Կարծիք

20.03.2013 02:01


Տիգրան Սարգսյանի պատասխանատվությունը

Տիգրան Սարգսյանի պատասխանատվությունը

Ներկայացնում ենք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ելույթն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին.

Հարգելի գործընկերներ,

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ ու խիստ մտահոգող է օրեցօր ավելացող արտագաղթի խնդիրը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը /հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին/ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 հազարով կամ 53,7%-ով և կազմել մինուս 22.100 մարդ, որը ռեկորդային ցուցանիշ է, բայց վատ իմաստով: Եվ սա ընդամենը երկու ամսվա տվյալներով, մինչդեռ վերջնականապես հիասթափվողների ու այս կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեցողների քանակը օր օրի ավելանում է, մարդիկ ամեն գնով ուզում են հեռանալ երկրից, հույս ունենալով, որ օտար երկրում գոնե կկարողանան հոգալ իրենց ու իրենց ընտանիքի մինիմալ կարիքները, որոնք մեր երկրում արդեն անհնար են դառնում շատերի համար:
Իսկ կառավարության անդամները ոչ միայն չեն փորձում կանխել ստեղծված աղետալի իրավիճակը, այլ պարբերաբար նախադրյալներ են ստեղծում հասարակության տարբեր շերտերի՝ ատամնաբույժների, տաքսիստների, անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողների, գրավաճառների ու բազմաթիվ այլ ոլորտների ներկայացուցիչների մոտ բողոքի նոր ալիքի բարձրացման համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վստահեցնում է, որ Հայաստանում կա տնտեսական 7%-անոց աճ: Անլրջության մակարդակն այնտեղ է հասել, որ պարզվում է ի տարբերություն եվրոպական երկրների, մենք այնքան հզոր տնտեսություն ունենք, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարողանում ենք աճ գրանցել, սակայն մեր երկրում ոչ ոք չգիտես ինչու չի նկատում, և մարդիկ շարունակում են հեռանալ դեպի վերոնշյալ «տնտեսական զարգացում չունեցող ու ճգնաժամ ապրող երկրներ»:
Այս ամենում գուցե մեղավորներ շատ կան, բայց գլխավոր պատասխանատուն հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ում արտահայտությունն այն մասին, որ ավելի լավ է դժգոհները լքեն երկիրը, քան մնան ու հեղափոխություն անեն, մարդկանց վերջնականապես տրամադրում է այս կառավարության դեմ: Կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ պատկերացնում են իրավիճակի լրջությունն ու օրեցօր դատարկվող Հայաստանին սպառնացող թե ներքին, թե արտաքին վտանգները: Այս ամենից ելնելով՝ մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ այս կառավարությունն իր ծրագրով հանդերձ երկիրը տարել է դեպի փակուղի: Անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որ կառավարության ծրագիրը բարի ցանկությունների դեկլարացիայից վերջապես վերածվի իրական ծրագրի, որով կարելի կլինի ոչ թե հորինված թվերով, այլ իրական փոփոխությունների միջոցով բարելավել ՀՀ քաղաքացիների կյանքի մակարդակն ու կանխել արտագաղթը: Իսկ այս ընթացքում Տիգրան Սարգսյանը օրինակ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու սահմանապահ զինվորներին այցելելու և գոնե որոշ հարցերի լուծում տալու փոխարեն՝ իր ժամանակն անցկացնում է ռոք ակումբներում զվարճանալով, ու դեռ հավակնում է մնալ վարչապետի պաշտոնում՝ էլ ավելի խարխլելով դժվարությամբ ձեռք բերված պետականության հիմքերը: Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում կդառնա ուժգին ապտակ մեր հասարակությանը առաջիկա տարիների համար:  

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը