Մեկնաբանություն

29.06.2009 13:50


«Համերը», Ահարոն Ադիբեկյանը և Գևորիկը

«Համերը», Ահարոն Ադիբեկյանը և Գևորիկը

Եթե փորձենք պատկերավոր ներկայացնել մեր ժամանակների սիմվոլները, ապա դրանք  կլինեն «Համեր» մեքենաներն ու Ահարոն Ադիբեկյանը։ Նախ երկուսն էլ անդուր են։ Իսկ ընդհանրապես, «Համերը» խորհրդանշում է  դրա տիրոջ չեղած մեծությունը, մեզանում տիրող ամենաթողությունը,  լկտիությունը և չափի զգացողության կորուստը։ Անշուշտ, ասվածը վերաբերում է ոչ բոլոր համերատերերին, բայց ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում։

«Սոցիոլոգ» Ադիբեկյանն էլ նույն ընկալումն ունի հանրության մեջ։ Նա էլ է մարմնավորում լկտիությունն ու չափի զգացողության կորուստը, և պատրաստ է մեծ- մեծ թվեր  նկարել իրեն վճարողների համար։ Այսինքն, Ադիբեկյանը մեր ժամանակների մեծապատիվ մուրացկան է դարձել։

90-ականների սկզբին նա դեռ նոր էր յուրացնում հայկական իրականության սոցիոլոգիայի «նրբությունները» և սխալմամբ գործակցում էր ոչ իշխանական Դաշնակցության հետ։ Հետո ամեն ինչ տեղն ընկավ։ Ադիբեկյանը դարձավ բացառապես պալատական սոցիոլոգ։ 1996-ին նա Լևոն Տեր-Պետրոսյանին էր քծնում ու կանխատեսում նրա շռնդալից հաղթանակը, 1998-ին սիահարվել էր Ռոբերտ Քոչարյանի ձեռքի «Ռոլեքս» ժամացույցին, իսկ այժմ նա մոլի սերժսարգսյանական է։

Ահարոնն արդեն, «Համերի» նման,  այնքան է չափն անցել,  որ պատրաստ է նույնիսկ  ՀՀՇ-ի Գևորիկի համար թվեր նկարել։ Միակ պայմանն  այն է,  որ Գևորիկը պետք է իշխանական թևից լինի։ Ու քանի որ Երևանի բնակիչները «կարկառուն» ՀՀՇ- ականին փողոցներում տեսնում են արդեն Հանրապետական կուսակցության  նշանը կրծքին (այդ ձևով Գևորիկի համար, երևի, ավելի հեշտ է փող ուզելը) ուրեմն հեռու չէ այն օրը, երբ Ահարոնը մոտ 60 տոկոս ձայն կնկարի ՀՀԿ-ի հետևորդ դարձած Գևորիկի օգտին։ Մնում է միայն սպասել, թե երբ իշխանությունները կգնան նման  կադրային քաղաքականության։ Դատելով ամեն ինչից՝ այդ օրը հեռու չէ։ Այսինքն Ահարոնին ծանր ժամանակներ են սպասում։ Իշխանությունը, նրան տված յուրաքանչյուր  վիտամինի դիմաց, բազում ծառայություններ է պահանջելու։ Բայց ինչ արած։ Ադիբեկյանն արդեն վաղուց անցել է այն սահմանագիծը, որից հետո մասնագիտական խիղճ կոչվածը որևէ արժեք ունի։ «Վճարիր և պահանջիր»՝ սա է Ադիբեկյանի աշխատանքի միակ սկզբունքը։ Իսկ  տնտեսական ճգնաժամն էլ ավելի է նրա մոտ ամրապնդում այդ սկզբունքի ճշմարտացիությունը և Ահարոնին մնում է միայն թուլանալ և  հաճույք ստանալ։

Ի դեպ, Ահարոնն իր այժմյան դերակատարմամբ՝ շատ է հիշեցնում Գևորիկին։ 90-ականների կեսերին՝ Գևորիկն ուներ մերձիշխանական ծաղրածուի կարգավիճակ։ Հաճախ էր պատահում այնպես, որ այն ինչ Գևորիկի բերանին էր՝ իշխանության մտքինն էր լինում։ Այսինքն Գևորիկի բերանով իշխանության որոշակի շրջանականեր լուրեր էին տարածում, իսկ հետո դա իրականություն էր դառնում։ Բոլորն էլ հասկանում էին, որ ոչ թե Գևորիկն է Նոստրադամուս, այլ պարզապես նրա ծաղրածուական բերանին հայտնվում է այն, ինչ ուզում է անել իշխանությունը, բայց առայժմ չի ուզում հայտարարել այդ մասին։

Հիմա Գևորիկի ծաղրածուական ֆունկցիան կատարում է Ահարոնը։ Բոլորն էլ հասկանում են, որ նրա սոցիոլոգիան կապ չունի իրականության հետ։ Պարզապես Ադիբեկյանը հայտարարում է այն թվերը, որոնք հուշում են իշանությունները։ Մնացածը լիրիկայի ոլորտից են։

Արմեն Կոստանյան

Այս խորագրի վերջին նյութերը