Մեկնաբանություն

20.03.2013 17:45


«Ժառանգության» ցուցակը և իշխանության երիտթևը

«Ժառանգության» ցուցակը և իշխանության երիտթևը

Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է խոսել Երևանի ավագանու ընտրություններում իրենց համամասնական ցուցակի մասին։ Նա ասել է, որ «Ժառանգության» ցուցակը կհրապարակվի այն ԿԸՀ հանձնելուց հետո միայն: Իսկ դա նշանակում է, որ բաց ու թափանցիկ գործելու խոստումով հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանը գալիք ընտրություններից առաջ ցուցակ է կազմում այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ` կիսագաղտնի պայմաններում։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հանրությունից ու կուսակիցների մեծ մասից թաքուն պահվող «Ժառանգության» ցուցակում կարող են հայտնվել իշխանության երիտթևի դրածոներն այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ։ Համենայնդեպս Րաֆֆիի թիմակիցներ Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը չեն թաքցնում, որ իրենց պայքարն իշխանության երիտթևին աջակցելուն է միտված, և իրենք ուզում են երկխոսել այդ թևի հետ։ 

Թե ինչ կստացվի «Ժառանգություն»–երիտթև համագործակցությունից այս անգամ, պարզ կդառնա մայիսի 5–ին ՝ քվեատուփերը բացելու օրը։

Հիշեցնեմ, որ նախորդ փորձի արդյունքում «Ժառանգությունը» մի կերպ հաղթահարեց պահանջվող նվազագույն տոկոսային շեմը՝ 5%, իսկ երիտթևին պատկանող մամուլը դրանից հետո «փչացրեց» Րաֆֆուն՝ մեղադրելով նրան այդքան աջակցությունից հետո նման ցածր արդյունքներ ապահովելու և ՀԱԿ–ի տեղն ընդդիմադիր դաշտում զավթել չկարողանալու համար։

Այժմյան իրադարձությունները «դեժավյու» զգացողություն են առաջացնում։

Մեկ տարի առաջ, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած ցուցակն անակնկալի էր բերել շատերին, քանզի ակնհայտ էր դարձել, որ այն կազմվել է ոչ առանց իշխանության մասնակցության։

Րաֆֆին գործարքի էր գնացել իշխանության հետ և Սերժի փեսա Միքայել Մինասյանի «մարդկանց» ներառել էր իր ցուցակում՝ հույս ունենալով բարձր տոկոսներ հավաքել և պատգամավորական շատ մանդատներ ստանալ։

Գործարքի առարկան հետևյալն էր. իշխանությունը տարատեսակ աջակցություն է ապահովում «Ժառանգությանը», իսկ վերջինս պարտավորվում է դուրս գալ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ը ներառող միասնական շտաբից և խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում ընդդիմադիր դիրքերից պայքարել ոչ թե ՀՀԿ–ի, այլ վերը նշված երեք կուսակցություններից հատկապես ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Այլ կերպ ասած՝ Րաֆֆու վրա դրված էր գեղամյանություն անելու ֆունկցիան։

Հարկ է նկատել, որ կողմերն ամբողջությամբ կատարեցին իրենց ստանձնած պարտավորությունները, սակայն ընտրողն այդ ամենը ֆիքսեց ու «ժառանգությունը» միայն իշխանության հետ «Համատեղ ջանք» ծրագրի շրջանակներում հայտնվեց ԱԺ–ում, իսկ հետագայում «Ժառանգություն» խմբակցության մեջ մնաց 2,5 հոգի։

Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ ամենայնի, հետևություններ չի արել և շարունակում է մնալ իշխանության երիտթևի կամ այլ կերպ ասած՝ երիտօլիգարխիայի շահերը սպասարկողի կարգավիճակում՝ գործիք դառնալով ներիշխանական գզվռտոցներում։

Այս ամենի մեջ մի քիչ դժվար է տեղավորվում «Միայն իմ դիակի վրա» հայտարարությունը, բայց Րաֆֆին «կրեատիվ» մարդ է, մի ելք կգտնի՝ իր քայլերը հիմնավորելու և ում որ հարկն է բարև տալու համար։ Հարցն այն է, թե արդյոք կկարողանա՞ նա հաղթահարել 6 տոկոսը։ Դա էլ թողնենք ընտրողի դատին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ժառանգություն» կուսակցությունում արդեն կան դժգոհություններ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացվող ցուցակային գաղտնիության մասով։ 

«Ժողովուրդ ջան, պետք է ազնվությամբ ասեմ, որ «Ժառանգության» կողմից Երևանի ավագանու համամասնական ցուցակի շուրջ կուսակցության վարչությունից դուրս (ակտիվի հետ, երիտասարդների հետ) քննարկումներ չկազմակերպելը, ինչպես նաև ցուցակը (այս պահին) գաղտնի պահելը համարում եմ հակաժողովրդավարական, ինչը, իր հերթին, չի կարող վատ չանդրադառնալ ցուցակի որակի վրա... Սա անընդունելի մոտեցում է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգության» անդամ Դանիել Իոաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը