Մեկնաբանություն

16.03.2013 15:00


Ինչո՞ւ Միքայել Մինասյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին

Ինչո՞ւ Միքայել Մինասյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ երկխոսող և բարի ղեկավարը փորձ ունի իրեն մեկնած ձեռքերը սեղմելու։ Արտաշես Գեղամյանի ու մյուսների փորձը վկա։

Հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը, ձեռքը մեկնել է և պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

Առայժմ դժվար է ասել՝ Րաֆֆու ձեռքն օդո՞ւմ կմնա, թե՞ այդուհանդերձ կհպվի «ռահվիրայի» ձեռքին։ Դատելով ամենից՝ Սերժ–Րաֆֆի հետընտրական երկրորդ հանդիպման հավանականությունը մեծ է։

Ազատության հրապարակում Րաֆֆիի հետ «VIP սալոնում» զրուցելուց հետո Հովիկ Աբրահամյանն արդեն ֆիքսել է այն նշաձողը, որից այն կողմ իշխանությունը չի զիջելու՝ այդպիսով հասկացնելով թե ինչի շուրջ կարող է տեղի չունենալ երկխոսությունը և ինչի շուրջ կարող է տեղի ունենալ փոխզիջում կոչվածը։

Հիշեցնենք, որ Րաֆֆին էլ հացադուլից առաջ ի՛ր նշաձողի մասին էր հայտարարել՝ օգտագործելով «Սերժը կերդվի միայն իմ դիակի վրա» ձևակերպումը։

Մինչ կողմերը «նշաձողային» պայքարի ու երկխոսության թեմայի ճշգրտման մեջ են, Րաֆֆուն այցելել են տարբեր «ռանգի» ու «սորտի» մարդիկ։ Նույնիսկ ՕԵԿ ներկայացուցիչներն են եկել։

Ազատության հրապարակի րաֆֆիական նստարանի վրա չեն երևացել միայն նույն Արմեն Մարտիրոսյանի կողմից հանրահավաքի ժամանակ դրական ու բարձր գնահատականի արժանացած իշխանության ողջախոհ երիտասարդական թևի ներկայացուցիչները։

Ինչպես հայտնի է, իշխանության երիտասարդական թև ասելիս հասկացվում է Սերժի փեսա Միքայել Մինասյանի գլխավորած երիտօլիգարխիան։ Փաստորեն, Րաֆֆիի հանրահավաքում այդքան գովում են Սերժի շտաբի պետի տեղակալ աշխատած  Միքայելին ու իր թիմին, բայց նրանցից որևէ մեկը չի գալիս Րաֆֆուն տեսնելու։ Թերևս պատճառն այն կլինի, որ նորանշանակ դեսպանը ճամպրուկային տրամադրությունների մեջ է և պատրաստվում է դեպի Վատիկան թռիչքին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը