ԱՊՊԱ կտրոնին, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այն այլևս չի հատկացվելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը