Մեկնաբանություն

16.03.2013 12:55


Ե՞րբ Սերժ Սարգսյանը կայցելի Րաֆֆիի «պուրակ»

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կայցելի Րաֆֆիի «պուրակ»

Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները կամաց–կամաց «դեժավյուի» զգացողություն են առաջացնում։ «Copy-paste» տարբերակով վերցված սցենարը պարզապես աչք է ծակում։  Այս ամենի «լայթ» տարբերակը գրեթե նույն դեմքերի մասնակցությամբ մենք արդեն տեսել ենք Մաշտոցի պուրակում։ Նմանություններն այնքան շատ են, որ էժանագին սերիալ են հիշեցնում։ Տարբերություններ, իհարկե, կան և չէին կարող չլինել, բայց դրանք ձևական բնույթ են կրում, այլ ոչ թե բովանդակային։

Ամենաֆունդամենտալ նմաննությունն այն է, որ «Բարևի» հեղափոխության դեպքում, ինչպես Մաշտոցի պուրակում, կոչ է արվում չքաղաքականացնել պայքարը և գովերգել այսպես կոչված քաղաքացիականությունը, ինչն անհեթեթություն է։ Եթե պուրակի պարագայում մեծ վերապահումներով կարելի էր ընդունել շոուն չքաղաքականացնելու մոտեցումը, ապա կեղծված ընտրություններից հետո հայտարարված հեղափոխությունը  չքաղաքականացնելու կոչն այլ բանի վկայություն է, եթե, իհարկե, բացառում ենք անմեղսունակության կանխավարկածը։

Հիմա էլ, ինչպես պուրակային «հերոսամարտի» ժամանակ, խնդիր է դրված այլընտրանքային «փողոց» ձևավորել և պայքարել բոլորի, բայց ոչ Սերժ Սարգսյանի դեմ։ «Ժառանգությունն» այդ առաքելությունը չկարողացավ իրականացնել ԱԺ ընտրությունների փուլում։ Նախագահական «ֆեյք» ընտրությունները երկրորդ փորձի հնարավորություն են տվել։ Պատահական չէ, որ «անկախ» մամուլն ամեն կերպ PR է անում Սերժ Սարգսյանին իբր հակադրվող Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ու պայքարում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Նույն կերպ էին նրանք վարվում պուրակային թամաշայի, խորհրդարանական ընտրությունների և նախագահականի քարոզարշավի ժամանակ։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։ Հը՞։

Բաղրամյան 26–ի  տակ կքած լրատվամիջոցների գործունեությանը հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանն են հայտարարել, թե Սերժը Վեհամոր Ավետարանի վրա կերդվի միայն իրենց դիակի վրա։ Ինչևէ։

Շատերին է հետաքրքրում, թե ինչով է ավարտվելու Րաֆֆու հերթական կամ արտահերթ հացադուլը։ Հարցի պատասխանը գտնելու համար՝ պետք է հիշել, թե ինչպես ավարտվեց պուրակային «հերոսամարտը»։

Մաշտոցի պուրակի հետ կապված թամաշայի կուլմինացիան տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այցելության տեսքով, երբ օգտագործվեց «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» թևավոր դարձած և բազմաթիվ անեկդոտներ ծնած խոսքը։

Սերժը դեռ Րաֆֆիի «պուրակ» չի եկել, բայց «զորավարի» և Հովիկ Աբրահամյանի այցերը հուշում են, որ դա չի բացառվում։ Մնում է միայն տեսնել, թե ո՞վ է այս անգամ արժանանալու «ազատամարտի ռահվիրայի» կշտամբանքին։

Եթե Մաշտոցի պուրակում Սերժը քաղաքապետարանին կոչ արեց ձև գտնել ու ապամոնտաժել «բուծիկները», ապա այս անգամ, ըստ ամենայնի, հակառակ բնույթի կոչ կանի Տարոն ջանին՝ թույլ տալ «բուծիկի», այն է՝ Րաֆֆիի համար նախատեսված վրանի մոնտաժումն Ազատության հրապարակում։ Դա Րաֆֆուն և «անկախ» լրատվամիջոցներին  լրացուցիչ հնարավորություն կտա շարունակել խոսել Սերժ Սարգսյանի բարության ու հանդուրժողականության և մյուսների չարության ու անհանդուրժողականության մասին։

Թե ինչ կլինի իրականում, կիմանանք շատ շուտով։ Ես քաղաքական դիակի հոտ եմ առնում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, «Րաֆֆիի պուրակ» սցենարում, ի համեմատ «Մաշտոցի պուրակի», դերային փոփոխություն կա ոստիկանների և ակտիվիստների միջև։ Եթե Մաշտոցի պուրակում «քաղաքացիականները» պայքարում էին «բուծիկներն» ապամոնտաժելու, իսկ ոստիկանները՝ ապամոնտաժում թույլ չտալու համար, ապա հիմա ճիշտ հակառակն է՝ ոստիկաններն են դեմ «բուծիկի» մոնտաժմանը, իսկ ակտիվիստները փորձում են տեղադրել Րաֆֆու «բուծիկը»։ «Հակամարտող» կողմերն Ազատության հրապարակում գրեթե նույն կազմով են փոթորիկ սարքում մեկ բաժակ ջրում և «էքշըն» ոճի կադրեր ապահովում բազմաչարչար յութուբադիտողների համար։ Չկան միայն դեղին «կասկաները» և Բազազը։ 

Նկատենք, որ ստեղծագործական մտքի պակասը համապատասխան կառույցում զգացնել է տալիս։ Դրամատիզմ չկա։ Չկա էմոցիա։ Չկա էքսպրեսիա։ Դերասանները ժամավճարով են աշխատում և գլուխ են պահում։ Ժանրի կրիզիսն ակնհայտ է։ Վիճակը կարող է փոխել միայն Րաֆֆու խոստումը՝ Սերժի երդումը թույլ տալ միայն իր դիակի վրա։ 

Այս խորագրի վերջին նյութերը